Թուրքիան արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը

Պաշտոնական Անկարան, արձագանքելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի կառավարության որոշմանը, Իսրայելի ղեկավարությանը մեղադրել է «պատմական ու իրավական իրողությունները անտեսելու և պաղեստինցիների դեմ իրականացրած գործողությունները քողարկելու մեջ»։ Հունիսի 28-ին այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որում մասնավորապես ասված է հետևյալը.
«Ամբողջ աշխարհի առաջ Պաղեստինի ժողովորդի դեմ համակարգված վայրագություններ իրականացնող և Միջազգային դատարանում Գազայում ապրողների դեմ ցեղասպանություն գործելու մեջ մեղադրվող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցանքները։
Իրավական ու պատմական իրողություններն անտեսող այդ չարամիտ փորձը ցույց է տալիս այն դժվարին իրավիճակը, որում հայտնվել են Նեթանյահուն և նրա հանցակիցները՝ հաշվի առնելով ձերբակալման օրդերը, որը նրանց դեմ տվել է Միջազգային քրեական դատարանը պաղեստինցիների դեմ գործած հանցանքների համար։
Թուրքիան կշարունակի վճռականորեն աշխատել՝ վերջ դնելու տարածաշրջանում Իսրայելի ծավալապաշտական և անկայունացնող քաղաքականությանը և պատասխանատվության ենթարկելու Նեթանյահուի կառավարությանը քաղաքացիական բնակչության, մասնավորապես՝ Պաղեստինի ժողովրդի դեմ իր հանցագործությունների համար»։
Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին պաշտոնապես քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին՝ հավանություն տալով արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի կողմից անցած շաբաթ ներկայացված բանաձևի նախագծին։
«Երբեք ուշ չէ ճիշտ քայլն անելու համար»,- քվեարկությունից հետո հայտարարել է Սաարը։
Բանաձևն այժմ ներկայացվելու է Իսրայելի խորհդարան՝ Կնեսետի լիագումար նիստ՝ վերջնական քվեարկության։
Կազմակերպություն
Հասանելի է
français









