Գլխավոր Լրահոս

Հայկական դպրոցները, Հրանտ Դինքը և Հայոց ցեղասպանությունը՝ ԵՄ-ի՝ Թուրիքայի տարեկան զեկույցում

Հայկական դպրոցները, Հրանտ Դինքը և Հայոց ցեղասպանությունը՝ ԵՄ-ի՝ Թուրիքայի տարեկան զեկույցում

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի

«Թուրքիայում հայկական դպրոցներին բանավոր տեղեկացրել են, որ այսուհետ նրանց չի թույլատրվի Հայաստանից աշակերտներ ընդունել, վերանայվել է արդեն ընդունված աշակերտների կարգավիճակը»,- ասում է Եվրամիության ընդլայնման՝ Թուրքիայի տարեկան փաթեթը։ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նոյեմբերի 4-ին Բրյուսելում ներկայացրեց Միությանն անդամակցելու թեկնածու ինը երկրների մասին զեկույցը։

Զեկույցն անդրադառնում է նաև 2026-ի ապրիլին, երբ Ստամբուլի նահանգապետարանն արգելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները։

Անդրադարձ կա նաև Հրանտ Դինքի սպանության դատական գործին․ «Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված պետական պաշտոնյաների գործի կրկնակի քննությանը վերաբերող դատական գործը դեռ Վճռաբեկ դատարանի վարույթում է»։

2025-ին Ստամբուլի դատարանը կրկնակի դատաքննության արդյունքում ինը մեղադրյալի դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ ոստիկանների և հետախուզական մարմինների նախկին աշխատակիցների։ Դինքի ընտանիքը բողոքարկել էր վճիռը՝ նշելով, որ սպանության բոլոր հանգամանքները բացահայտված չեն։ 2026-ի հունվարին վերաքննիչ դատարանը, սակայն, մերժել էր բողոքը՝ հիմնավորելով, որ ընտանիքը մեղադրանքի առնչությամբ անմիջական տուժող չի համարվում և բողոքարկելու իրավունք չունի։

Ընդհանուր առմամբ, Եվրամիությունը փոքրամասնությունների պաշտպանության իրավական և համակարգային շրջանակը Թուրքիայում որակում է թերի՝ նշելով, որ փոքրամասնության ներկայացուցիչները բախվում են ատելության և խտրականության։

Մարթա Կոսը Եվրախորհրդարանում ներկայացնում է ԵՄ ընդլայնման տարեկան փաթեթը
Բրյուսել, նոյեմբերի 4
Մարթա Կոսը Եվրախորհրդարանում ներկայացնում է ԵՄ ընդլայնման տարեկան փաթեթը Բրյուսել, նոյեմբերի 4

«Շարունակվել են ատելության խոսքի և ատելության շարժառիթով հանցագործությունների դեպքերը, որոնց հիմնական թիրախում են սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները»,- նշվում է զեկույցում։

Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ է ստացել 1999-ին։ Թեև այդ կարգավիճակը պաշտոնապես չի փոխվել, 2018-ին ԵՄ խորհուրդն արձանագրել է՝ բանակցությունները փաստացի կանգ են առել։

Հիմնական խոչընդոտներից է Կիպրոսի հարցում պարտավորությունների չկատարելը՝ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը։

Որպես պատճառներ նշվում են նաև ժողովրդավարության հետընթացը, մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի անկախության խնդիրները։

Այնուամենայնիվ, ԵՄ-ն Թուրքիայի հետ համագործակցում է առևտրի, միգրացիայի, անվտանգության և այլ ոլորտներում։ Թուրքիան նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ է։

Տե՛ս նաև՝ Հայաստանի եվրոպական ուղին կախված է Վրաստանից․ Իրակլի Կոբախիձե

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում