ՍԴ նախագահն անդրադարձել է Սեդա Սաֆարյանի հարցերի վերաբերյալ դիմողների պնդումներին

Սահմանադրական դատարանը մինչև հուլիսի 4-ը կհրապարակի ընթացիկ գործով որոշումը։ Այս մասին հունիսի 30-ին հայտարարել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ նշելով, որ դրանով է պայմանավորված դատարանի աշխատանքի խիտ ու լարված ռեժիմը։
Անդրադառնալով դիմող կողմի այն պնդումներին, թե ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցադրումից հետո բարձր դատարանից քաղաքական հայտարարություններ են հնչել, Արման Դիլանյանը հիշեցրել է նիստի ժամանակ իր տված գնահատականը, որ այդ գործելաոճը բխում է դատավորի պարտավորություններից․
«Դատավորն ի պաշտոնե գործի հանգամանքները պարզելու պարտականություն և լիազորություն ունի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, և դա նշանակում է, որ դատավորն ավելի ակտիվ մասնակցություն է ունենում պրոցեսում»,- ամփոփեց Դիլանյանը։
Արման Դիլանյանի փոխանցմամբ՝ գործի քննության շրջանակում այսօր ուսումնասիրվելու են գաղտնի փաստաթղթեր, ինչի պատճառով դատավարության այդ հատվածն անցկացվելու է դռնփակ։ Նիստին ներկա են լինելու միայն դատավորներն ու դատավարության մասնակիցները։
***
ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում է ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները:
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։











