Ընթացիկ տարում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ֆինանսական կատարողականը կազմել է 97,4 մլրդ դրամ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 30-ին ասուլիսի ժամանակ։ Նախարարը հայտնել է, որ այս տարվա հունվարից համակարգի շահառուների թիվն արդեն հասել է 1,7 մլն-ի:
«Ծառայություններից օգտվել է 842,750 անձ։ Սա բավական մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սկրինինգային և թե՛, ընդհանուր առմամբ, դեղերից օգտվելու, բժշկական ծառայությունների հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել։ Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է։ Ուզում եմ՝ այստեղ չշփոթենք. անձանց թիվը 842,750 է, ծառայությունների թիվը՝ 8 մլն 399 հազար 491։ Հասկանում ենք, որ մեկ անձը կարող է մի քանի ծառայություններից օգտվել»,- ասել է նախարարը։
Ավանեսյանը նշել է, որ Հայաստանում մինչև 2028-ը առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում կներառվի երկրի ողջ բնակչությունը, ինչի արդյունքում պետական պատվերի գործող ծրագիրը կդադարեցվիԼ
«Մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը»,- ասել է նախարարը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարեսկզբի 1,5 մլն ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է 183 օրից ավելի Հայաստանում գտնվող ռեզիդենտների, ինչպես նաև 200 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների ավելացմամբ:
Համակարգին ակտիվորեն միանում են նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց համար պարտադիր պահանջն ուժի մեջ է մտել հունիսի 20-ին։
Ընդլայնման հաջորդ փուլով՝ 2027-ի հունվարի 1-ից, ապահովագրությունը պարտադիր կդառնա քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների, տաքսու վարորդների և, անկախ աշխատավարձի չափից, բոլոր գրանցված աշխատողների համար, ինչը կավելացնի շահառուների թիվը ևս մի քանի հարյուր հազարով։
Առաջիկա բյուջետային քննարկումների արդյունքում կհստակեցվի պետության կողմից ամբողջությամբ սուբսիդավորվող քաղաքացիների նոր խմբերի ցանկը:
Հայաստանում համապարփակ առողջապահական ապահովագրության բարեփոխումը կմեկնարկել է 2026-ի հունվարի 1-ից։












