Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Չեչեն խառը մենամարտերի (MMA) մարտիկ Ջիհադ Յունուսովը, որը երկու կնոջ ծեծելուց հետո պայմանագիր էր կնքել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող լայնածավալ պատերազմին մասնակցելու համար, ըստ տեղեկությունների, զոհվել է ռազմաճակատում։ Այդ մասին հայտնել է չեչենական ընդդիմադիր NIYSO շարժումը։
NIYSO-ն Յունուսովի մահվան մասին հայտնել է հունիսի 29-ին։ Այլ աղբյուրներ մինչ այժմ չեն հաստատել այդ տեղեկությունը։
Տե՛ս նաև՝ Չեչնիայում ակումբից հեռացված մարտիկը կմեկնի Ուկրաինա՝ Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցելու
«Սկզբում պայմանավորվածություն կար, որ Յունուսովը չի մասնակցելու գրոհային գործողություններին և իր պայմանագրային ծառայությունը կանցկացնի առաջնագծից հեռու։ Սակայն տեղ հասնելուց հետո նա վիճել է հրամանատարի հետ։ Վերջինս հարցը լուծել է ռուսական բանակին բնորոշ ձևով՝ պարզապես իր ենթակային ուղարկելով այնպիսի տեղ, որտեղից սովորաբար չեն վերադառնում»,- պնդում է շարժումը։
Յունուսովը նախկինում եղել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ կապված «Ախմատ» մարտական ակումբի անդամ։
Նրան հեռացրել էին ակումբից հարևանուհիների վրա հարձակվելուց հետո։ Դեպքի տեսագրությունում երևում է, թե ինչպես է Յունուսովը իր ձեռքում պահած բաժակից սուրճ լցնում տարեց կնոջ վրա, այնուհետև հարվածում և ոտքերով հարվածներ հասցնում նրան։
Երբ կնոջ դուստրը դուրս է եկել բնակարանից և փորձել միջամտել, Յունուսովը հարձակվել է նաև նրա վրա։
«Ախմատ» մարտական ակումբը դատապարտել էր Յունուսովի արարքը և տեսանյութի հրապարակման օրը հայտարարել նրա հեռացման մասին։
Ակումբի հայտարարության համաձայն՝ այդ որոշումը կայացվել էր Չեչնիայի կառավարության փոխնախագահ և սպորտի նախարար Ախմատ Կադիրովի՝ Չեչնիայի ղեկավարի որդու հանձնարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում էր, որ Յունուսովի վարքագիծը «չի համապատասխանում այն բարոյական, հոգևոր և էթիկական չափանիշներին», որոնց հետևում է ակումբը։
Տե՛ս նաև՝ Կանանց ծեծի ենթարկելու պատճառով Կադիրովի «սիրելի» մարտիկը հեռացվել է ակումբից
Դեպքից հետո Չեչնիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ սկսել է ստուգում, իսկ կառավարության փոխնախագահ Ախմեդ Դուդաևը վստահեցրեց, որ Յունուսովը պատասխանատվության է ենթարկվելու օրենքի համաձայն։
Սակայն քրեական գործ հարուցելու մասին որևէ հրապարակային տեղեկություն չի եղել։
35-ամյա Յունուսովը Չեչնիայի ամենահայտնի MMA մարտիկներից էր։
Չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովի խոսքով՝ Յունուսովը նաև «Կադիրովի սիրելիներից մեկն էր»։
Նրա մարզական հաջողությունների թվում են հաղթանակներ ռուս և արտասահմանցի մարզիկների նկատմամբ, այդ թվում՝ բրազիլացի Լեոնարդո Լիմբերգերի և վրացի Պաատա Ռոբախիձեի դեմ։
Նա նաև մարտական սամբոյի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր էր և ԱՊՀ-ի ջիու-ջիցուի չեմպիոնական գոտու տեր։
Յունուսովն առավել ակտիվ հանդես էր գալիս «Ախմատ» ակումբի հետ կապված WFCA և ACA լիգաներում։ 2021-ին նա տարավ մի շարք նշանակալի հաղթանակներ, սակայն հետագայում նրա արդյունքները վատթարացան։
Նրա վերջին պաշտոնական մենամարտը 2024-ի օգոստոսին էր՝ ACA 178 մրցաշարում, որտեղ մրցավարների որոշմամբ նա պարտվեց Հաֆիզ Սակիբեկովին։
Դա նրա երրորդ անընդմեջ պարտությունն էր։
Դրանից հետո Յունուսովը փաստացի անհետացավ պրոֆեսիոնալ մրցաշարերից, թեև 2026-ի սկզբին իր հետևորդներին հայտնել էր, որ հանդիպել է ACA-ի ղեկավարության հետ և ակնարկել հնարավոր վերադարձի մասին։ Սակայն նոր մենամարտ պաշտոնապես այդպես էլ չէր հայտարարվել։
«Ախմատ» ակումբը խառը մենամարտերի կազմակերպություն է, որը հովանավորվում է Չեչնիայի իշխանությունների կողմից։ Այն կրում է Չեչնիայի նախկին նախագահ Ախմատ Կադիրովի անունը և պարբերաբար մասնակցում է հանրապետությունում անցկացվող մարզական միջոցառումներին։
Ակումբը համարվում է Չեչնիայի իշխանությունների մարզական քաղաքականության խորհրդանիշներից մեկը։ Դրա ներկայացուցիչները բազմիցս մասնակցել են MMA մրցաշարերի, իսկ մարտիկները հաճախ ներկա են եղել Կադիրովի և նրա շրջապատի մասնակցությամբ միջոցառումներին։
2022-ի փետրվարին Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո Չեչնիայի իշխանությունները ակտիվորեն աջակցում են հանրապետությունից մարտիկների ուղարկմանը պատերազմ։
Պարբերաբար հայտարարվում է կամավորների հավաքագրման, զինվորների պատրաստման և ստորաբաժանումների՝ ռազմաճակատ ուղարկելու մասին։
Միևնույն ժամանակ, իրավապաշտպաններն ու անկախ լրագրողները բազմիցս հաղորդել են պատերազմի մասնակցելու նպատակով հանրապետության բնակիչների նկատմամբ ճնշումների մասին։
Չեչնիայի իշխանությունները հերքում են հարկադիր զորակոչի մասին պնդումները՝ հայտարարելով, որ մարտիկները մեկնում են բացառապես կամավոր։
NIYSO-ն չեչենական ընդդիմադիր շարժում է, որը դեմ է հանդես գալիս Ռամզան Կադիրովի քաղաքականությանը։
Շարժումը հրապարակում է Չեչնիայում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ, սակայն դրա որոշ պնդումներ անկախ աղբյուրների կողմից չեն հաստատվել։
2025-ի հոկտեմբերին NIYSO-ն ճանաչվել է ծայրահեղական կազմակերպություն։












