Գլխավոր Լրահոս

Հայաստանից Եվրամիություն արտահանումնեի 80%-ը կազատականացվի. Ֆոն դեր Լայեն

Հայաստանից Եվրամիություն արտահանումնեի 80%-ը կազատականացվի. Ֆոն դեր Լայեն

Բրյուսելը կազատականացնի դեպի Եվրամիության շուկաներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը և կտրամադրի ֆինանսական փաթեթներ՝ օգնելով Երևանին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունը և դիմակայել Մոսկվայի կողմից աճող ճնշումներին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Երևանում հունիսի 2-ի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով տարածաշրջանային բարդություններին ու Հայաստանի տնտեսական խոցելիությանը՝ Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է եվրոպական կառույցների պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին վերակողմնորոշել իր տնտեսական կապերը:

«Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, որոնք համարյա սահմանակից են տնտեսական բռնությանը։ Բայց վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս և քայլ է անում»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։

ԵՄ-ն նվազեցնում է Հայաստանի կախվածութունը ՌԴ-ից

Որպես Ռուսաստանից տնտեսական կախվածության թուլացման գործնական քայլ՝ ԵՄ-ն Հայաստանի համար կներդնի Ինքնավար առևտրային միջոցներ (Autonomous Trade Measures), որոնք զրոյացնելու են մաքսատուրքերը հայկական ապրանքների գերակշիռ մասի համար:

«Այս միջոցները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80%-ը դեպի Եվրոպական Միություն... Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես կախված են ռուսական շուկայից, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 մլն սպառողների ընդգրկմամբ»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ դա կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի և խմիչքների գրեթե ամբողջ ծավալի համար, որոնք նախկինում հիմնականում արտահանվում էին Ռուսաստան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել այս որոշումը՝ ընդգծելով, որ այն բացառիկ հնարավորություն է երկրի համար։

«Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական Միությունը կկիրառի այս գործիքը»,- ասել է Փաշինյանը հույս հայտնելով, որ այս մեխազնիմը հնարավորինս սեղմ ժամկետներում կգործարկվի, հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների դինամիկային՝ ՀՀ կառավարության ղեկավարն արձանագրել է. «Հայաստանը և Եվրոպական միությունը մոտ են իրար առավել, քան երբևէ: Այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։ Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը»։

Տնտեսական դիմակայունության բարձրացման շրջանակներում, որն այժմ առավել արդիական է քաղաքական տարաձայնություններով պայմանավորված Ռուսաստանի առևտրային սահմանափակումներին բախվող Հայաստանի համար, ֆոն դեր Լայենը մանրամասնել է տրամադրվող ֆինանսական աջակցության նպատակային ուղղությունները՝ ընդգծելով հատկապես նոր դրամաշնորհային փաթեթի դերը:

«Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո՝ օգնելու ամրացնել և բազմազանեցնել ձեր առևտուրը: Ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ պարզաբանելով, որ այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրո օժանդակության փաթեթի, որի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի սկզբին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

Իր հերթին վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ հույս հայտնելով, որ արտահանումների խթանման ուղղությամբ աջակցությունը կլինի շարունակական:

Նոր փաթեթ՝ 200 մլն եվրո արժողությամբ

Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է 200 միլիոն եվրո արժողությամբ «Գլոբալ դարպասներ» (Global Gateway) նոր փաթեթի մասին, որն ուղղված է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանը։ Միջազգային ֆինանսական գործընկերների հետ համատեղ ռազմավարական տրանսպորտային, էներգետիկ և թվային ծրագրերի ֆինանսավորումը Հարավային Կովկասում կարող է հասնել մինչև 2 միլիարդ եվրոյի: Ի լրումն, կգործարկվի ևս 20 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր՝ ուղղված սահմանամերձ համայնքների տնտեսական դիմակայունության բարձրացմանը:

Փաշինյանն իր հերթին վերահաստատել է կապակցվածության ոլորտում ձեռք բերված առաջընթացը՝ շեշտելով հարևան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ էներգետիկ կապուղիների կառուցման, ինչպես նաև Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի նախագծին Հայաստանի միանալու կարևորությունը՝ որպես երկրի էներգետիկ անվտանգության և արագ «կանաչ անցման» գրավական:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում