Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը հեռացվել է Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու հուլիսի 6-9-ը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։
Միջոցառման պաշտոնական կայքում նշված էր, որ վարչապետը նաև ելույթ կունենա այդ միջոցառման ժամանակ։
Միջոցառմանը ներկա կգտնվեն նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը և փոխվարչապետ Դենիս Մանտուրովը: Բացի այդ, ցուցահանդեսի բանախոսների թվում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև այս տարվա գործընկեր երկրի՝ Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարը:
***
2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։
Այս լարվածության ֆոնին, նախօրեին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միխայիլ Միշուստինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։
«ՀՆԱ-ի առնվազն 14% անկում», «էներգակիրների գների կտրուկ բարձրացում», «կոշտ վերահսկողություն ենթակառուցվածքների նկատմամբ»․ սրանք խորհրդարանակա քարոզարշավի ժամանակ ռուս պաշտոնյաների կողմից հնչող զգուշացումներն են Հայաստանին։
Ռուսաստանը Հայաստանին սպառնում է հիմնականում տնտեսական գործիքակազմով։ Մոսկվայի դժգոհությունը հատկապես հայտեց մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովներից հետո։ Առաջին գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը Երևանից Մոսկվային զգուշացրեց, որ մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի շքերթի վրայով կարող են անցնել ուկրաինական դրոններ։
Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունվել է 2025-ի մարտին, սակայն Ռուսաստանը դրա մասին հատկապես հիշել է նախընտրական այս օրերին։
Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է: ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր շուկան ու առևտրական գործընկերը: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի 2026-ի հունվար-մարտ ամիսների տվյալների՝ 2026-ի առաջին եռամսյակում Հայաստանի արտահանումները ՌԴ կազմել են 36,3 տոկոս, իսկ ԵՄ՝ 14,1 տոկոս։ Ընդ որում, արտահանման ծավալները ավելացել են 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այս տարվա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության չորս երկրները հայտարարեցին, որ Հայաստանի անդամակցության հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Նրանք Հայաստանի իշխանությանը հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ԵԱՏՄ-ի կանոնակարգերով անդամ երկրի դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն տվյալ պետության կողմից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։











