«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատներ ստանալու կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից, իսկ Սահմանադրական դատարանը, ունենալով հնարավորություն, չի կանգնեցրել «ձայնագողությունը»։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը հուլիսի 4-ին ՍԴ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ՍԴ որոշմանը։
«Սահմանադրական դատարանն ուներ պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որովհետև դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ արձանագրել էի, որ այս բողոքարկումը որակապես տարբերվում է մնացած բողոքարկումներից»,- ասել է Օրբելյանը։
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:
Օրբելյանը հայտարարել է, որ դատական գործի շրջանակներում հստակ ցույց են տրվել թույլ տրված խախտումները, և ՍԴ-ն կարող էր վերահաստատել դրանք՝ բարձրացնելով վստահությունը դատական համակարգի նկատմամբ։
Նա համոզմունք է հայտնել, որ իրենց ներկայացրած փաստարկները եղել են համոզիչ, իսկ ներկայացված ապացույցների ուսումնասիրությունը միանշանակ ենթադրում էր, որ առնվազն ԲՀԿ-ն պետք է ստանար մանդատներ։
«Ցավոք սրտի, մենք չունեցանք այն, ինչը կարող էինք ունենալ, Սահմանադրական դատարանը կարող էր վերահաստատել այդ խախտումները, որը շատ հստակ միանշանակ ցույց էր տրվել դատական գործի շրջանակներում և դրանով իսկ բարձրացնել վստահությունը դատական համակարգի։ Ժամանակը կանցնի որոշ ժամանակ հետո, կպարզվի այլ ինչ հանգամանքներ են ազդել նմանատիպ որոշում կայացնելու վրա»,- ասել է նա։
Անդրադառնալով դատարանի կազմին՝ Օրբելյանը հիշեցրել է, որ ՍԴ բոլոր դատավորները նշանակվել են մեկ քաղաքական ուժի կողմից, ինչը տեղի է ունեցել Սահմանության ոչ իրավաչափ փոփոխության արդյունքում։ Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի որոշումները միշտ իրավաքաղաքական են, սակայն ընտրական վեճերով ՍԴ-ն հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարան և պետք է լիներ անկողմնակալ արբիտր, այլ ոչ թե փորձեր շրջանցել դիմողի արգումենտները։
***
ՍԴ-ն հունիսի 26-ից բանավոր ընթացակարգով քննում էր ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկող յոթ քաղաքական ուժերի դիմումները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունն ավարտվել էր հունիսի 1-ին, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:
Հունիսի 7-ին ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհդարան են անցնում երեք ուժ՝ «Քաղաքացիական խայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ մոտ էր անցողիկ շեմին, սակայն վերահաշվարկի ընթացքում ԿԸՀ-ն չեղյալ համարեց երեք ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում ԲՀԿ-ն կորցրեց 213 քվե։ Ընտրական օրենսգրքի փորձագետները նշում են, որ ԿԸՀ-ի՝ այդ տեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումն իրավաչափ չէր։
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Ձայների չնչին տարբերությամբ 4% անցողիկ շեմը չհաղթահարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պահանջով սկսվել էր ընտրությունների արդյունքների վերահաշվարկ։ ԲՀԿ-ին ընտրությունների նախնական արդյունքներով մի քանի տասնյակ ձայն էր պակասում 4-տոկոսանոց շեմը հաղթահարելու և խորհրդարան անցնելու համար։ Վերահաշվարկի և տեխնիկական սխալների շտկման արդյունքում ԲՀԿ ձայները ավելացել էին 147-ով։ Քվեարկության արդյունքները անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ԲՀԿ-ն 222 ձայն էր ստացել, որոնք պակասել էին արդյունքները չեղարկելուց հետո։ Սա նշանակում էր, որ այն ընտրատեղամասերում, որտեղ քվերակության արդյունքները անվավեր էին ճանաչվել ԿԸՀ-ի կողմից, վերաքվեարկության կազմակերպման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ամենայն հավանականությամբ կանցներ խորհրդարան։












