Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ ընդգծելով, որ հուլիսի 5-ը հնարավորություն է վերաիմաստավորելու անցած ճանապարհը և վերահաստատելու ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։
Դիլանյանի խոսքով՝ Սահմանադրությունը ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է, որի նկատմամբ հանրային վստահությունն այն վերածում է պետության կայունության, իրավական կանխատեսելիության և հանրային համերաշխության ամուր հենասյան։
Նա նաև նշել է, որ սահմանադրական մշակույթը ձևավորվում է ոչ միայն պետական մարմինների և դատարանների գործունեությամբ, այլև քաղաքացիների իրավագիտակցությամբ, կրթական համակարգի աշխատանքով և հանրային երկխոսությամբ։
Հուլիսի 5-ի Սահմանադրության օրվա ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նոր Սահմանադրության ընդունման օրակարգին։












