«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է իշխանության կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները։
«Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը՝ որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն։ Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն»,— ասված է նոր ձևավորվող խորհրդարանում մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժի հայտարարության մեջ։
Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն այսօր քննադատել են տարբեր կուսակցություններ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական միավորն էլ հայտարարել է, թե՝ «Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը»։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդը ձերբակալվել է, և առաջիկայում դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդություն։ Նրա խոսքով՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ։
Մինչդեռ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ 2022-2024-ին առերևույթ կատարվել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը շուրջ 8,1 միլիարդ դրամ արժողությամբ գույքի հափշտակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման մասին է։ ՔԿ-ն նաև հայտնել է, որ իրականացվել են ավելի քան 70 խուզարկություններ, իսկ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։











