«Հայաստան» դաշինքը հուլիսի 6-ին հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության առնչությամբ՝ այն որակելով բացահայտ քաղաքական հաշվեհարդար։
Դաշինքը հայտարարել է, որ դատապարտում է ոչ միայն Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, այլև նրա ընտանիքի անդամներին պատկանող ձեռնարկություններում հուլիսի 6-ին իրականացված իրավապահ գործողությունները։
Հայտարարության մեջ նշվում է, որ ուժային կառույցները վերածվել են «քաղաքական մահակի», իսկ ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող գործողությունները, ըստ դաշինքի, դուրս են իրավական տրամաբանությունից և արտացոլում են իշխանությունների վախերը։
«Սեփականության իրավունքի ոտնահարումն ու տնտեսական տեռորը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին և տնտեսական անվտանգությանը։ Ակնհայտ է, որ այսպիսի գործողություններով իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը և հակապետական նպատակների իրագործման ճանապարհին վերացնել հնարավոր դիմադրության բոլոր օջախները»,- ասված է հայտարարության մեջ։
Դաշինքը նաև աջակցություն է հայտել Գագիկ Ծառուկյանին և, իր ձևակերպմամբ, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Միաժամանակ կոչ է արել միջազգային դերակատարներին ուշադրություն դարձնել Հայաստանում ստեղծված իրավիճակին և, իրենց գնահատմամբ, կանխել երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ ԲՀԿ առաջնորդը ձերբակալվել է, և առաջիկայում դատարան կներկայացվի նրան կալանավորելու միջնորդություն։ Նրա խոսքով՝ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության և փողերի լվացման օժանդակության հոդվածներով, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ։
Մինչդեռ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ 2022-2024-ին առերևույթ կատարվել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում։ Ըստ ՔԿ-ի՝ խոսքը շուրջ 8,1 միլիարդ դրամ արժողությամբ գույքի հափշտակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված միջոցների օրինականացման մասին է։ ՔԿ-ն նաև հայտնել է, որ իրականացվել են ավելի քան 70 խուզարկություններ, իսկ Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է դատարան ներկայացնելու նպատակով։











