Medianews.site-ը հուլիսի 6-ին հրապարակել է «Դոդի Գագոն առաջին ծիծեռնակն է այն ամենի, ինչ սպասվում է քրեաօլիգարխիկ կլանին․ Օհանյան» վերտառությամբ հոդված, որն իբր ներկայացնում է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Օհանյանի գրառումը։
«Տարիներ շարունակ մարդկանց ահաբեկող, ունեզրկող ու մարդկանց վրա կրակող Գագոն պետք է պատասխան տա օրենքի առաջ»,- ասված է Աննա Օհանյան օգտատիրոջ գրառման մեջ։
Աննա Օհանյանն իրական անձ չէ, այլ կեղծ օգտահաշիվ։ #CivilNetCheck-ը դեռ ապրիլին բացահայտել էր, որ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Medianews.site-ը ընդդիմադիր ուժերին թիրախավորող քաղաքական բովանդակություն տարածելու համար օգտագործում է կեղծ և նույնիսկ իրականում գոյություն չունեցող օգտահաշիվներ։
Տե՛ս նաև՝ MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը
Հետաքննության հրապարակումից հետո կայքը որոշ ժամանակով դադարել էր տարածել բացահայտված հաշիվների գրառումները, սակայն հունիսի սկզբից վերադարձել է նույն գործելաոճին՝ այժմ հիմնականում օգտագործելով «Աննա Օհանյան» էջը։
Կարճ դադարից հետո՝ վերադարձ նույն գործելաոճին
Հունիսի սկզբից Medianews.site-ը հրապարակել է այս օգտահաշվին վերագրվող ինը գրառում։ Դրանց մի մասը ընդդիմադիր գործիչներին քննադատող կամ ծաղրող բովանդակություն ունի, մյուսները ներկայացվում են որպես կանխատեսումներ, օրինակ՝ «Ռոբ, պատրաստվիր, հաջորդը դու ես․․․ Աննա Օհանյան» և «Նարեկ, ընտրակաշառքի գործով շուտով հայտնվելու ես բանտում․ Օհանյան»։
Հատկանշական է, որ երբ #CivilNetCheck-ը Գագիկ Ծառուկյանին վերաբերող նյութը նկատել է Medianews.site-ի կայքում, «Աննա Օհանյանի» ֆեյսբուքյան գրառումն ուներ ընդամենը չորս հավանում։ Մինչդեռ հոդվածի վերածված նույն բովանդակությունը տարածվել է Medianews-ի ֆեյսբուքյան երկու էջերում, որոնցից մեկն ունի շուրջ 99,000, մյուսը՝ 266,000 հետևորդ։ Այսպիսով, գրեթե աննկատ մնացած գրառումը մեծ լսարան ունեցող մեդիահարթակների միջոցով ներկայացվել և տարածվել է որպես «հանրային կարծիք»։
Medianews.site-ում հրապարակվելուց հետո նույն բովանդակությունը հայտնվում է նաև fbnews.am կայքում, ապա` ֆեյսբուքյան տարբեր խմբերում՝ Հետաքրքիր Լուրեր, Arminfo, ArmNews և «Երկիր Նաիրի»։ Այս կերպ, կեղծ օգտահաշվի սահմանափակ հասանելիություն ունեցող գրառումը բազմապատկվում է տարբեր հարթակներում և հասնում շատ ավելի լայն լսարանի։

ԱԲ-ով ստեղծված դեմք և չհաստատված ինքնություն
Նախորդ հետաքննությամբ #CivilNetCheck-ը պարզել էր, որ «Աննա Օհանյանի» էջում հրապարակված երեք անձնական լուսանկարներն էլ մեծ հավանականությամբ ստեղծված են արհեստական բանականությամբ։ Հետաքննության ընթացքում #CivilNetCheck-ը գրել էր նաև օգտահաշվին՝ փորձելով պարզել դրա իրական ինքնությունն, սակայն որևէ արձագանք չէր ստացել։ Հետևաբար օգտահաշվի հետևում իրական անձի առկայությունը որևէ կերպ չի հաստատվել։

Բացահայտումից հետո Medianews.site-ը որոշակիորեն փոխել է գործելաոճը։ Եթե նախկինում ակտիվ օգտագործվում էին բազմաթիվ կեղծ հաշիվներ, ապա այժմ կայքը գրեթե բացառապես վերահրապարակում է «Աննա Օհանյանի» գրառումները։ Մյուս բացահայտված հաշիվներից այս ընթացքում հրապարակվել է միայն «Արամ Սահակյանին» վերագրվող մեկ գրառում, որը նույնպես վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին՝ «Գագոն մնաց կոտրած տաշտակի առաջ․ Սահակյան» վերնագրով։
«Աննա Օհանյանի» և Տարոն Չախոյանի գրառումների համընկնումները
Նոր հրապարակումներում ևս նկատվում են «Աննա Օհանյան» էջի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի բովանդակության համընկնումներ։ Հունիսի 26-ին Medianews.site-ը հրապարակել էր «Ասեցին հանրահավաք են անելու, գնացին կրկես․ Չախոյան» և «Քաղաքական ծաղրածուների հետ հանդիպման վայրը չի փոխվել․ համեցեք կրկես» հոդվածները։ Չախոյանի և «Աննա Օհանյանի» գրառումներում ոչ միայն ձևակերպումներն էին գրեթե նույնական, այլև օգտագործվել էր նույն՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերը։

«Աննա Օհանյան օգտատիրոջ ընկերների ցանկում կա Տարոն Չախոյանը։ #CivilNetCheck-ի նախորդ հետաքննությամբ հայտնաբերված արխիվային դոմեյնային տվյալները ցույց էին տվել, որ Medianews.site-ը հիմնադրման պահին գրանցված է եղել Չախոյանի անունով և կոնտակտային տվյալներով, թեև նա հետևողականորեն հերքում է իր կապը կայքի հետ։

Նախորդ հետաքննությունը ցույց էր տվել նաև, որ կեղծ օգտահաշիվների գրառումների և Medianews.site-ի հոդվածների հրապարակման միջև հաճախ ընդամենը մի քանի րոպե տարբերություն կա։ Նման սինխրոնիզացիան դժվար է բացատրել բնական տեղեկատվական հոսքով և կարող է վկայել, որ հաշիվներն ու կայքը կառավարվում են նույն կենտրոնից կամ գործում են սերտ համակարգմամբ։ Հետաքննության հրապարակումից հետո բացահայտված օգտահաշիվներից որևէ մեկի հետևում կանգնած անձ ևս #CivilNetCheck-ի հետ կապ չէր հաստատել կամ ներկայացրել իր ինքնությունը հաստատող տեղեկություն։
Այսպիսով, չնայած հրապարակային բացահայտմանը, Medianews.site-ը կարճատև դադարից հետո վերադարձել է նույն մեխանիզմին՝ կեղծ կամ չհաստատված ինքնությամբ օգտահաշիվների միջոցով ընդդիմադիր գործիչներին թիրախավորող գրառումները վերածելով լրատվական նյութերի և դրանք տարածելով որպես «հանրային կարծիք»։
Նելլի Լազարյան
CivilNetCheck











