Սոցիալական ցանցերում հուլիսի 6-ից տարածվում է պնդում, թե Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Բրյուսելը չի պատրաստվում իր շուկան բացել հայկական ապրանքների համար և մտադիր է միայն աջակցել այլ շուկաներ գտնելու հարցում։
«Հայ ֆերմերները դեռ չէին հասցրել ուրախանալ, երբ եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդես եկավ մի հայտարարությամբ, որը կարելի է «սառը ցնցուղ» անվանել․ Բրյուսելը մտադիր չէ իր շուկան բացել հայկական ապրանքների ուղղակի գնումների համար։ Փոխարենը՝ «կաշխատենք կապերի ամրապնդման ուղղությամբ» և «կգտնենք աջակցության ուղիներ»»,- ասվում է ռուսալեզու մի շարք տելեգրամյան ալիքներում տարածված հրապարակումներում և ֆեյսբուքյան էջերում։

Մինչդեռ, #CivilNetCheck-ը Մարթա Կոսի պաշտոնական հրապարակումներում և ԵՄ հաղորդագրություններում նման հայտարարություն չի գտել։ Հակառակը՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ֆոնին, Կոսն ու ԵՄ այլ պաշտոնյաներ խոսել են Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման, առևտրային կապերի ընդլայնման և հայկական ապրանքների՝ ԵՄ շուկա մուտքը հեշտացնելու հնարավորությունների մասին։
Ի՞նչ են իրականում հայտարարել ԵՄ պաշտոնյաները Հայաստանին օգնելու մասին
Մարթա Կոսը հունիսի 14-ին X-ի իր էջում անդրադարձել էր Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշումներին և նշել, որ ԵՄ անդամ պետությունների հետ քննարկվելու են Հայաստանին հետագա աջակցության ուղիները։
«Մենք կտրամադրենք ֆինանսական աջակցություն և կօգնենք Հայաստանին ավելի հեշտ առևտուր իրականացնել հարևանների ու Եվրոպայի հետ»,- գրել էր նա։
Russia continues to intensify pressure on Armenia, trying to influence the country away from the democratic choice made by its people in the last elections.
— Marta Kos (@MartaKosEU) June 14, 2026
I met Foreign Minister @AraratMirzoyan ahead of tomorrow’s Foreign Affairs Council, where we will discuss with Member… pic.twitter.com/ubtWxsYxLp
Հուլիսի 2-ին՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում, հայտարարվեց Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացմանն ուղղված նոր աջակցության մասին։
Ֆոն դեր Լեյենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը շուտով կստանա լրացուցիչ 18 մլն եվրո։ Ըստ նրա՝ դա առևտրի ամրապնդման և դիվերսիֆիկացման համար նախատեսված 52 մլն եվրոյի աջակցության փաթեթի վերջին մասն է և կարող է ուղղվել, օրինակ, արտահանման խթանման գործակալության ստեղծմանն ու հայկական բիզնեսների արտահանման կարողությունների զարգացմանը։
Եվրահանձնաժողովը նաև առաջարկ է ներկայացրել Հայաստանին ինքնավար առևտրային միջոցներ տրամադրելու վերաբերյալ։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ առաջարկի ընդունման դեպքում դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը կազատվի մաքսատուրքերից։
Ֆոն դեր Լեյենը նշել էր, որ առաջարկվող միջոցները կարող են ԵՄ շուկա մուտքի հնարավորություն տալ Ռուսաստան արտահանվող հայկական թարմ գյուղմթերքի, մրգերի և բանջարեղենի շուրջ 99%-ին, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 90%-ին։
Մարթա Կոսը X-ի իր էջում նույնպես գրել է, որ առաջարկվող առևտրային միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը և կօգնեն ձեռնարկություններին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը։
Կոսը հուլիսի 6-ին ևս գրառում էր արել՝ ցուցադրելով հայկական ծիրանից պատրաստած մուրաբան և նշել, որ Ռուսաստանը փորձել է ազդել Հայաստանի ընտրությունների վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը, իսկ ԵՄ-ն, ի պատասխան, օգնել է Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ ապրանքներից շատերի համար։
«Երբ սուպերմարկետ գնաք, ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ կեռասին։ Դա փոքր քայլ է, որը կարող է օգնել հայ ֆերմերներին և աջակցել նրանց երկրի ժողովրդավարական ընտրությանը»,- գրել էր Կոսը։
Սակայն ինչպես Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 2-ին պարզաբանել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, ինքնավար առևտրային միջոցները դեռ ուժի մեջ չեն մտել։ Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի առաջարկը նախ պետք է ստանա ԵՄ անդամ 27 պետությունների, ապա նաև Եվրոպական խորհրդարանի հավանությունը։ Նրա խոսքով՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար նախատեսվում են նաև քանակական քվոտաներ, իսկ արտադրանքը պետք է շարունակի համապատասխանել ԵՄ որակի և սերտիֆիկացման պահանջներին։
Ընդհանուր առևտրային պատկերը ցույց է տալիս դեպի ԵՄ արտահանման աճ․ 2026-ի հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, Հայաստանից ԵՄ արտահանման արժեքն աճել է շուրջ 90%-ով՝ 244,8 մլն դոլարից հասնելով 465,8 մլն-ի։ Սակայն այս ցուցանիշը վերաբերում է ամբողջ արտահանմանը։
ՍԱՏՄ-ի՝ Yerevan.Today-ին տրամադրած տվյալներով՝ 2026-ի հունիսին ԵՄ երկրներ արտահանվել է առնվազն 35,5 տոննա միրգ և բանջարեղեն․ Լեհաստան՝ 18,3 տոննա կեռաս և 17,2 տոննա պղպեղ, Լատվիա՝ 45 կգ ելակ։ Ծաղիկներ են արտահանվել նաև Ռումինիա, Պորտուգալիա, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Էստոնիա, Ավստրիա, Նիդեռլանդներ և Բուլղարիա։ Միաժամանակ, այդ տվյալներում 2026-ի հունիսին դեպի ԵՄ ծիրանի արտահանում չի արձանագրվել։
Ինչո՞ւ Հայաստանը զրկվեց GSP+ արտոնություններից և ինչ է իրականում առաջարկում ԵՄ-ն
Սոցիալական ցանցերում Վահան Կոստանյանի հարցազրույցը ներկայացվում է որպես «խոստովանություն», թե գործող իշխանությունները «եվրաինտեգրման» ճանապարհին փորձում են ընդամենը հասնել այն առևտրային հնարավորություններին, որոնք Հայաստանը նախկին իշխանությունների օրոք արդեն ուներ։
Խոսքը ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի»՝ GSP+-ի մասին է։ Հայաստանը համակարգից օգտվում էր 2009-ից, իսկ դրա՝ 2014-ին գործարկված բարեփոխված տարբերակով ավելի քան 6000 ապրանքային գծերի համար կիրառվում էին զրոյական կամ նվազեցված մաքսատուրքեր։
Գրառումից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը GSP+ արտոնություններից զրկվել է գործող իշխանությունների քաղաքականության հետևանքով և այժմ փորձում է վերադառնալ նախկինում ունեցած մակարդակին։
Իրականում Հայաստանը 2022-ի հունվարի 1-ից դուրս է մնացել համակարգից, քանի որ Համաշխարհային բանկի դասակարգմամբ երեք տարի անընդմեջ համարվել էր բարձր միջին եկամուտ ունեցող երկիր։ ԵՄ կանոններով նման դասակարգում ունեցող երկիրը այլևս չէր համապատասխանում GSP+-ի տնտեսական խոցելիության չափանիշներին և պետք է դուրս գար ծրագրից։

Եվրահանձնաժողովը դա պաշտոնապես հաստատել էր 2020-ի դեկտեմբերին և Հայաստանին տրամադրել մեկ տարվա անցումային շրջան։ Այսինքն՝ արտոնությունների դադարեցումը պայմանավորված էր ծրագրի եկամտային չափանիշով։
Միաժամանակ, Վահան Կոստանյանը հարցազրույցում չի ասել, թե նոր առաջարկը պարզապես GSP+-ի վերականգնումն է։ Նրա խոսքով՝ ինքնավար առևտրային միջոցների առաջարկվող ցանկում ներառված են ինչպես նախկին GSP+ ռեժիմով արտոնություն ունեցած ապրանքներ, այնպես էլ լրացուցիչ ապրանքներ, որոնք այդ համակարգում ընդգրկված չէին։ Որոշ գյուղատնտեսական ապրանքների համար նախատեսվում են նաև քանակական քվոտաներ։
Երկու համակարգերի ամբողջական համեմատությունը հնարավոր կլինի միայն նոր միջոցների վերջնական ապրանքային ցանկի, քվոտաների և այլ պայմանների հրապարակումից հետո։
Արմեն Մկրտչյան
CivilNetCheck











