Գլխավոր Լրահոս

Հայաստանը պետք է արտադրանքը համապատասխանեցնի շուկաներին, ոչ թե պարզապես Ռուսաստանը փոխարինի Եվրոպայով

Հայաստանը պետք է արտադրանքը համապատասխանեցնի շուկաներին, ոչ թե պարզապես Ռուսաստանը փոխարինի Եվրոպայով

Սիրանուշ Ադամյան

Ռուսական շուկային այլընտրանք փնտրող հայ արտահանողները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե Ռուսաստանը Եվրոպայով փոխարինելուն, այլ ճիշտ արտադրանքը ճիշտ շուկաներին համապատասխանեցնելուն. այս մասին ասել է Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի ներմուծման վրա վերջերս սահմանված սահմանափակումները արագացրել են արտահանման դիվերսիֆիկացման ջանքերը, սակայն ամենամեծ մարտահրավերը երբեք շուկաների բացակայությունը չի եղել. խնդիրը եղել է շահութաբերությունը։

«Երբ Ռուսաստանը որպես շուկա համեմատում ես այլ երկրների հետ, հարցը ոչ թե այն է, թե որքան հեշտ է մուտք գործել այդ երկրներ, այլ որքան շահութաբեր է դա,- ասել է նա։- Շատ արտադրողներ արդեն ունեին Եվրոպայի համար անհրաժեշտ ստանդարտները, սերտիֆիկատները և դիստրիբյուտորները, սակայն Ռուսաստանն առաջարկում էր շահույթի ավելի բարձր մարժա՝ ցածր փոխադրման ծախսերի և ավելի քիչ մրցակցության պատճառով»։

Արդյունքում, բազմաթիվ ընկերություններ, որոնք տեխնիկապես պատրաստ էին արտահանել այլուր, շարունակում էին առաջնահերթություն տալ Ռուսաստանին՝ մինչև որ վերջին առևտրային սահմանափակումները նրանց ստիպեցին վերանայել իրենց մոտեցումը։

Ըստ Պատվականյանի՝ արտահանողներն այժմ պետք է դուրս գան արտահանման դիվերսիֆիկացումը որպես Ռուսաստանի և Եվրոպական միության միջև ընտրություն դիտարկելու շրջանակից։

«Սովորաբար ենթադրվում է, որ եթե Ռուսաստան չենք արտահանում, ուրեմն արտահանում ենք ԵՄ,- ասել է նա։- Բայց ամենահեշտ հասանելի հնարավորությունները այն երկրներն են, որտեղ հայկական արտադրանքն արդեն հայտնի է, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան, Պարսից ծոցի երկրները, բալթյան երկրները, Ուկրաինան և Մոլդովան»։

Տարբեր արտադրանք՝ տարբեր շուկաների համար

Հայաստանի ներդրումային խորհուրդը շարունակում է քարտեզագրել հայկական արտադրանքի մրցակցային առավելությունները կոնկրետ արտասահմանյան շուկաներում՝ արտահանումն ընդհանուր առմամբ խթանելու փոխարեն։

Օրինակ՝ լոլիկը գրեթե հնարավորություն չունի մրցակցելու Եվրոպական միությունում, որտեղ տեղական արտադրությունը հզոր է, սակայն Պարսից ծոցի երկրներում առկա պահանջարկը ստեղծում է արտահանման հնարավորություններ։ Ֆրանսիան, իր հերթին, պղպեղի մեծ մասը ներմուծում է Մարոկկոյից, ինչը հայկական պղպեղին գնի և որակի հարաբերակցությամբ մրցունակ է դարձնում։

Հայաստանը ֆրանսիացի մանրածախ վաճառողներին կարող է առաջարկել պղպեղ, Սկանդինավիայում և Բալթյան երկրներում՝ չորացրած մրգեր և շոկոլադ, իսկ Պարսից ծոցի շուկաներում՝ թարմ մթերք, ինչպիսիք են ելակը, լոլիկը և վարունգը։

«Շատ կարևոր է ճիշտ արտադրանքով ճիշտ թիրախին հասնել։ Իսպանիա գնալով՝ չես կարող նրանց հետ հայկական ծիրանի արտահանման մասին խոսել»,- ասել է Պատվականյանը։։

Նրա խոսքով՝ Հայաստանի ներդրումային խորհուրդն ավարտել է ուսումնասիրություն, որը հայտնաբերում է, թե որտեղ հայկական ապրանքներն ունեն ամենամեծ մրցակցային առավելությունները, և այդ արդյունքներն օգտագործում է արտադրողներին համապատասխան դիստրիբյուտորների և մանրածախ ցանցերի հետ կապելու համար։

Եվրոպան մնում է դժվար շուկա

Չնայած Եվրոպայի հանդեպ աճող հետաքրքրությանը, Պատվականյանը զգուշացնում է, որ ԵՄ-ն չի կարող արագ փոխարինել Ռուսաստանին՝ որպես Հայաստանի հիմնական արտահանման ուղղություն։

«Մենք չենք կարողանա 100 տոկոսով փոխարինել այն ծավալը, որը արտահանում էինք Ռուսաստան, այլ երկրներով»,- ասել է նա՝ նշելով, որ արտահանողներից կարող է երեք-չորս տարի պահանջվել՝ կազմակերպելու իրենց վաճառքները ողջ ԵՄ-ում, Կենտրոնական Ասիայում և Պարսից ծոցի շուկաներում։

Նա Եվրոպան նկարագրում է որպես «բարդ շուկա», որտեղ մրցակցությունը ինտենսիվ է, և դրսի արտադրողների համար դժվար է մուտք գործել խոշոր մանրածախ ցանցեր և հյուրընկալության ոլորտ։

Եվրոպայում արագ ընդլայնում ակնկալելու փոխարեն, Պատվականյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ավելի լավ օգտագործի արդեն գործող հայկական դիստրիբուցիոն ընկերությունները, որոնք գործում են ողջ աշխարհամասում։ 

«Մենք չենք խոսում սփյուռքահայերի մասին, որոնք հիմնականում աշխատում են հայ սպառողների համար։ Մենք խոսում ենք հայերին պատկանող դիստրիբուցիոն ցանցերի մասին»։ Պատվականյանը նշել է Շվեդիայում, Չեխիայում, Լեհաստանում և Ֆրանսիայում գործող հայկական դիստրիբյուտորներին, որոնք արդեն մատակարարում են խոշոր եվրոպական մանրածախ ցանցերի և հայտնել են հետաքրքրություն՝ օգնելու հայ արտադրողներին մուտք գործելու այդ մատակարարման շղթաներ։  

Լոգիստիկան կարևոր է որքան շուկաները

Պատվականյանի խոսքով՝ լոգիստիկայի բարելավումը նույնքան կարևոր է, որքան նոր շուկաների բացումը։

Մանրածախ մեծ ցանցերը պահանջում են անընդմեջ մատակարարումներ և զգալի ծավալներ, ինչը առանձին հայ ֆերմերները հաճախ ի վիճակի չեն ապահովել։ Նա նշում է դեպքեր, երբ հայ մատակարարները ստիպված են եղել դուրս գալ միջազգային մանրածախ ցանցերից՝ անընդմեջ մատակարարումներ ապահովել չկարողանալու և տուգանքներ ստանալու պատճառով։

Այս խնդիրները լուծելու համար նա հորդորում է դեպի Եվրոպա, Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա ապահովել ավելի հուսալի բեռնափոխադրման երթուղիներ, ինչպես նաև՝ պահեստներ տարածաշրջանային առևտրային հանգույցներում, որոնք թույլ կտան արտահանողներին ապրանքները պահեստավորել հաճախորդներին ավելի մոտ։

Նա նաև առաջարկում է Հայաստանում ստեղծել հավաքման և բաշխման կենտրոններ՝ Ուզբեկստանում և Ղրղզստանում արդեն գործող նախագծերի օրինակով, որտեղ միջազգային մանրածախ ցանցերն ուղղակիորեն համագործակցում են տեղական ֆերմերների հետ, տրամադրում են վերապատրաստում, հավաքում են բերքը և երաշխավորում գնումները՝ արտահանման նպատակով։

Միջազգային գնորդներ՝ Հայաստանում

Այս ջանքերի շրջանակում Հայաստանի ներդրումային խորհուրդը հոկտեմբերի 7-9-ին Հայաստանում անցկացնելու է միջազգային առևտրային ֆորում Եվրոպայի, Պարսից ծոցի և այլ տարածաշրջանների ավելի քան 35 դիստրիբյուտորների և մանրածախ ցանցի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ակնկալվող մասնակիցների թվում են Carrefour-ի միջազգային կենտրոնական գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեդիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում գործող դիստրիբյուտորներ։

Ըստ Պատվականյանի՝ որոշ ընկերություններ նաև քննարկում են Հայաստանում մասնաճյուղեր բացելու հնարավորությունը, ինչը տեղական արտադրողների համար կստեղծի միջազգային մանրածախ ցանցեր մուտք գործելու ևս մեկ ուղի։

«Երբ այդ բեռնատարները վերադառնում են ծագման երկիր, նրանք պետք է լինեն լցված տեղական ապրանքներով։ Հակառակ դեպքում, եթե բեռնատարը դատարկ վերադառնա, դա ավելի բարձր ծախս է նրանց համար։ Սա նաև հնարավորություն է հայ արտադրողների համար»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում