Գլխավոր Լրահոս

Մեծ վերաբաշխում. Քաջարանի հանքավայրի՝ յուրաքանչյուր իշխանության հետ փոխվող բաժնետերերը

Մեծ վերաբաշխում. Քաջարանի հանքավայրի՝ յուրաքանչյուր իշխանության հետ փոխվող բաժնետերերը

Արթուր Գրիգորյան, էկոլոգիական իրավունքի մասնագետ

Այս հրապարակմամբ մենք սկսում ենք իրավական վերլուծությունների շարք, որոնք վերաբերում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրին։

Քաջարանի հանքավայրի մասնավորեցումից հետո տարբեր ժամանակահատվածներում բարձրաստիճան պաշտոնյաների ներգավմանը բաժնետերերի փոփոխության գործընթացում, դրանց իրավական հետևանքներին և կոռուպցիոն ռիսկերին։ Հոդվածաշարում տեղ գտած տեղեկություննեը ձևավորվել են ավելի քան երկու տարի տևած լրագրողական հետաքննության արդյունքում։ Ներկայացված հետևությունները հիմնված են փաստական տվյալների վրա, որոնք ձեռք են բերվել բաց և պաշտոնական աղբյուրներից, ինչպես նաև լրագրողական և փաստաբանական հարցումների, հրապարակային ֆինանսական հաշվետվությունների և ծրագրային ազդագրերի, Տնտեսական մրցակցության հանձնաժողովի ընդունած՝ համակենտրոնացման մասին որոշումների, մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված ֆինանսական հաշվարկների և մոդելավորման վրա։ Հրապարակվող նյութում օգտագործվել են տվյալներ, որոնք ձեռք են բերվել նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP - Organized Crime and Corruption Reporting Project) Aleph Pro տվյալների հարթակից, այլ երկրների տեղեկատվական շտեմարաններից, Հայաստանի դատական համակարգի պաշտոնական տեղեկատվական Datalex շտեմարանից և օրինական այլ աղբյուրներից։  

Մի քանի հոդվածներից բաղկացած հրապարակումների այս շարքին նախորդել են չորս հետաքննական հոդվածներ, որոնք ներկայացնում են Հայաստանի ամենախոշոր  և եկամտաբեր՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի բաժնետերերի՝ գերմանականից ռուսականին անցնելու դինամիկան։ Ներկայացված են տվյալներ բաժնետերերի փոփոխության ոչ թափանցիկ գործարքների հետևանքով Հայաստանի համար միջազգային իրավական և ֆինանսական ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաև դրանցում ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության փաստագրված հղումներ։ 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետերը 1,2 մլրդ դոլարի արբիտրաժային հայց է ներկայացրել ՀՀ-ի դեմ», 26 հունիսի 2024 

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի ճանապարհը՝ գերմանականից ռուսական», 20 սեպտեմբերի 2024 

«Նոր քրեական վարույթներ ԶՊՄԿ շուրջ. բաժնետոմսերի նոր վերաբաշխման ուրվականը», 19 փետրվարի 2025 

«Մետաղական խտանյութի արտահանում. ով և ինչպես է ստուգում խտանյութի պարունակությունն ու արժեքը», 12 օգոստոսի 2025

Այս հոդվածաշարով ամփոփվելու են վերևում նշված հետաքննական հրապարակումներում մատնանշված խնդիրները և դրանց տրվելու են իրավական գնահատականներ՝ հիմնվելով նաև փաստաբանական համայնքի կողմից տրված իրավական կարծիքի և մասնագիտացված կազմակերպության կողմից տրված ֆինանսական հաշվետվության տվյալների վրա։ Հոդվածաշարով ներկայացված իրավական վերլուծության նպատակն է հիմնավորել, որ Հայաստանի Հանրապետությունը և ժողովրդն ունեն հարյուր տոկոսի բաժնեմաս Քաջարանի հանքավայրի բնական պաշարների նկատմամբ, և որ մասնավորեցումից սկսած բոլոր վերաբաշխումներն իրավական առումով խոցելի են։ 

Ածանցյալ նպատակներից է նաև պաշտպանել Հայաստանի հանրության իրավունքը Քաջարանի հանքավայրի պաշարների նկատմամբ՝ ընդդեմ այն արբիտրաժային վարույթների, որոնք հարուցվել կամ կարող են հարուցվել Հայաստանի դեմ՝ վկայակոչելով բաժնեմասերի վերաբաշխման գործում հանրային իշխանությունների ապօրինի գործողությունները։ 

Հոդվածաշարում հաճախ օգտագործվում է Քաջարանի հանքավայր եզրույթը նաև այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է դրա նկատմամբ հանքային իրավունքներ ունեցող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ)։ Այս մոտեցման նպատակն է խնդիրները դիտարկել բովանդակային, ոչ թե կազմակերպաիրավական տեսանկյունից, և քաղաքական ազդեցություն ունեցող անձանց գործողությունները չասոցացնել ընկերության, դրա մայր կամ դուստր ընկերությունների և նրանց առևտրային համբավի հետ։  

Անհրաժեշտ է նաև ընդգծել, որ հոդվածաշարում տեղ գտած վերլուծությունները և հետևությունները չունեն քաղաքական համատեքստ և քաղաքական գործընթացների վրա ազդեցության նպատակ։ Դրանք վերաբերում են բացառապես այն անհատների և պաշտոնյաների (քաղաքական ազդեցություն ունեցող անձանց) գործողություններին, որոնք ներգրավված են Քաջարանի հանքավայրի բաժնեմասերի վերաբաշխման, ապօրինի արդյունահանման, սթրիմինգային պայմանագրերի և տրանսֆերային գնագոյացման կոռուպցիոն սխեմաներ կիրառելու գործարքներում։ Ինչպես նշվեց, վերջնանպատակն է հիմնավորել մասնավորեցման և վերաբաշխման գործարքների ապօրինի բնույթը և բնական պաշարների նկատմամբ իրավունքները, այդ թվում՝ հետագայում հանքավայրը կոնցեսիոն կառավարման տրամադրելու իրավունքը վերադարձնել հանրությանը (Հասատանի Հանրապետությանը)։  

Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց (politically exposed persons) ներգրավվածությունը

Տարբեր ժամանակներում բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց հետ փոխկապակցված մարդիկ ուղղակի և անօրինական ներգրավվածություն են ունեցել Քաջարանի հանքավայրի բաժնեմասին տիրանալու համար։ Հանրային իշխանությունների փոփոխությունից հետո բաժնեմասերի վերաբաշխման ընթացքում հանքավայրը շահագործող ընկերության բաժնետեր չհանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաներ հանրությունից գաղտնի վարել են ընկերության բաժնեմասի վերաբաշխման բանակցություններ, ինչի արդյունքում նրանց հետ փոխկապակցված մարդիկ դարձել են ընկերության բաժնետերեր։ 

Մասնավորապես, գործող և նախկին բարձրաստիճան պաշտոնյանիերի և նրանց հետ փոխկապակցված բաժնետերերի գործողությունների հետևանքով Համաշխարհային բանկի խմբի շրջանակներում գործող Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID) Հայաստանի դեմ ներկայացվել է 1,5 մլրդ դոլարի հայցապահանջ, որի վերաբերյալ վերջնական լսումները համաձայն արբիտրաժի արձակած Դատավարական կարգադրության նախատեսված են 2027-ի հոկտեմբերին։ Հայաստանի շահերը միջազգային արբիտրաժում պաշտպանելու համար գործող հանրային իշխանությունները օբյեկտիվորեն կաշկանդված են ներկայացնելու քաղաքական առումով զգայուն տեղեկատվություն, օրինակ՝ Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի* հանձնարարությամբ երկրի Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի** կողմից Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի*** հետ տեղի ունեցած իրենց գաղտնի բանակցությունների և դրանով Քաջարանի հանքավայրի բաժնեմասերի վերաբաշխման գործընթացում քաղաքական ազդեցությունների հանգամանքների մասին։ Ստացվում է, որ տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք ուղիղ շահառուներ են ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այն դեպքում, երբ այդ իրավական վեճն առաջացել է նույն այդ պաշտոնյաների միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների և ձեռք բերված համաձայնությունների արդյունքում։  

Հոդվածաշարում ներկայացվում են Կիպրոսի և այլ օֆշորային ռեգիստրերից ձեռք բերված տվյալներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունների միջոցով կասկածելի ֆինանսական գործաքների, կեղծ (proxi) սեփականատերերի գործիքակազմի բազմաշերտ օգտագործման վերաբերյալ։ Այդ գործընթացները հնարավոր են դարձել պետական կառավարման համակարգի կողմից օրենքով սահմանված գործողությունները չկատարելու, այդ թվում տնտեսական մրցակցության պաշտպանության գործիքակազմի ոչ լիարժեք կիրառության պատճառով։ 

Այլ կերպ ասած՝ օրենքով սահմանված պետական կառավարման գործիքների փոխարեն, լայնորեն կիրառվել է քաղաքական որոշումների և գաղտնի գործարքների կնքման պրակտիկան, որոնց ոչ թափանցիկ բնույթը առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր և խոցելի է դարձնում կնքված գործարքների օրինականությունը։ Ընդ որում, դա վերաբերում է թե 2004-ին Քաջարանի հանքավայրի մասնավորեցման գործարքին, թե 2014-2017 թվականների ընթացքում Միքայել Մինասյանի հետ առնչվող անձանց կողմից դրա որոշ բաժնեմասերի ձեռքբերմանը, թե 2018-ի հուլիսին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանի ազգականների կողմից դրանց մի մասին տիրանալուն և հետագա վաճառքին, և թե 2021-ին ռուսական ընկերությունների կողմից գերմանական «Քրոնիմետ» ընկերությանը պատկանող բաժնեմասի ձեռքբերմանը։   

Բաժնետերերի պարբերաբար ռոտացիայի և իշխանությունների փոփոխության միջև կապի ամբողջական համատեքստը ցույց տալու համար ներկայացվելու են տվյալներ դեռ նախորդ վերաբաշխման ընթացքում՝ 2014-2017 թվականներին Քաջարանի հանքավայրի բաժնետերերից «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի, «Զանգեզուր մայնինգ» և «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՓԲԸ-ների սեփականատերերի փոփոխման քաղաքական և իրավական պայմանների և ֆինանսական հարաբերությունների վերաբերյալ։ Գնահատվելու է, թե իչպես են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը և մի շարք այլ անձինք դարձել նշված ընկերությունների բաժնետերեր, արդյոք անձամբ են գնել բաժնետոմսերը։ 

Վերջին վերաբաշխման արդյունքներով բաժնեմասը՝ գերմանականից ռուսական.

Հոդվածաշարում առանձին ուսումնասիրության առարկա է գերմանական «Քրոնիմետ» խմբի ընկերությունների կողմից իրենց պատկանող բաժնետոսերի վաճառքի և հատկապես բաժնետոմսերի արժեքի վերաբերյալ հարցը։ Տվյալները համադրվում են ԶՊՄԿ Ծրագրային ազդագրում և համախմբված ֆինանսական հաշվետվություններում ներկայացված ներդրումների ծավալի և գնահատված ակտիվների արժեքի հետ։ Հատկանշական է, որ գերմանական ընկերությունը որոշեց իր բաժնեմասն օտարել ոչ միայն անհասկանալի ցածր արժեքով, այլև այն ժամանակ, երբ Եվրոպական միությունը մշակում էր կրիտիկական մետաղների վերաբերյալ իր քաղաքականությունը, որը խիստ անհրաժեշտ է ԵՄ էներգետիկ անվտանգության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության համար։ 

Քաջարանի հանքավայրից արդյունահանվող հիմնական պաշարը պղինձն է, որը ներառված է ԵՄ Կրիտիկական մետաղների ակտի երկու հավելվածներում՝ որպես կրիտիկական և ռազմավարական կարևորության մետաղ։ Եվրամիությունը ներկայում հսկայական ջանքեր է գործադրում ոչ միայն իր տարածքում, այլև երրորդ երկրներից այդ մետաղները ներմուծելու համար։  

Գերմանական ընկերության հեռացման համատեքստում ներկայացվելու են նոր բաժնետերերի՝ ռուսաստանցի իրական սեփականատերերի կողմից գերմանական բաժնեմասը ձեռ բերելու գործընթացը։ Դրանք վերաբերում են բաժնետոմսերի ձեռքբերման գնին, պայմաններին, ներդրումային հարցերին և խոստացված ներդրումների իրավական հիմքերին։ Իրավական և ֆինանսական վերլուծությունների արդյունքում ներկայացվելու են հետևություններ, թե ինչու է գերմանական «Քրոնիմետը» 2019-ին իր բաժնեմասը վաճառել նույն արժեքով, որով գնել էր 2004-ին։ Եվ դա այն դեպքում, երբ հրապարակվախ Ծրագրային ազդագրի համաձայն այդ ընթացքում կատարվել են ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրումներ, ինչի համար տարիներ շարունակ ընկերությւոնը չի ստացել շահաբաժիններ։ Ի՞նչը կարող էր «Քրոնիմետին» ստիպել հրաժարվել մի ակտիվից, որը համաձայն Համախմբված ֆինանսական հաշվետվության՝ 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ գեներացրել է 152 մլրդ դրամի (շուրջ 400 միլիոն դոլար) շահաբաժին։ 

Գնահատվելու են Քաջարանի հանքավայրի նոր բաժնետերեր համարվող՝ մեկ գրանցված աշխատակից ունեցող ռուսական ընկերությունների կարգավիճակին և իրական շահառուներին վերաբերող հարցերը և արևմտյան պատժամիջոցների հիմնախնդիրը։ Իրավական վերլուծության է ենթարկվելու Քաջարանի հանքավայրի բաժնեմասը հենց այդ ընկերություններին օտարելու հարցում Հայաստանի կառավարության և բարձրաստիճան պաշտոնյաների իրավասությունների հիմնախնդիրը և օրենսդրությամբ ամրագրված գործառույթների շրջանակը։ 

Իշխանության վերջին փոփոխությունից հետո Քաջարանի հանքավայրի նոր բաժնետերերի՝ արևմտյան պատժամիջոցների տակ հայտնվելուց հետո առաջացել են Քաջարանի հանքահումքի արտահանման հարցում նոր էական ռիսկեր, ինչի հետևանքով ռուսաստանցի բաժնետերերն**** իրականացրեցին ևս մեկ ռոտացիա՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում ավելացնելով պատժամիջոցների տակ չհայտնված նոր անուններ, որոնց իրական և ոչ թե կեղծ շահառու լինելու վերաբերյալ կասկածները գործող օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներով հնարավոր չէ ստուգել։ 

**Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին որևէ հանձնարարություն չի տվել Միքայել Մինասյանի հետ կապված ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի շուրջ։

***Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարել է, որ ԶՊՄԿ-ում փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է վարչապետի անմիջական գիտությամբ։

**** Միքայել Մինասյանը հրապարակավ հերքել է իր կապը Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի հետ՝ պնդելով, որ որևէ բաժնեմաս չունի։ 

***** ԶՊՄԿ Համախմբված ֆնանսական հաշվետովւթյուններ 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, Բաժին 34 (Կապակցված կողմեր), «Խմբի վերջնական հսկող անձն է համարվում Գլեբ Տրոցենկոն» 

ՆՇՈՒՄ՝ հոդվածում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի խմբագրության տեսակետներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում