Ի՞նչ կլիներ կոնկրետ ինձ հետ, եթե 2021-ին հայտարարեինք՝ հաղթել ենք ու գնում ենք նախագահական․ Քոչարյան

Ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրվում․ դատարանում հուլիսի 10-ին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման կամ Մարտի 1-ի վերաբերյալ գործի վերաքննության ընթացքում։ Այս գործը քննվում է 2024-ի սեպտեմբերից Հակակոռուպցիոն դատարանում։ Քոչարյանը նիստին անդրադարձավ 2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից առաջ տեղի ունեցած իրադարձություններին։
«Ընտրություններն ավարտվել էին, ԿԸՀ-ն որոշումը կայացրել էր, երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հայտարարել էր, որ չի ընդունում արդյունքները, ինքն է հաղթել ընտրություններում և պետք է գնա նախագահական պալատ։ Հիմա պատկերացնո՞ւմ եմ՝ եթե 2021-ին, երբ մենք հավաքել էինք 21 տոկոս, հայտարարեինք, որ հաղթել ենք ընտրություններում և գնում ենք նախագահական պալատ, ի՞նչ կլիներ կոնկրետ ինձ հետ»,- հռետորական հարց բարձրացրեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ դրանից հետո սկսվել էին Ազատության հրապարակի ցույցերը, իսկ ընդդիմությունը փորձում էր ներգրավել նաև Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ)։
«Զուգահեռաբար ԵԿՄ-ի շենքում մի քանի օր ժողովներ էին ընթանում՝ միանալ ցուցարարներին, թե ոչ։ ԵԿՄ-ի անդամների կեսից ավելին գործող զինվորականներ էին, զինված էին, և ամբողջ օրը գտնվում էին ԵԿՄ-ում։ Մի մասն ասում էր՝ գնալ, մյուս մասը՝ չգնալ։ Բանակի ղեկավար կազմի մի մասն այնտեղ քննարկումներ էր անցկացնում։ Երկրի նախագահն ի՞նչ կարող էր անել։ Սա տևել է երկու-երեք օր»,- նշեց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Մոսկվայից վերադառնալուց հետո հավաքել է ԵԿՄ անդամներին և ասել, որ վարչության կազմում գտնվող զինվորականները պետք է կողմնորոշվեն՝ կամ մնում են ԵԿՄ-ում և զբաղվում քաղաքականությամբ, կամ դուրս են գալիս ԵԿՄ-ից և զբաղվում իրենց ծառայությամբ։
«Շատ կոշտ խոսեցի պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի հետ։ Ասացի՝ էս ի՞նչ եք անում, բանակ է, թե՞ ինչ։ Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։ Լավ, ցինիզմն էլ պետք է սահման ունենա, թե՞ ոչ»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նաև ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանին փոխանցել են, որ չի կարող միաժամանակ լինել պաշտպանության նախարարի տեղակալ և զբաղվել քաղաքականությամբ։
Գործի նախապատմությունը
2018-ի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի կամ Սահմանադրական կարգի տապալման գործով։ Գործը վերաբերում էր 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններին։ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով. առաջինը՝ այլ անձանց հետ սահմանադրական կարգի տապալում, որը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն էր և հետագայում ճանաչվեց հակասահմանադրական, երկրորդը՝ 3 մլն դոլար կաշառք վերցնելու հոդվածը, որը դեռևս քննվում է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Քոչարյանը 2008-ի փետրվարին, երբ Ազատության հրապարակում խաղաղ ցույցեր էին, բանակի հրամանատարական կազմի հետ քննարկել է ներքաղաքական հարցեր։ Այնուհետև ստորագրվել է ՊՆ-ի «0038» հույժ գաղտնի հրամանը, զինծառայողներ են Երևան բերվել, և նրանք ցույցերը ցրելու վարժանքներ են իրականացրել։ Բացի Քոչարյանից, գործով անցնում են նաև այդ ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցնող Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։
Այս գործը դատարան է մտել 2019-ի ապրիլին։ Քննության ընթացքում դատարանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի սահմանադրականության հարցը։
ՀՀ Սահմանադրական դատարանը 2021-ի մարտի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այս հիմքով պաշտպանները միջնորդել են կարճել գործը, իսկ Աննա Դանիբեկյանը բավարարել է այդ միջնորդությունը։
Այնուհետև մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Հետագայում գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան։ Գործով պայմանավորված՝ այս ատյանը դիմել է ՍԴ՝ պարզելու այս անգամ էլ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրականության հարցը։
ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը։
Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը
Հենց Սահմանադրական դատարանի վերջին որոշման վրա է հիմնված Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը։ Վճռաբեկ դատարանը հիշեցրել է, որ երբ Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին ՍԴ-ի առաջին որոշման հիման վրա դադարեցնել քրեական հետապնդումը, մեղադրողը միջնորդել էր գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար, քանի որ առաջացել էր ամբաստանյալներին մեղսագրված համապատասխան արարքներին նոր իրավական գնահատական տալու անհրաժեշտություն։ Դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այս միջնորդությունը մերժել էր։
Վճռաբեկ դատարանը ՀՀ Սահմանադրական դատարանի այս գործով երկրորդ՝ 2024-ի հուլիսի 22-ի որոշման լույսի ներքո գտել է, որ առաջին ատյանի դատարանի գործողությունները իրավաչափ չեն եղել։
Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածները, ինչի հիմքով էլ գործը բեկանվել է ու ուղարկվել նոր քննության։
Կազմակերպություն
Թեմա











