Մերձավոր Արևելքի թեմաներով մասնագիտացած Al-Monitor կայքն անդրադարձել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շուրջ վերջին օրերին շրջանառվող աղմկահարույց տեղեկություններին, ըստ որոնց՝ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ «Մոսադը», նրան դիտարկել էր որպես Իրանի ներկայիս իշխանություններին փոխարինելու հնարավոր տարբերակ։
Ահմադինեժադն արդեն հրապարակավ հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք որակելով կեղծիք։
Նրա գրասենյակի տարածած հայտարարության համաձայն՝ The New York Times-ի հրապարակումը, որտեղ խոսվում էր Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության և տնային կալանքի մասին, «վճարի դիմաց հրապարակված կեղծ լուր է»։
«Այս հրապարակումները պատրաստ են վճարի դիմաց տարածել հայտնի և տխրահռչակ անձանց կողմից ստեղծված կեղծ տեղեկություններ»,- ասված է հայտարարության մեջ։ Միաժամանակ նշվում է, որ նախկին նախագահը որոշել է արձագանքել «երկրում ստեղծված զգայուն իրավիճակը և քաղաքական նկատառումները հաշվի առնելով»։
Սակայն հերքումը միայն ավելի է մեծացրել հետաքրքրությունը այն տեղեկությունների նկատմամբ, որոնք վերջին ամիսներին հրապարակվել են ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցներում։
Ըստ The New York Times-ի՝ դեռ մայիսին հրապարակված տեղեկություններով տարբերակի՝ Իսրայելը 2024-2025 թվականներին մշակել էր ծրագիր, որի նպատակն էր Իրանում իշխանափոխությունից հետո իշխանության բերել Ահմադինեժադին։ Թերթի տվյալներով՝ նա Հունգարիայում մի քանի անգամ հանդիպել է իսրայելական հետախուզության ներկայացուցիչների, այդ թվում՝ «Մոսադի» ղեկավար Դավիդ Բարնեայի հետ։ Հրապարակման համաձայն՝ պատերազմի սկզբում ռմբակոծվել է նաև Ահմադինեժադի տունը, որից հետո նրան «Մոսադի» աշխատակիցները տեղափոխել են անվտանգ վայր։ Սակայն, ըստ թերթի աղբյուրների, պատերազմի քաոսային զարգացման պատճառով նախկին նախագահը հետագայում հրաժարվել է ծրագրին մասնակցելուց։
Նմանատիպ տեղեկություններ հրապարակել է նաև իսրայելական Haaretz-ը։ Թերթի տվյալներով՝ Իսրայելի իշխանությունները վերջին տարիներին եկել էին այն եզրակացության, որ պաշտոնաթողությունից հետո Ահմադինեժադի հայացքները զգալիորեն փոխվել են։ Ըստ հրապարակման՝ նա սկսել էր համարել, որ Իրանի միջուկային ծրագիրը երկրի համար ավելի շատ բեռ է, քան առավելություն, իսկ արևմտյան խիստ պատժամիջոցների պայմաններում երկիրը չի կարող երկարաժամկետ զարգանալ։ Haaretz-ի տեղեկություններով՝ Իսրայելն արդեն 2024 թվականից ծրագրում էր ապակայունացնել Իրանի իշխանությունը, իսկ 2026-ի սկզբին Ահմադինեժադը դիտարկվում էր որպես այդ ծրագրի առանցքային գործիչներից մեկը։ Սակայն, ի վերջո, Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվել է աջակցել այդ ծրագրին։
Ուշագրավ է, որ այս տեղեկությունների ֆոնին ամիսներ անց Ահմադինեժադը առաջին անգամ հրապարակային երևաց երկուշաբթի Թեհրանում՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության ժամանակ։
Ինչո՞ւ է այս պատմությունն անսպասելի
Al-Monitor-ը նշում է, որ հենց Ահմադինեժադն էր նախագահության տարիներին համարվում Իրանի ամենակոշտ հակաիսրայելական առաջնորդներից մեկը։
Նա ղեկավարել է Իրանը 2005-2013 թվականներին, բազմիցս հայտարարել Իսրայելի ոչնչացման անհրաժեշտության մասին և 2006-ին նույնիսկ կազմակերպել է Հոլոքոստը ժխտող համաժողով։
Հետևաբար, այն տեղեկությունը, թե հենց նա կարող էր դառնալ Իսրայելի աջակցությամբ Իրանի ապագա առաջնորդը, մեծ արձագանք է առաջացրել թե՛ Իրանում, թե՛ տարածաշրջանում։ Ինչպես նշում է Al-Monitor-ը, «Ահմադինեժադի ի հայտ գալը որպես Իրանի ներկայիս իշխանություններին Իսրայելի աջակցությունը վայելող այլընտրանք՝ ցնցել է ամբողջ տարածաշրջանը»։
Al-Monitor-ը հիշեցնում է, որ Ահմադինեժադի հարաբերությունները Իրանի իշխանության հետ վաղուց են լարված։
Նրան թույլ չեն տվել մասնակցել 2017 և 2024 թվականների նախագահական ընտրություններին։ 2021-ին նա հայտարարում էր, թե իշխանության ներսում գործում է «կոռումպացված օղակ», որը կապեր ունի օտարերկրյա հետախուզությունների հետ, իսկ Նաթանզի միջուկային օբյեկտի դեմ իրականացված հարձակումից հետո քննադատել էր նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Հոդվածում հիշեցվում է նաև, որ նրա երկու նախկին մերձավոր գործընկերները 2018-ին դատապարտվել են ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար, իսկ նախագահության ավարտից հետո Ահմադինեժադը հրապարակայնորեն մեղադրում էր խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանիի ընտանիքին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ Ահմադինեժադը, ևս տարբեր տարիներին բախվել է կոռուպցիոն մեղադրանքների։
Ըստ The New York Times-ի, պատերազմի սկզբում նախկին նախագահը տնային կալանքի տակ էր, իսկ այժմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վերահսկողության ներքո է՝ Իսրայելի հետ ենթադրյալ կապերի պատճառով։ Հոդվածում նշվում է, որ նա երբեք բացահայտ չի միացել ընդդիմությանը և լռել է ինչպես 2022-ի, այնպես էլ 2026-ի հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ։












