Գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից առաջադրված մեղադրանքների վերաբերյալ, որոնք առնչվում են 2020 թվականի պատերազմի պլանավորմանը, նախապատրաստմանը և վարմանը։
Pastinfo-ի տրամադրության տակ է հայտնվել Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից։
Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա նշել է, որ Ադրբեջանի մեղադրանքներից մեկը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորմանը, նախապատրաստմանը և վարմանը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Փաշինյանը եղել է Հայաստանի վարչապետն ու գերագույն գլխավոր հրամանատարը, ուստի պետք է հստակ դիրքորոշում հայտնի այդ մեղադրանքների վերաբերյալ։
«Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանդես գալ ձեր դիրքորոշմամբ։ Հակառակ դեպքում չարձագանքելը կնշանակի, որ համաձայն եք առաջ քաշված կեղծ մեղադրանքներին՝ դրանով իսկ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին»,- հայտարարել է Մանուկյանը։
Նա նաև նշել է, որ ցանկանում է իմանալ Բաքվում պահվող հայերի կարգավիճակը՝ ըստ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման, և հավելել, որ իրենք «չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը»։
Մանուկյանը շեշտել է, որ մեղադրանքները շինծու և կեղծ են, իսկ ինքն ու իր գործընկերները դատարանում շարունակում են պաշտպանել իրենց իրավունքներն ու հայ ժողովրդի և պետականության արժանապատվությունը։
2023-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները գերեվարել և առևանգել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նա ևս այս տարվա փետրվարին դատապարրտվեց ցմահ ազատազրկման։
Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ բանտարկյալ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։ Բաքվի վերաքննիչ դատարանում ներկայում ընթանում են նրանց գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։












