«Իսպանիա հասած փչացած ծիրանի» պատմությունը․ բեռնատարը տեղ չի հասել, աղբյուրը հակասում է ինքն իրեն

Armat Media-ն հուլիսի 18-ին «Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման» վերտառությամբ հոդված էր հրապարակել:
«Armat Media-ի տեղեկություններով՝ կրած վնասը բավականին մեծ է․ Եվրոպա հասած հայկական ծիրանը պիտանի չէ իրացման համար»,- հոդվածում գրել էր լրատվամիջոցը։
Տեղեկությունը վերահրապարակվել էր հայկական բազմաթիվ լրատվամիջոցների՝ 168.am-ի, News.am-ի, yerkirmedia.am-ի, Yerkir.am-ի, Oragir.News-ի, News Armenia-ի, asekose.am-ի, Yerevan.Today-ի և այլ կայքերի կողմից, ինչպես նաև տարածվել սոցիալական ցանցերում։
Հուլիսի 20-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, սակայն, ֆեյսբուքյան իր էջում հերքել է տեղեկությունը։ «Ամբողջ համացանցը խոսում է, որ Իսպանիա արտահանված ծիրանը ճանապարհին փչացել է: ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել»,- գրել է նախարարի տեղակալը։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Armat Media-ից մեզ հայտնեցին, որ հրապարակման համար հիմք են հանդիսացել ARMENIOS EN ESPAÑA ՀԱՅԵՐԸ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ, «Իսպանիայում Բնակվող հայեր» ֆեյսբուքյան խմբերում օգտատեր Վաչե Իսպիրյանի կատարած գրառումները։ Նա գրել է, թե տեղափոխման ընթացքում առաջացած «անկանխատեսելի և խոշոր վնասների պատճառով ծիրանի խմբաքանակն ամբողջությամբ վնասվել է և պիտանի չէ իրացման համար»։

Մինչ այդ նույն օգտատերը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հուլիսի 22-24-ը սպասվող հայկական ծիրանը կարող են էքսպրես առաքմամբ հասցնել Իսպանիայի և Ֆրանսիայի տարբեր քաղաքներ։

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Վաչե Իսպիրյանի հետ։ Նա նշեց, թե էկոնոմիկայի նախարարության պնդումը, որ Հայաստանից Իսպանիա ծիրան չի արտահանվել, ճիշտ է։
Իսպիրյանի փոխանցմամբ՝ ծիրանով բեռնված մեկ բեռնատար նախատեսված է եղել ուղարկել Իսպանիա, սակայն այն Իսպանիա չի հասել։
«Մաքսայինով էլ կարող ենք նայել, որ ապրանքը Իսպանիա չի հասել։ Եվրոպական տրանզիտային երկրում, երբ բեռնատարը փոխելու ժամանակը եկավ, տեսանք, որ ծիրանը սպասվածից ավելի է հասունացել։ Որակի նշաձողը պահպանելու համար որոշեցինք այն Իսպանիա չտեղափոխել, քանի որ հետագա ճանապարհին այն լիարժեք կկորցներ իր ապրանքային տեսքը։ Լրատվամիջոցները շտապել են՝ գրելով, թե ապրանքը փչացել է, բայց ես իմ հայտարարության մեջ էլ նշել եմ, որ այն չափից ավելի է հասունացել և ենթակա չի եղել իրացման»,- նշեց նա։
Իսպիրյանը չհստակեցրեց, թե բեռնատարը եվրոպական որ երկիր է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ ինքը մաքսային ձևակերպումներով չի զբաղվել և պետք է ապրանքը դիմավորեր Իսպանիայում։
Մինչդեռ, Իսպիրյանը իր նախնական գրառումներում նշել էր, որ «խմբաքանակն ամբողջությամբ վնասվել է և, ցավոք, պիտանի չէ իրացման համար»։
Նա հուլիսի 20-ին նոր գրառում է արել՝ պարզաբանելով, որ «ծիրանը փչացած չի եղել», և կրկին նշել, որ պարզապես չափից ավելի հասունանալու պատճառով որոշվել է այն Իսպանիա չտեղափոխել։
«Ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ, ընթանում են բնականոն բիզնես գործընթացները»,-գրել է նա։
Այսպիսով, Իսպանիա հասած և այնտեղ փչացած հայկական ծիրանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ բեռնատարը Իսպանիա չի հասել։ Միաժամանակ տեղեկության սկզբնաղբյուրը՝ Վաչե Իսպիրյանը, հակասական պնդումներ է արել․ սկզբում հայտնել է, որ խմբաքանակն ամբողջությամբ վնասվել է և պիտանի չէ իրացման, իսկ ավելի ուշ պարզաբանել, որ ծիրանը փչացած չի եղել, այլ չափից ավելի է հասունացել։
Փաստերի ստուգում
Նելլի Լազարյան
CivilNetCheck










