Վիզաների ազատականացում. ի՞նչ է այն փոխելու պետության և քաղաքացու կյանքում. մաս 2

Հոդվածի առաջին մասում պատմել էինք, թե ինչպես է Հայաստանն անցնում կենսաչափական նոր անձնագրերի և սահմանների ինտեգրված կառավարման` ԵՄ վիզաների ազատականացման ծրագրին ընդառաջ: Միևնույն ժամանակ, վիզաների ազատականացման գործընթացում Բրյուսելի առանցքային պահանջները ենթադրում են նաև պետական համակարգի խորքային փոփոխություններ:
Տնտեսության կառուցվածքային ստվերազերծում
Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի երրորդ բաղադրիչը պահանջում է պետության ուժային և կանխարգելիչ ապարատի զարգացում, որը կթիրախավորի կազմակերպված հանցավորությունը, կոռուպցիան և փողերի լվացումը: Այս ոլորտում նախատեսված բարեփոխումները նպատակ ունեն մեծացնել անվտանգությունն ու թափանցիկությունը:
Եվրահանձնաժողովի զեկույցն արձանագրում է, որ Հայաստանը զգալիորեն ամրապնդել է հակակոռուպցիոն օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ հիմնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշում է, որ ԵՄ գործընկերների ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ 2018-ից սկսված բարեփոխումների արդյունքում Հայաստանը զգալիորեն ամրապնդել և ներդաշնակեցրել է իր հակակոռուպցիոն իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին։
Այդուհանդերձ, ԵՄ-ն պահանջում է բարձր մակարդակի կոռուպցիայի դեպքերի բացահայտման և պատժամիջոցների կիրառման վերաբերյալ համոզիչ, անշրջելի արդյունքների արձանագրում (track record), ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների բացարձակ անկախության ապահովում: Սա ենթադրում է պետական ապարատի գործունեության ստվերազերծում և հովանավորչության վերացում:
«Ըստ էության, այս արձանագրումները վերաբերում են ոչ թե համակարգային բացերին, այլ զարգացման փուլային ուղղություններին, որոնց հասցեագրման ուղղությամբ աշխատանքն արդեն ընթացքի մեջ է»,- պարզաբանում է նախարարը։ Ըստ նրա՝ «բարձր ռիսկային ոլորտներում ավելի համակարգված և ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն» կա, որը թույլ կտա Հակակոռուպցիոն կոմիտեին անցում կատարել ավելի նախաձեռնող (պրոակտիվ), տվյալահեն և վերլուծական աշխատանքի մոդելի։
Չնայած իրականացված ինստիտուցիոնալ քայլերին՝ գործնական արդյունքները դեռ մտահոգիչ են: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (Transparency International) կազմակերպության վերջին զեկույցների համաձայն՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրվել է լճացում և որոշակի հետընթաց: Երկրի ցուցանիշը Կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) վերջին երկու տարում նահանջել է, ինչը կազմակերպությունը հիմնականում պայմանավորում է իշխանության ճյուղերի տարանջատման խնդիրներով, հովանավորչության դրսևորումներով, դատաիրավական համակարգի անկախության պակասով և կոռուպցիոն ռիսկերը զսպելու հարցում քաղաքական կամքի թուլացմամբ:
Այս իրողությունն էապես շեղվում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված հավակնոտ թիրախներից: Կառավարությունը նպատակ էր դրել կտրուկ բարելավել իրավիճակը՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը մինչև 2026 թվականը հասցնելով 60 միավորի (100 հնարավորից): Մինչդեռ վերջին տարիներին այդ ցուցանիշը տատանվում է 46-47 միավորի սահմաններում՝ վկայելով կառավարության սահմանած թիրախի և իրական պատկերի միջև խզման մասին:
Հայաստանը միացել է Եվրոպոլի SIENA համակարգին
Իրավապահ համակարգը նույնպես ինտեգրվում է եվրոպական կառույցներին: 2026 թվականի ապրիլին ՀՀ ներքին գործերի նախարարության կապի սպան արդեն գործուղվել է Եվրոպոլ, իսկ Հայաստանը միացել է Եվրոպոլի անվտանգ տեղեկատվության փոխանակման SIENA համակարգին: Առաջիկայում նախատեսվում է կառուցվածքային համագործակցություն հաստատել Եվրոպական հանրային դատախազության (EPPO) և Եվրոջասթի հետ:
«Եթե այսօր խոսում ենք Եվրոպոլի հետ ավելի խորացված համագործակցության, իսկ ապագայում նաև Եվրոպական հանրային դատախազություն (EPPO) և Eurojust-ի հետ փոխգործակցության մասին, ապա դա առաջին հերթին ենթադրում է ոչ միայն իրավական, այլև տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ պատրաստվածություն»,- ընդգծել է նախարարը։
Նախարարը հավելում է, որ այս նպատակով ՆԳՆ-ում ստեղծվել է Հանցավորության վիճակագրության և հետազոտությունների նոր կենտրոն, ինչը վկայում է ռեակտիվ պայքարից դեպի «տվյալահեն, վերլուծական աշխատանքային մոդելին անցնելու մասին»:
ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանն այս համատեքստում շեշտում է բարեփոխումների իրական նպատակը. «Սա պիտի լինի, ոչ թե ԵՄ-ի հետ հետ վիզաների ազատականացման հասնելու համար իրականացվող բարեփոխումներ, այլ բարեփոխումներ, որոնք որ պետք են Հայաստանի Հանրապետության Հանրապետությանը տվյալների անվտանգության համար, վերջապես ժամանակակից համակարգի ներդրման համար, սահմանային անվտանգության համար և իրենը պիտի ընկալի, հա, որպեսզի մեծ ծավալով կարողանա իրականացնել»:
Ուշագրավ է ԵՄ հստակ պահանջը՝ զերծ մնալ ներդրողների կողմից քաղաքացիություն ստանալու սխեմաներից (այսպես կոչված՝ «ոսկե անձնագրեր»): Եվրոպան երաշխիքներ է պահանջում, որ վիզաների ազատականացումից հետո երրորդ երկրների կասկածելի կապիտալ ունեցող անձինք չեն օգտագործի հայկական անձնագրերը՝ Շենգեն գոտի ազատ մուտք գործելու համար:
Փեպետ այս հանգամանքը կարող է մտահոգություններ առաջացնել Հայաստանի ներդրումային գրավչության տեսանկյունից, սակայն կառավարության համամիտ է Եվրամիության մոտեցումների հետ: «Քաղաքացիությունը չի կարող լինել ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն։ Այն ինստիտուտ է, որը պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա», - ընդգծում է նախարար Արփինե Սարգսյանը։
Իրավունքներ և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրում
Չորրորդ ուղղությունը շոշափում է հասարակական կառուցվածքի ամենազգայուն նյարդերը՝ մարդու իրավունքներ, հավասարություն և փոքրամասնությունների պաշտպանություն։
Գործողությունների ծրագիրը պահանջում է ընդունել խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենք։ Այս նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հավասարության հարցերով հատուկ մարմնի լիազորությունները վերապահել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին:
Թեև նախկինում հանրային ընկալումներում նման նախաձեռնությունները երբեմն դիմադրության էին արժանանում, ներկայումս Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ «Մեր մոտեցումը հստակ է՝ այս օրենքը պետք է ընդունվի, և դրա հիման վրա ձևավորվող ինստիտուցիոնալ մեխանիզմները պետք է լիարժեք գործարկվեն»,- նշում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Որպես վիզաների ազատականացման առանձին հենանիշ՝ Եվրամիությունը սահմանել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրումը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ տեղահանված ավելի քան 115 000 անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է մինչև 2026 թվականի վերջ: Նախարար Սարգսյանի տվյալներով՝ շուրջ 40 000 արցախցի (ներառյալ՝ անչափահասներ) արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։
«Իսկ եթե դիմումատուների թիվն էլ ավելացնենք, որոնց հայտերը քննարկման փուլում են, ապա մոտ ենք տեղահանված բնակչության 50 %-ին»,- հավելում է նախարարը՝ նշելով, որ սա վկայում է Հայաստանում «լիարժեք և հեռանկարային ապագա կառուցելու տրամադրվածության» մասին: Եվրոպական կառույցներն այս ցուցանիշը դիտարկում են որպես հումանիտար ճգնաժամի կառավարման և ինտեգրման կարևոր ինդիկատոր։
Տվյալների պաշտպանություն
Փոփոխություններ են նախատեսվում նաև անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։ VLAP-ը պահանջում է ստեղծել անկախ վերահսկիչ մարմին՝ եվրոպական GDPR (Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ) ստանդարտներին համապատասխան։ Նախարար Սարգսյանի խոսքով՝ ակնկալվում է «ձևավորել լիարժեք գործող, անկախ և ինստիտուցիոնալ առումով կայուն վերահսկող մարմին»։
2025 թվականի հոկտեմբերին ՀՀ կառավարությունն արդեն հավանություն է տվել համապատասխան հայեցակարգին, որի գործարկումը նախատեսվում է 2027 թվականի կեսերին։ Նոր համակարգը ենթադրելու է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի (բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, բիզնես) կողմից քաղաքացիների անձնական տվյալների մշակման և պահպանման խստագույն վերահսկողություն։
«Մենք գնում ենք դեպի տվյալների պաշտպանության եվրոպական ստանդարտի ամբողջական ներդրում, որտեղ առանցքային են անկախ վերահսկողությունը, պատասխանատվությունը և անձնական տվյալների բարձր մակարդակի պաշտպանությունը»,- ընդգծում է նախարարը։

Քաղաքական հարթություն և 2029 թվականի հորիզոնը
Վիզաների ազատականացումը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այն ունի ընդգծված քաղաքական բնույթ: Զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը նշում է, որ «միգրացիան ամենաքաղաքական ասված հարցերից է, և Եվրոպական միության անդամ պետությունների ներսում էլ տարբեր ուժեր են իշխանության և այդ հարցի նկատմամբ շատ տարբեր զգայունություն ունեն»:
Ըստ փորձագետի՝ վերջնական որոշման կայացումը «ամբողջությամբ կենտրոնացված չէ Եվրոպական միության ինստիտուտների տիրույթում, այլ անդամ պետությունների դաշտում է»: Հետևաբար, անգամ Եվրահանձնաժողովի դրական գնահատականի պարագայում պահանջվելու է Եվրոպական միության խորհրդում անդամ բոլոր պետությունների քաղաքական համաձայնությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ բանակցային փուլը կարող է տևել մի քանի տարի։
«Հայաստանի Հանրապետության դեպքում միջինից երեք, չորս, հինգ տարի կարող ենք ակնկալել գործընթացի համար»,- հավելում է Ադամյանը։
Բարեփոխումների այս երկարատև ճանապարհին Եվրամիությունը Հայաստանին տրամադրում է նաև գործնական աջակցություն։ 2024 թվականին հայտարարված 270 միլիոն եվրո արժողությամբ «Հայաստանի դիմակայունության և աճի ծրագիրը» նպատակ ունի ուղիղ ֆինանսական և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել այս համակարգային ռեֆորմներին:
Արդյունքում, գործընթացը գնահատվում է ոչ միայն որպես ճամփորդական դյուրացում, այլև պետության ինքնիշխանության և ինստիտուցիոնալ անվտանգության ամրապնդման գործիք՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից տարածաշրջանային ռիսկերի և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այս համատեքստում ընդգծում է փոփոխությունների ինստիտուցիոնալ նշանակությունը. «Այն պետք է դիտարկել ոչ միայն որպես ազատ տեղաշարժի հնարավորություն, այլև որպես պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք, որը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի կառավարման համակարգի, հանրային ծառայությունների որակի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության մակարդակի վրա»:










