Գլխավոր Լրահոս

Վիզաների ազատականացում. ի՞նչ է այն փոխելու պետության և քաղաքացու կյանքում. մաս 1

Վիզաների ազատականացում. ի՞նչ է այն փոխելու պետության և քաղաքացու կյանքում. մաս 1

Եվրամիության հետ վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ վարող միակ երկիրն այսօր Հայաստանն է: Թեև հանրային գիտակցության մեջ այն հաճախ ընկալվում է զուտ որպես Շենգեն գոտի մեկնելու անցաթուղթ, նման մոտեցումը ստվերում է գործընթացի բուն էությունը: Դեպի Եվրոպա ազատ ճամփորդելու հեռանկարի հետևում իրականում կանգնած են համապարփակ և բարդ բարեփոխումներ, որոնք նախևառաջ փոխելու են պետության որակն ու մարդկանց առօրյան հենց սեփական երկրում: 2025-ի նոյեմբերին Հայաստանին պաշտոնապես փոխանցված Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ամենևին էլ տուրիստական ուղեցույց չէ: 74 հենանիշ (benchmark) պարունակող այս փաստաթուղթն իրականում պետության ինստիտուցիոնալ արդիականացման, անվտանգության ամրապնդման և տնտեսության կառուցվածքային «ստվերազերծման» ճանապարհային քարտեզ է։

Վիզաների ազատականացումը հաճախ նույնացվում է Եվրամիություն անարգել ճամփորդելու հնարավորության հետ։ Իրականում խոսքը մարդկանց կյանքի որակի վրա անմիջական ազդեցություն ունեցող լայնածավալ բարեփոխումների մասին է, որոնց նպատակն է ներդնել փաստաթղթային անվտանգության համակարգեր, սահմանների ինտեգրված կառավարում, հանրային անվտանգության և հակակոռուպցիոն միջոցառումներ, հանցավորության դեմ պայքարի ուժեղացված մեխանիզմներ, տվյալների ավելի արդյունավետ պաշտպանություն և հավասարության ապահովման իրավական շրջանակ: 

Ուստի այս գործընթացի գլխավոր և վերջնական շահառուն ոչ այնքան երկրից մեկնող զբոսաշրջիկն է կամ պոտենցիալ միգրանտը, որքան հենց հայրենիքում ապրող և աշխատող քաղաքացին:

Եվրամիությունը նախատեսում է 2026-ի աշնանը գնահատման նոր առաքելություն ուղարկել Հայաստան՝ ուսումնասիրելու վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումները և հենանիշների ապահովումը։ 

Երևանում հուլիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ «պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ քայլեր ձեռնարկել, և եթե դուք կհատեք վերջնագիծը»։  

Փաշինյանն իր հերթին հստակեցրեց կառավարության թիրախը՝ մինչև 2029-ը հասնել առանց վիզայի ռեժիմի. «Շատ բան մեզնից է կախված, և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվամիությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ, թե ինչքանով ենք պատրաստ, և ինչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք»։  

Թվային քաղաքացին և փաստաթղթային անվտանգության նոր էկոհամակարգը

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլով Հայաստանը նախատեսում է ամբողջությամբ անցում կատարել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) խիստ չափանիշներին համապատասխանող կենսաչափական (բիոմետրիկ) անձնագրերի տրամադրմանը՝ աստիճանաբար շրջանառությունից հանելով հին նմուշի փաստաթղթերը։

Այս գործընթացը պահանջում է տվյալների անվտանգության եվրոպական eIDAS և ISO 27001 միջազգային ստանդարտներին համապատասխանող էկոհամակարգի, ինչպես նաև պետական կառավարման բացառիկ նշանակության ենթակառուցվածքների ստեղծում։ 

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ընդգծում է, որ վիզաների ազատականացումը «պետական ինստիտուտների որակական վերափոխման կարևոր գործիք է»։

Զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը նշում է, որ մինչև հինգ տարի կարող է պահանջվել գործընթացի վերջնականացման համար։ Ըստ փորձագետի՝ նպատակին հասնելու համար երկիրն ունի հստակ ուղենիշներ. «Չորս խումբ չափանիշներ կան, որոնք պիտի բավարարենք»։

«Առաջինը տվյալների անվտանգությունն է, և սա վերաբերում է հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրմանը»,- ասում է Ադամյանը։ Նա հավելում է, որ մյուս երեք ուղղություններն ընդգրկում են սահմանային անվտանգությունն ու միգրացիան, հանրային կարգի ու անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությունը։

Փորձագետը շեշտում է, որ այս փոփոխությունները պետք է լինեն «ոչ թե ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելու համար իրականացվող ռեֆորմներ, այլ ռեֆորմներ, որոնք պետք են Հայաստանի Հանրապետությանը տվյալների անվտանգության... վերջապես ժամանակակից համակարգի ներդրման համար»։

Իրավական տեսանկյունից գործընթացն արդեն մեկնարկել է. 2025-ի հուլիսին ընդունված «Պետական բնակչության ռեգիստրի մասին» նոր օրենքով ստեղծվել է Բնակչության միասնական պետական էլեկտրոնային ռեգիստրի իրավական հենքը, որի լիարժեք գործարկումը նախատեսվում է 2027-ի հունվարին։ Կենսաչափական նոր համակարգը կսկսի գործել 2026-ի աշնանը, իսկ մինչև 2027-ի մարտ կբացվի սպասարկման ժամանակակից 23 գրասենյակ։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշում է, որ նոր համակարգի նպատակն է չեզոքացնել նախկինում առկա կոռուպցիոն ռիսկերը, տվյալների արտահոսքն ու կեղծիքները։ ԵՄ պահանջով նախատեսվում է հակակոռուպցիոն դասընթացների և էթիկայի կանոնագրքերի ներդրում այն պաշտոնյաների համար, որոնք աշխատում են անձնագրային տվյալների հետ։ Ներդրելով «մեկ անձ՝ մեկ փաստաթուղթ» սկզբունքը՝ վերացվում են ինքնության գողության և ընտրական կեղծիքների տեխնիկական հնարավորությունները։

«Քաղաքացին ստանում է իր տվյալների պաշտպանվածության բացարձակ երաշխիք, իսկ պետությունը՝ հանրային ծառայությունների մատուցման արագ և անխափան թվային ճարտարապետություն»,- ասում է Արփինե Սարգսյանը։

Սահմանների ինտեգրված կառավարում և միգրացիոն գործընթացներ

Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի երկրորդ՝ առավել ծավալուն բաղադրիչը վերաբերում է սահմանների ինտեգրված կառավարմանը (IBM), միգրացիային և ապաստանի տրամադրման ընթացակարգերին։ Եվրոպական հանձնաժողովի 2026-ի մայիսին հրապարակած առաջընթացի զեկույցում արձանագրվում է, որ վերջին երկու տարում Հայաստանն աստիճանաբար   ստանձնել է սահմանային վերահսկողության ավելի լայն պատասխանատվություն՝ օդանավակայաններում և այլ անցակետերում ռուս սահմանապահներին փոխարինելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերով։

Այս ինստիտուցիոնալ անցումը պահանջում է սահմանների ինտեգրված կառավարման եվրոպական փորձի կիրառում և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ աշխատանքային համաձայնագրի կնքում։

Արփինե Սարգսյանը պարզաբանում է, որ այս գործընկերությունը չի նշանակում օտարերկրյա ուժերի տեղակայում երկրի տարածքում։

«Frontex-ի հետ համագործակցությունը չի ենթադրում եվրոպական զինված ուժերի տեղակայում ՀՀ սահմաններին։ Սահմանների վերահսկողությունն ամբողջությամբ մնում է երկրի ինքնիշխան լիազորությունների ներքո»,- ասում է նախարարը։

Նրա խոսքով՝ համագործակցությունը հնարավորություն է տալիս կիրառել տեղեկատվության արագ փոխանակման, ինչպես նաև անօրինական միգրացիայի ու մաքսանենգության դեմ պայքարի համատեղ վերլուծական գործիքակազմ։ Բացի այդ, նախատեսվում է սահմանային անցակետերում փուլային տարբերակով ներդնել e-gate (էլեկտրոնային դարպաս) ավտոմատացված համակարգը, ինչը թույլ կտա սահմանային ստուգումներն իրականացնել ավելի արագ և ինքնուրույն՝ նվազեցնելով մարդկային գործոնի անհրաժեշտությունը։

VLAP-ի փաստաթուղթն անդրադառնում է նաև մեկ այլ խնդրի՝ Շենգենյան գոտում ՀՀ քաղաքացիների կողմից առողջապահական համակարգերի նկատմամբ չմարված պարտքերի կուտակմանը։ Որոշ դեպքերում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները մեկնում են ԵՄ անդամ պետություններ և ապաստան հայցում՝ եվրոպական անվճար բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով։ Սա ֆինանսական բեռ է ստեղծում ընդունող երկրների համար և բացասաբար անդրադառնում Հայաստանի վարկանիշի վրա։

Խնդիրը կարգավորելու նպատակով Հայաստանի կառավարությունը ներդրել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի առաջին փուլը։ Գործընթացն իրականացվում է երեք փուլով և նախատեսվում է ավարտին հասցնել 2028-ին։ Ծրագրի իրականացման արդյունքում բժշկական նպատակներով Եվրոպայում ապաստան հայցելու շարժառիթները կնվազեն։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ԵՄ-ում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը 2024-ի 5,130-ից 2025-ին նվազել է մինչև 3,535։

Մանե Ադամյանի խոսքով՝ Հայաստանը արդյունավետ կատարում է ռեադմիսիայի (հետընդունման) պայմանագիրը։ Ըստ փորձագետի՝ պետությունը շուրջ 80 տոկոս դեպքերում «հաջողությամբ հետ է ընդունում իր քաղաքացիներին»։

Որոշ փորձագետներ նաև նկատում են, որ վիզաների ազատականացումը՝ զուգորդված ռեադմիսիոն պարտավորություններով և կենսաչափական անձնագրերի նոր համակարգով, գործնականում առավել դյուրացնելու է ԵՄ-ում գտնվելու թույլատրելի ժամկետները խախտած անձանց հետվերադարձը։ Ըստ այդմ՝ նշվում է, որ նոր համակարգը թեպետ հեշտացնում է Եվրամիություն մեկնելու հնարավորությունները, սակայն դյուրացնում է նաև վիզային ռեժիմը խախտողներին հնարավորինս արագ հայրենիք վերադարձնելն ապահովելը։

Ինչո՞ւ է Եվրոպան պահանջում վերացնել «ոսկե անձնագրերը», ինչպե՞ս է փոխվելու հակակոռուպցիոն պայքարը և ի՞նչ է ենթադրում 2029-ի քաղաքական հորիզոնը. կարդացեք մեր հոդվածի երկրորդ մասում: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում