Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին այցելել է Գերմանիա, որտեղ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Երկու առաջնորդները նաև ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։
Հուլիսի 21-ին Ալիևը հանդիպել է նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Մերցի հետ։ Դրան նախորդող օրը նա հանդիպել էր Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի նախագահ Միխայել Հարմսի հետ։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների գործարարների միջև համագործակցության նկատմամբ «աճող հետաքրքրությունը»՝ նշելով, որ ցանկանում են ուսումնասիրել այդ համագործակցությունը «ինստիտուցիոնալացնելու» հնարավորությունները։
Նրանք նաև ընդգծել են համագործակցության առկա ներուժը ավանդական և վերականգնվող էներգետիկայի, հաղորդակցությունների, տրանսպորտի և լոգիստիկայի, այդ թվում՝ Միջին միջանցքի ուղղությամբ։
Շտայնմայերի հետ հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է «Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»։ Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանն այժմ գազ է արտահանում նաև Գերմանիա և Ավստրիա։
Ալիևը հիշատակել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին այցը Բաքու՝ ընդգծելով Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների «զարգացումը»։
Նույն օրը Ալիևն ու Մերցը ստորագրել են ռազմավարական և երկկողմ գործընկերության մասին հռչակագիրը։
Իշխանամետ APA լրատվամիջոցը գրել է, որ կողմերը «վերահաստատել են փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա հիմնված երկկողմ գործընկերությունն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում խորացնելու իրենց ցանկությունը»։
Երկու առաջնորդները նաև բարձր են գնահատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններում գրանցված «պատմական առաջընթացը»՝ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո։
Հռչակագրում ընդգծվում է Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության «ռազմավարական նշանակությունը», ինչպես նաև «քաղաքական երկխոսության և գործնական համագործակցության հետագա խորացմանն ուղղված համագործակցության ընդլայնումը»։












