Գլխավոր Լրահոս

Ալիևը հաստատել է, որ ռուս և գերմանացի պաշտոնյաները Բաքվում Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումներ են անցկացրել

Ալիևը հաստատել է, որ ռուս և գերմանացի պաշտոնյաները Բաքվում  Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումներ են անցկացրել

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի սկզբին ռուս և գերմանացի պաշտոնյաները Բաքվում գաղտնի բանակցություններ են անցկացրել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի շուրջ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախապես տեղեկացված չի եղել այդ հանդիպումների մասին և դրանց գոյության մասին իմացել է միայն The Times-ի հրապարակումներից հետո։

Հուլիսի 21-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևն ասել է, որ այդ տեղեկությունների հրապարակումից հետո դիմել է Ադրբեջանի սահմանային ծառայությանը, որն էլ, նրա խոսքով, «հաստատել է» հանդիպումների անցկացումը։

«Հուլիսի 12-ին Բեռլին-Բաքու չվերթով Բաքու են ժամանել երկու հայտնի անձ՝ [Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա] Մերկելի վարչակազմի ղեկավար պարոն [Ռոնալդ] Պոֆալան և պարոն [Մաթիաս] Պլացեկը, որոնք վերադարձել են հուլիսի 14-ին։ Նույն օրը՝ հուլիսի 12-ին, Մոսկվայից Բաքու են ժամանել նաև Ռուսաստանի նախկին վարչապետ պարոն [Վիկտոր] Զուբկովը և Ռուսաստանի նախագահի քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի ղեկավար պարոն [Վալերի] Ֆադեևը»,- ասել է Ալիևը։

«Ո՛չ Գերմանիան, ո՛չ Ռուսաստանը մեզ այդ մասին չեն տեղեկացրել։ Այլ կերպ ասած՝ մեր տարածքն ուղղակի օգտագործվել է առանց մեր իմացության»,- հավելել է նա։

Սա առաջին դեպքը չէ, երբ Պոֆալան և Պլացեկը ռուս պաշտոնյաների հետ գաղտնի հանդիպումներ են անցկացնում Ադրբեջանում։

2025-ին տեղեկությունները, որ Բաքվում գաղտնի բանակցություններ են անցկացվել նույն անձանց, ինչպես նաև Բունդեսթագի պատգամավոր Ռալֆ Շտեգների մասնակցությամբ, լայն դժգոհություն էին առաջացրել Գերմանիայում։

Զուբկովը և ռուսական պատվիրակության մյուս անդամներից մի քանիսը գտնվում են պատժամիջոցների տակ և համարվում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորները։

Չնայած, ըստ ամենայնի, Բաքուն տեղյակ չի եղել վերջին հանդիպման մասին, Ալիևը հայտարարել է․ «Եթե այս հանդիպումը նպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, ապա, իհարկե, մենք դա ողջունում ենք»։

Այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ, Ալիևի խոսքով, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են՝ գրեթե մեկ տարի տևած լարվածությունից հետո։

Լարվածությունն սկսվել էր 2024-ին Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո, երբ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը սխալմամբ խոցել էր օդանավը, ինչի հետևանքով զոհվել էր 38 մարդ։

Չնայած այդ հակասություններին՝ Ալիևը և ադրբեջանցի այլ պաշտոնյաներ շարունակել են Բաքուն ներկայացնել որպես հիմնականում չեզոք երկիր Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում, թեև Ալիևը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Երեքշաբթի իր ելույթում Ալիևն ասել է. «Մեր նպատակն այն է, որ պատերազմը դադարեցվի և տարածաշրջանում խաղաղություն հաստատվի»։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում