Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզոր»-ը (Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը) սահմանափակող միջոցներ է մտցրել Հայաստանից կաթնամթերքի ներմուծման և ռուսական շուկայում դրա իրացման նկատմամբ՝ պատճառաբանելով վտանգավոր վարակների թափանցումն ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների տարածումը կանխելու անհրաժեշտությամբ։

Ըստ ռուսական կողմի տարածած հաղորդագրության՝ այս որոշմանը նախորդել են հուլիսի 14-ից 21-ը Հայաստանի կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում անցկացված ստուգումները։ Այդ ընկերություններին նախկինում թույլատրվել էր արտադրանք մատակարարել Ռուսաստան՝ Հայաստանի անասնաբուժական ծառայության տված երաշխիքների ներքո։

«Ռոսսելխոզնադզորից» հայտնում են, որ իրականացված տեսչական ստուգումները հաստատել են դեռևս 2023-2024-ին արձանագրված համանման խախտումները։ Դրանք վերաբերում են հետագծելիության համակարգի ապահովմանը, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի ձևակերպմանը, մուտքագրվող հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննությանը, ինչպես նաև ռիսկերի կառավարման և արտադրական վերահսկողության ծրագրերի կատարմանը։

Ռուսական վերահսկիչ մարմնի պնդմամբ՝ ստուգումների ընթացքում պարզվել է, որ Ռուսաստան առաքվող ապրանքների արտադրության համար օգտագործվել է վարակված անասնագլխաքանակից ստացված կաթ։ Բացի այդ, ըստ հայտարարության, բացահայտվել են դեպքեր, երբ բարձր յուղայնությամբ արտադրանքի թողարկման նպատակով կիրառվել է երրորդ երկրների հումք, չնայած հայկական կողմի՝ բացառապես տեղական կամ ԵԱՏՄ երկրների հումք օգտագործելու նախկին հավաստիացումներին։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում մինչ օրս չի ձևավորվել համակարգ, որը թույլ կտա հաստատել արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնային հումքի ծագումն ու անվտանգությունը։ Ըստ ռուսական կողմի՝ սա հատկապես վերաբերում է ֆիզիկական անձանցից մթերվող կաթին, որոնք չեն կարող երաշխավորել արտադրանքի անվտանգությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական լաբորատոր բազան բարելավելու անհրաժեշտությանը։

«Ռոսսելխոզնադզորը» նշում է, որ հայկական կողմը չի սպասարկում գյուղատնտեսական արտադրողների արդյունավետ վերահսկողությունը, ինչը, ըստ ռուսական գերատեսչության, նաև Հայաստանի կառավարության 2019-ի բարեփոխումների հետևանք է։


2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսեց կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ 

Ապրիլի վերջին ՌԴ սպառողների իրավունքների գործակալությունը՝ «Ռոսպոտրեբնադզորը», խնդիրներ գտավ «Ջերմուկ» հանքային ջրերում և սահմանափակեց ներմուծումը։ Ավելի ուշ սահմանափակումները տարածվեցին հայկական գյուղմթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների և այլ ապրանքների վրա։ Փորձագետները նշում են, որ այս պատժիչ քայլերը կապված են հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ, և Մոսկվան դրանով ցանկանում է հայ ընտրողներին կողմնորոշել քվեարկելու ռուսամետ թեկնածուների օգտին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում