Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների հավաքականի երկու ներկայացուցիչ Բաքվում դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
48 կգ քաշային կարգում Արարատ Ավետիսյանը 1/8 եզրափակչում 14:7 հաշվով հաղթել է մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսին՝ գոտեմարտի ընթացքում զիջելով 2:7 հաշվով: Քառորդ եզրափակչում Ավետիսյանը 9:3 հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ջավոհիր Շարիֆբոևի նկատմամբ:
65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը որակավորման փուլում 7:4 հաշվով հաղթել է իրանցի Գալեհիին, 1/8 եզրափակչում 5:2 հաշվով պարտության է մատնել Ղրղզստանի ներկայացուցիչ Կամիլ Բերդիկուլովին, իսկ քառորդ եզրափակչում 4:3 հաշվով հաղթել է խորվաթ Լովրով Վիդովիչին:
Մ-17 Եվրոպայի գործող չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ), մեկնարկային հաղթանակներ տանելուց հետո, պարտվել են քառորդ եզրափակչում: 55 կգ քաշային Գեղամ Եղիազարյանը մեկնարկում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և շարունակում է պայքարը:
Ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունն անցկացվում է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում:












