Ադրբեջանում կալանավորել են տեղական Toplum TV լրատվամիջոցի 9 լրագրողի, որոնք դատապարտվել են մինչև 15 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ BBC-ի՝ Toplum TV-իի համահիմնադիրներ Աքիֆ Ղուրբանովն ու Ռուսլան Իզեթլին դատապարտվել են 15 տարվա, լրատվամիջոցի հիմնադիր Ալեսքեր Մամմադլին՝ 14 տարվա, իսկ մյուս աշխատակիցները՝ 12-14 տարվա ազատազրկման։ BBC-ն նկատում է, որ նման պատժաչափեր սովորաբար սահմանվում են պետական դավաճանության գործերով։
Ադրբեջանական մեդիան, որն անկախ լրատվամիջոցի համարում ուներ, հետաքննական լրագրությամբ էր զբաղվում՝ կենտրոնանալով կոռուպցիոն, ֆինանսական գործարքների, ինչպես նաև ներիշխանական խմորումների մասին բացահայտումների վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև 2024-ին։ Այդ ժամանակ կապարակնքվել էր խմբագրությունը և ձերբակալվել խմբագրական ամբողջ կազմը։
Մեդիայի մասին ադրբեջանական օրենքը արգելում է արտասահմանյան ֆինանսավորմամբ լրատվամիջոցների գործունեությունը, որը, ըստ BBC-ի, թույլ է տվել ադրբեջանական իշխանություններին լրատվամիջոցներին մեղադրել փողերի լվացման և ֆինանսական այլ մեքենայությունների մեջ։
Ադրբեջանական իշխանությունների գործողությունները չեն վրիպել ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ Եվրոպայի խորհրդի ուշադրությունից, որոնք քանիցս բարձրաձայնել են Ադրբեջանում մարդու իրավունքի խախտումների մասին։
Ադրբեջանում լրագրողների դեմ արշավներն ավելի լայն թափով սկսվել են 2023-ից վերջերից։ Ամենաաղմկահարույց գործերից մեկը Abzas մեդիային էր վերաբերում, որի տարբեր աշխատակիցներ դատապարտվել էին մինչև 9 տարվա ազատազրկման։












