ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ հանրային լսում է տեղի ունեցել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի շուրջ հանրային լսում է եղել հուլիսի 28-ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հանրային լսմանը մասնակցել են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը, Էներգետիկ համակարգի ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նախագծի բովանդակությունը։ Նա ընդգծել է, որ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի հիմքում դրվել է էլեկտրաէներգիայի բաշխման կենսական հանրային նշանակության, բնակչությանը անխափան էնեկտրաէներգիայի մատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, էներգետիկ համակարգի կայունության և սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Նախարարությունից հայտնում են, որ մասնակիցների կողմից նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեն ներկայացվել։
Հունիսին հայտնի դարձավ, որ կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100% բաժնեմասը հանրության գերակա շահ կճանաչի: Ընկերության սեփականատերերը մերժել էին պետության գնառաջարկը, իսկ կարգավորող մարմինը կասեցրել է ընկերության լիցենզիան։
Կառավարությունը Սամվել Կարապետյանի ընտանիքին 380,000 դոլար էր առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։
ՀԷՑ-ի շուրջ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հունիսի կեսերին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։ Իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց, նրան մեղադրանք ներկայացվեց իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր անելու մեջ։ Դրանից օրեր անց կառավարությունը նախաձեռնեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական գործընթաց և ստանձնեց ընկերության կառավարումը։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը որոշեց կասեցնել ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված քայլերը՝ արգելելով ընկերության կառավարման փոփոխությունները, նոր տնօրենների նշանակումները և այլ միջամտությունները։
Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, շարունակաբար հայտարարում են, թե ՀԷՑ-ի նկատմամբ քայլերն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Փաշինյանը ակնարկել է, որ ՀԷՑ-ի կառավարման իրավունքը հնարավոր է փոխանցվի մասնավոր օպերատորին, ինչպես դա արվել է օրինակ ջրամատակարարման ոլորտում։
Կազմակերպություն










