Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։ Այն մեկ իրավական ակտում կհամախմբի ոլորտը կարգավորող՝ մինչ այժմ տարբեր օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում սփռված կարգավորումները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը չորեքշաբթի երեկոյան հրապարակված հարցազրույցում ասել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Դավթյանի խոսքով՝ նոր օրենքը պայմանավորված է նաև այս աշնանը նոր կենսաչափական ենթակառուցվածքի գործարկմամբ։
«Մենք վերանայել ենք ընդհանուր առմամբ մոտ երեք տասնյակ իրավական ակտ, այդ թվում՝ մի քանի օրենքներ, մի քանի ենթօրենսդրական ակտեր և ավելի մանր իրավական ակտեր, և այդ ամենը միավորել ենք մեկ փաթեթի մեջ, մեկ մայր օրենքի շրջանակում, որը կոչվում է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենք»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ նոր օրենքը նաև կարգավորում է պետության և մասնավոր գործընկերոջ դերաբաշխումը կենսաչափական համակարգի ներդրման շրջանակում։
Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 տարեկան երեխաների համար՝ ծնողի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանից այն կդառնա պարտադիր։
Դավթյանը պարզաբանել է, որ պարտադիր լինելը չի ենթադրելու սանկցիա, սակայն պետության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ կկառուցվեն հենց ID քարտի հիման վրա։
«16 տարեկանից սկսած՝ քարտը դառնալու է պարտադիր... պարտադիրությունը որպես այդպիսին չի պատժվում որևէ սանկցիայով... պարզապես այսուհետ պետությունը նույնականացման քարտի վրա է կառուցում հանրային ծառայություններ մատուցելու և անձի իրավական ինքնության նույնացման մեխանիզմները»,– նշել է նա։
Փաստաթղթերի տրամադրման հիմնական պայմաններն են․
Անձնագիրը՝ միայն ID քարտի առկայությամբ. այսուհետ անձնագիր (որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ) հնարավոր կլինի ստանալ միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։ «Անձը նախ պետք է նույնական լինի պետության համար ներքին տիրույթում, հետո դրա հիման վրա նոր տրամադրվի ճամփորդական փաստաթուղթը»,– ասել է Դավթյանը։
Վավերականության ժամկետները. ID քարտը կտրամադրվի 5 տարի վավերականության ժամկետով, իսկ անձնագիրը՝ 10 տարի։
Ծառայությունների արժեքը. նոր կենսաչափական անձնագրի ստանդարտ արժեքը կկազմի 29,850 դրամ, իսկ ID քարտինը՝ 5,950 դրամ։ Արագացված ծառայությունների գները կսահմանվեն ավելի ուշ՝ մասնավոր գործընկերոջ կողմից։
Սպասարկման և տրամադրման ժամկետները. hայտի սպասարկման հերթն ըստ պայմանագրի չպետք է գերազանցի 14 օրը (դիմողների 50%-ը պետք է սպասարկվի մինչև 7 օրում)։ Դիմումը մուտքագրելուց հետո պատրաստի փաստաթղթերի տրամադրման ստանդարտ ժամկետը կկազմի 14 աշխատանքային օր։
Մատնահետքեր. Նախկին 10 մատի փոխարեն այսուհետ վերցվելու է միայն 2 մատի մատնահետք։
ՆԳՆ պաշտոնյան ընդգծել է, որ քաղաքացիները պարտադրված չեն գործող հին նմուշի անձնագրերն ու ID քարտերը փոխարինելու։ Դրանք կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, կորուստը կամ վնասվելը։ Եթե հին անձնագրում կան վավեր վիզաներ, քաղաքացին այն պարզապես կկրի նոր կենսաչափական անձնագրի հետ զուգահեռ։ Միաժամանակ, այս աշնանից (ստույգ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ) հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։
Փաստաթղթերի ընդունումը կանցնի մասնավոր ընկերության
Դավթյանի խոսքով՝ նոր համակարգը կիրականացվի պետություն–մասնավոր գործընկերության (PPP) մոդելով։ Մրցույթի արդյունքում ընտրվել է ֆրանսիական IN Groupe-ի և ACEO ընկերության կոնսորցիումը, որը Հայաստանում հիմնադրել է «Հայպաս» (HayPass) ՓԲԸ-ն։
Սկզբնական փուլում կբացվի 14 գրասենյակ, իսկ հաջորդ տարվա փետրվարին դրանց թիվը կհասնի 23-ի (Երևանում կգործի 2 գրասենյակ, իսկ մնացած 21-ը՝ մարզերում)։ Այդ գրասենյակներում քաղաքացիները կդիմեն անձնագրերի և ID քարտերի ձևակերպման համար, մինչդեռ որոշումների կայացման իրավասությունը լիովին կպահպանվի պետության կողմից։
«Որոշումների կայացման կտորը պետության ավտոնոմ լիարժեք իրավասությունն է... պետությունն է, որ որոշում է, թե որ սուբյեկտին ինչպիսի փաստաթուղթ պետք է տրամադրվի»,– ասել է Դավթյանը։
Դավթյանը նշել է, որ գործընթացը երկու տարբեր սցենարով կիրականացվի՝ կախված նրանից, թե անձի տվյալներն արդեն առկա են բնակչության պետական ռեգիստրում, թե ոչ։ Եթե անձի տվյալները առկա են, և խնդիր չկա ռեգիստրում, նա կարող է ուղղակի դիմել մասնավոր գրասենյակ։ Սակայն այն դեպքերում, երբ անձը երբեք գրանցված չի եղել Հայաստանում (օրինակ՝ ամբողջ կյանքում ապրել է արտերկրում), նա նախ պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որպեսզի ստեղծվի նրա իրավական ինքնության պրոֆիլը և տվյալները մուտքագրվեն պետական ռեգիստր, և միայն դրանից հետո կարող է դիմել մասնավոր գրասենյակ։
Նրա խոսքով՝ պետությունը սեփական ուժերով չէր կարող իրականացնել նման հսկայական ենթակառուցվածքային ծրագիր. «Փոխում ենք ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչները... հնարավոր չէր իրականացնել այն ֆինանսական ներդրումը, որ պահանջվում էր անել, պետբյուջեից արդարացված չէր, երկրորդ՝ չունեինք այդ փորձագիտական ներուժը... Սա թռիչքաձև զարգացում է ոլորտի»։
Վիզաների ազատականացում և ծառայություններ արտերկրում
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը շեշտել է, որ կենսաչափական համակարգի ներդրումը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առանցքային նախապայմանն է, առանց որի գործընթացն ուղղակի չէր կարող կայանալ։
Բացի այդ, նոր համակարգի շնորհիվ առաջին անգամ հնարավորություն կստեղծվի ՀՀ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում ոչ միայն անձնագրի, այլև նույնականացման (ID) քարտերի դիմումներ ընդունել և տրամադրել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին։












