«Վարչաֆեստ 2026»-ը հարկատուներին կարժենա 179 մլն դրամ

«Վարչաֆեստ 2026»-ի կազմակերպման համար կառավարությունը պետական բյուջեից կհատկացնի մոտ 179 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է հուլիսի 30-ի կառավարության նիստում։
Գումարը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից և կուղղվի Սևանա լճի ափին նախատեսվող երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպմանն ու անցկացմանը։
Փառատոնի կազմակերպման համար ԿԳՄՍ նախարարությունը գնառաջարկ էր ուղարկել հինգ կազմակերպության, որոնցից առաջարկներ են ներկայացրել երկուսը։ Ընտրվել է «Գրավիթի Փրոդաքշն» ՍՊԸ-ն։
Ընկերությունը ստեղծվել է 2019-ի նոյեմբերին և սկսել է մասնակցել պետական գնումներին ու հաղթել։ Ընկերության միակ բաժնետերը ռեժիսոր Արամայիս Հայրապետյանն է։
Ընկերությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության բավականին մեծ թվով գնումներ է շահել։ «Արմեփս» համակարգում գրանցված 13 պայմանագրերից 12-ը կնքվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ Հանրային հեռուստաընկերության հետ։
Նախագծի համաձայն՝ փառատոնը նպատակ ունի բացահայտել և խրախուսել երիտասարդ երաժշտախմբերին, նպաստել կենդանի և հեղինակային երաժշտության զարգացմանը, ինչպես նաև խթանել մշակութային զբոսաշրջությունը Սևանի տարածաշրջանում։











