Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված շինծու դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հուլիսի 31-ին կայացած նիստում շարունակվել են հայ գերիների և նրանց պաշտպանների ելույթները։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատարանին խնդրել է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրեն։
Պատասխան խոսքով հանդես են եկել նաև Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալավերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը, ինչպես նաև նրանցից մի քանիսի պաշտպանները։ Նրանք ներկայացրել են իրենց փաստարկները՝ հայտարարելով, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում, իսկ պաշտպանները դատարանից պահանջել են բեկանել առաջին ատյանի դատավճիռներն ու արդարացնել իրենց պաշտպանյալներին։
Այնուհետև ելույթ են ունեցել, այսպես կոչված, տուժողների ներկայացուցիչներն ու դատախազները՝ պնդելով, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական և հիմնավորված է։
Նիստի ավարտին նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին, որից հետո դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
2026-ի փետրվարին Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը Բաքվում դատապարտվել են ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ռուբեն Վարդանյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, քանի որ Ադրբեջանի օրենսդրությամբ 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում չի կիրառվում։












