Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ Ամենայն Հայոց Կաթողիկոսը չմասնակցեց ԱԺ առաջին նիստի բացմանը։ Նրան հրավեր չի ուղարկվել։
Ընդդիմությունը նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո հարց բարձրացրեց՝ որտե՞ղ է Վեհափառ Հայրապետը, ԱԺ նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը հորդորեց չխանգարել նիստը։
Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա հարց ուղղեց Կնյազ Հասանովին՝ ինչու՞ այդ իրավունքը չի իրացվել։
Ի պատասխան՝ Հասանովը նշեց, որ իրավասու չէ պարզաբանել այդ հարցը։
«Կաթողիկոսը կարող էր ինքը ներկայանալ, ոչ մեկը նրա «դեմը չէր կարող առնել»։ Այսօր ինձ պատիվ է եղել, որ ես այս խորհրդարանը ղեկավարեմ, և երևի մի քանի ժամից մենք Ազգային ժողովի նախագահ կընտրենք, ձեր բոլոր հարցերով կդիմեք մեր հարգարժան Ազգային ժողովի նախագահին»,- ասաց նա։
Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները բաց հակամարտության փուլ են մտել 2025-ի մայիսի վերջին։ Փաշինյանն ու իր թիմակիցները Կաթողիկոսին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և նրան անվանում իր ավազանի անունով։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը տեղ էր գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։












