Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարձակումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարձակումը։ Այս մասին նա գրել է TruthSocial-ի իր էջում։
Թրամփը նշում է, որ Իրանը և մի շարք Մերձավոր Արևելքի երկրներ խնդրել են հետաձգել այն, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակներն արդեն համաձայնեցված են։
Թրամփը գրել է, որ ԱՄՆ-ն «ամբողջությամբ պատրաստ էր» ռազմական գործողության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ ռազմական ուժ կիրառելու մակարդակով, սակայն համաձայնել է դադարեցնել հարձակումը՝ հանուն հնարավոր արագ համաձայնության։
Նրա խոսքով՝ նախատեսվող համաձայնագիրը ներառում է Հորմուզի նեղուցի ամբողջական վերաբացումը, ինչպես նաև Իրանի միջուկային սպառնալիքի վերացումը։ Թրամփը հավելել է, որ Իսրայելը ևս միացել է այդ հանձնառությանը։
«Համաձայնել եմ չեղարկել հարձակումը՝ պայմանով, որ հնարավոր լինի արագ հասնել համաձայնության»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում էին սկսել Իրանի դեմ։ Դրան ի պատասխան Իրանը ևս հարվածներ էր հասցնում Իսրայելին ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանը հրադադարի համաձայնության էր հասել Միացյալ Նահանգների հետ: Սկսվել էին ակտիվ բանակցություններ։
Սակայն հուլիսի 10-ին Իրանում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել:











