Չնայած անորոշություններին` ԿԲ-ն անփոփոխ է թողնում վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հերթական անգամ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն պահպանելով 6,5% մակարդակում, չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում գնաճը մի քանի ամիս է գերազանցում է սահմանված թիրախային 3% ցուցանիշը:
Ըստ Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության, օգոստոսի 4-ին ԿԲ խորհրդի կայացրած որոշումը համահունչ է Ֆինանսական շուկայի մասնակիցների սպասումներին: Միևնույն ժամանակ նշվում է, որ այն ընդունվել է համաշխարհային անորոշությունների և Հայաստանի տնտեսությունում պահանջարկի բարձր մակարդակի պայմաններում։
Իսկ Հայաստանում այդ ընթացքում, ըստ ԿԲ հրապարակած տվյալների, գնաճային ֆոնը մնացել է բարձր։ «2026 թ. երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է ձևավորվել թիրախից բարձր մակարդակում՝ հունիսին կազմելով 5,1%, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 4.9%», - նշված է ԿԲ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Գնաճային այս միջավայրն ուղեկցվում է Հայաստանում տնտեսական բարձր ակտիվությամբ (7,9%` 2026-ի առաջին կիսամյակում), որի հիմնական շարժիչ ուժը շինարարության և ծառայությունների ոլորտներն են։ ԿԲ-ն փաստում է, որ ծառայությունների ճյուղում նկատվող աճը վկայում է տնտեսությունում բարձր պահանջարկի առկայության մասին, ինչին լրացուցիչ նպաստում է նաև դեպի Հայաստան այցելությունների աճով պայմանավորված արտաքին պահանջարկը։ Այս գործոններ իրենց հերթին, ըստ ԿԲ հաղորդագրության, նպաստում են նաև աշխատավարձերի և գնաճի տեմպերի արագացմանը։
Անդրադառնալով գլոբալ մակրոտնտեսական միջավայրին՝ ԿԲ-ն ընդգծում է աշխարհաքաղաքական անորոշությունների, ԱՄՆ պետական պարտքի բարձր ուղեգծի և էներգակիրների գների ֆոնին համաշխարհային տնտեսությունում պահանջարկի թուլացումը։ Նաև մատնանշվում է Եվրոգոտում և Ռուսաստանում տնտեսական կառուցվածքային խնդիրների խորացումը՝ վատթարացնելով միջնաժամկետ աճի հեռանկարները։
Բարդացող արտաքին միջավայրի ֆոնին Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացնելիս դիտարկել է զարգացման երկու հակադիր սցենարներ: «Ա» տիպի սցենարներ, որոնք ենթադրում են ավելցուկային պահանջարկի ընդլայնում և պահանջում են ավելի բարձր տոկոսադրույքի քաղաքականություն։ «Բ» տիպի սցենարներ, որոնք կապված են արտահանման առանձին ուղղություններում (խոսքը մասնավորապես դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումների մասին է) առաջացած խնդիրների հետևանքով եկամուտների նվազման և գնանկումային ռիսկերի հետ, ինչը պահանջում է ավելի մեղմ դրամավարկային քաղաքականություն։
«Արդյունքում, արձանագրելով «Ա» տիպի սցենարների նյութականանալու մեծ հավանականությունը, սակայն կարևորելով «Բ» տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը»,- պարզաբանում է գլխավոր դրամատուն հավելելով, որ շարունակելու է մշտադիտարկել տնտեսական զարգացումները անհրաժեշտության դեպքում կիրառելով համապատասխան գործիքակազմ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակային ցուցանիշի և գների կայունության ապահովման համար։











