«Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը պնդում է, որ իր ղեկավարության ընթացքում ընկերությունը 1 մլրդ ՀՀ դրամ դիվիդենտ է վճարել պետական բյուջե, իսկ 2025-ին ֆինանսական արդյունքը 2024-ի համեմատ բարելավվել է շուրջ 900 մլն դրամով։ Նա նաև հայտարարել է, որ վերջին առնվազն 10 տարիների ընթացքում «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն է։
Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, անդրադարձել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գործունեությանն ու իր պաշտոնավարմանն առնչվող հարցերին։
Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նա պնդել է, որ իր ղեկավարության ընթացքում «Հայփոստը» պետական բյուջե է վճարել 1 մլրդ ՀՀ դրամ դիվիդենտ։
Խոսելով ընկերության վնասների մասին՝ Ալեքսանյանն անդրադարձել է 2025-ի տվյալներին.
«2025-ի արդյունքներով՝ ընկերությունը վնաս չի կրել։ Եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը՝ ընկերության EBITDA-ն, եղել է դրական։ Շուրջ 500 մլն դրամի բացասական ցուցանիշը պայմանավորված է ամորտիզացիոն մասհանումներով, ինչը բնականոն երևույթ է խոշոր անշարժ գույք և ավտոպարկ ունեցող կազմակերպությունների համար։ Կարևոր է ընդգծել նաև, որ ամորտիզացիան դրամական արտահոսք չէ, հետևաբար ընկերությունը, առավել ևս պետությունը, փաստացի ֆինանսական կորուստներ չեն կրել։ Հիմք՝ արտաքին աուդիտի հրապարակված հաշվետվություն»,- նշել է նա։
Ալեքսանյանը նաև նշել է, որ իր ղեկավարության ընթացքում՝ 2025-ին, ընկերության ֆինանսական արդյունքը 2024-ի համեմատ բարելավվել է շուրջ 900 մլն դրամով։
Աշխատավարձի և այլ հարցերի վերաբերյալ նա մասնավորապես ասել է.
«Ես վերջին առնվազն 10 տարիների «Հայփոստի» ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ։ Նախորդ տարիներին նույնիսկ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ ստացել են ավելի բարձր վարձատրություն, քան ես այսօր՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, այդ թվում՝ պետական կառավարման տարիներին։ Թեև բազմիցս նշել եմ, որ որևէ մեղսավոր բան չկա բարձր աշխատավարձ ստանալու մեջ։
2024-ին ինձ վճարված շուրջ 5 մլն դրամը, որն իմ հայտարարագրում ներկայացվել է որպես «այլ եկամուտ», օրենքով սահմանված մայրության նպաստ է։
Հարկ եմ համարում հիշեցնել, որ «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնել եմ 2024-ի նոյեմբերի 22-ին։ Հետևաբար, 2024-ի տարեկան ֆինանսական ցուցանիշների կամ դրան նախորդած գործընթացների՝ սակագների վերանայման և այլնի համար պատասխանատվություն կրելը օբյեկտիվորեն հնարավոր չէ»,- նշել է նա։
«Ազատության» հետաքննությունը՝ տնօրենի նշանակման և աշխատավարձի վերաբերյալ
«Ազատության» հուլիսի 31-ին հրապարակած հետաքննության համաձայն՝ Շուշան Ալեքսանյանը «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել 2024-ի նոյեմբերին։ «Հայփոստը» ամբողջությամբ պետական ընկերություն է, իսկ տնօրենի պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը, ըստ նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, գերազանցել է 118 հազար դոլարը։ Այսինքն՝ նա պետական ընկերությունից ամսական ստացել է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար։
«Հայփոստի» գլխավոր տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ Սակայն «Ազատությանը» չի հաջողվել ստանալ մրցույթի նիստերի արձանագրությունները կամ տեղեկություններ այն մասին, թե քանի թեկնածու է մասնակցել մրցույթին և ովքեր են եղել նրանք։ «Հայփոստը» և ընկերությունը կառավարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չեն հրապարակել նաև դիտորդ խորհրդի անդամների վերաբերյալ տեղեկությունները՝ դրանք համարելով անձնական տվյալներ։
Հետաքննության համաձայն՝ անհայտ է մնացել նաև, թե ինչ չափորոշիչներով է ձևավորվել «Հայփոստի» գլխավոր տնօրենի աշխատավարձը։ ԲՏԱ նախարարությունը «Ազատությանը» հայտնել է, որ «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև, չափորոշիչներ կամ սկզբունքներ սահմանված չեն։ Նախարարությունը չի տրամադրել նաև բաժնետերերի ժողովի որոշումների արձանագրությունները՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք, ինչպես նաև վերջին 6 տարվա ընթացքում տնօրենի աշխատավարձի փոփոխությունների վերաբերյալ տվյալները։
«Ազատության» ուսումնասիրած 2025-ի ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ընկերության հիմնական ղեկավար անձնակազմի աշխատավարձային ֆոնդը 2025-ին աճել է ավելի քան 28 տոկոսով՝ 176.7 միլիոնից հասնելով 227.2 միլիոն դրամի։ Միաժամանակ «Հայփոստի» հասույթը մոտ 7 տոկոսով նվազել է՝ 9.8 միլիարդից հասնելով 9.1 միլիարդ դրամի, իսկ համախառն շահույթը՝ 1 միլիարդ 475 միլիոնից՝ 1 միլիարդ 27 միլիոն դրամի։
Հետաքննության մեջ նշվում է նաև, որ 2024-ի համեմատ ընկերության վարկային պարտավորությունները մոտ 6 անգամ աճել են՝ 58 միլիոնից հասնելով 396 միլիոն դրամի։ Միևնույն ժամանակ ընկերության զուտ վնասը նվազել է մոտ երկու անգամ՝ 1.4 միլիարդից հասնելով 523 միլիոն դրամի։
«Հայփոստից» «Ազատությանը» հայտնել են, որ տարվա արդյունքներով ֆինանսական վատթարացման դեպքում այն չի ազդի գլխավոր տնօրենի աշխատավարձի վրա։












