Գլխավոր Լրահոս

Բայրամովը՝ Կիևում. Բաքվի նոր ազդակները և Մոսկվայի լռությունը

Բայրամովը՝ Կիևում. Բաքվի նոր ազդակները և Մոսկվայի լռությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 6-ին պաշտոնական այցով մեկնել էր Ուկրաինա։ Սա նման մակարդակի ադրբեջանական պատվիրակության առաջին այցն էր Կիև ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր։ Ուկրաինական այցին նախորդել էին հուլիսի կեսերին Բայրամովի պաշտոնական հանդիպումները Մոսկվայում (Մոսկվա-Բաքու վերականգնված կապերի շուրջ) և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «օկուպացիայի հետ երբեք չհաշտվելու» մասին հրապարակային հորդորը Ուկրաինային։ Ինչ վերաբերում է Բայրամովի այցին Կիև, պաշտոնական Մոսկվան դեռևս լռում է այս հարցով։

2022-ի փետրվարի 24-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմը բարդ իրավիճակի մեջ դրեց Ադրբեջանին՝ հաշվի առնելով ռուսական հարձակումից երկու օր առաջ Մոսկվայի հետ ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը: Այնուամենայնիվ, Ադրբեջանը պահպանեց կապերը Ուկրաինայի հետ՝ հիմնականում մարդասիրական օգնության մակարդակում։ Սակայն Ադրբեջանը վերջին երկու տարում կոշտացնում է նաև քաղաքական խոսույթը և պարբերաբար աջակցում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Բայրամովի այցի արդյունքները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Կիևում հյուրընկալվել է ուկրաինացի իր գործընկեր Անդրեյ Սիբիգային ու նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Թեև բանակցությունները վերաբերել են ամենատարբեր ոլորտների, կենտրոնական հարցը էներգետիկ համագործակցությունն էր, որը թույլ է տվել ուկրաինական կողմին Բաքվի հետ կապերը ռազմավարական համարել։ Ադրբեջանը անհրաժեշտության պարագայում Ուկրաինա գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել՝ կարևորելով ուկրաինական ստորգետնյա գազային պահուստների օգտագործումը։

Ուկրաինա գազ արտահանելու օգտին կարող է խոսել Ադրբեջանի՝ Հարավային գազային միջանցքով Եվրոպա կապույտ վառելիք արտահանելու փորձը։ Ներկայում Ադրբեջանը տարեկան 25 մլրդ խորանարդ մետր արտահանվող գազի գրեթե կեսը ուղղում է եվրոպական 12 երկիր, որոնցից 10-ը Եվրամիության անդամ են։ 

Վերջին համագործակցությունը հաստատվել է Գերմանիայի հետ, որտեղ Ադրբեջանը այս տարվանից 1,5 մլրդ խորանարդ մետր գազ է սկսել արտահանել։ 

Ադրբեջանն ու Ուկրաինան համաձայնել են ընդլայնել ադրբեջանական նավթագազային պետական ընկերության՝ SOCAR-ի դերն այդ երկրում։

Մոսկվան դեռևս լռո՞ւմ է 

Պաշտոնական Մոսկվան դեռևս չի արձագանքել օգոստոսի 6-ին Ադրբեջանի արտգործնախար Բայրամովի՝ Կիև կատարած այցին։ Այդ մասին չկա հաղորդագրություն ո՛չ երկրի արտգործնախարարության, ո՛չ էլ Կրեմլի կայքում։ 

Առայժմ Ռուսաստանից հնչած արձագանքը միայն սահամանափակվում է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչևի հայտարարությամբ, որը դատապարտել է Բայրամովի այցը Կիև և արդարացրել Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ։

Ուշագրավ է, որ Կրեմլը, ի դեմս ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, անդրադարձել էր ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններին հուլիսին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարող հայտարարություններ Շուշիի չորրորդ Գլոբալ ֆորումի ժամանակ։ 

Պեսկովը Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում «սխալ էր» համարել և խոստացել «փաստարկված և հետևողականորեն» ներկայացնել Ադրբեջանին հարցի շուրջ Կրեմլի դիրքորոշումը։

«Սա հիմք չէ, որ այդ հարցը ստվերի ռուս-ադրբեջանական հարաբերությունները», - նշել էր Պեսկովը։

Զելենսկու այցը Ադրբեջան

Ադրբեջանա-ուկրաինական ամենաբարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների նախագահների մասնակցությամբ այս տարվա ապրիլին՝ Գաբալայում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմի ընթացքում առաջին անգամ այցելել էր Ադրբեջան։

Կողմերը, ի թիվս էներգետիկ և հումանիտար այլ հարցերի, քննարկել էին պաշտպանական համագործակցության հարցեր։ Ավելին՝ Զելենսկին նաև առաջարկել էր Բաքվին հարթակ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հնարավոր բանակցությունների համար։ Այդ գաղափարը բավականին տարածված է նաև Ադրբեջանում, և քննարկումներն ակտիվացան Բայրամովի՝ Կիև կատարած այցի ֆոնին։ 

Ադրբեջանական տեսանկյունից բանակցությունների նշանակությունն ավելի մեծ էր, քան բացառապես Կիևի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը։ Հետևաբար, Ադրբեջանը, որը Ուկրաինայի հետ հարաբերություններում սկսել է ավելի գործնական քայլեր կատարել, կարծես փորձում է հավասարահեռ քաղաքականություն վարել հակամարտող կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Սա ապագայում կարող է հնարավորության տալ Բաքվին՝ նրանց միջև բանակցությունները սեփական հարկի տակ անցկացնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում