Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակով

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) խոր մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Խորհուրդը նշել է, որ, որպես եկեղեցիների համաշխարհային եղբայրակցություն, վերահաստատում է Հայ Առաքելական եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական ընտանիքում։
«Մենք մտահոգություն ենք հայտնում եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության առնչությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Խորհուրդը հույս է հայտնում, որ ստեղծված հակամարտությունը կկարգավորվի այնպես, որ կնպաստի ամբողջ հայ ժողովրդի բարօրությանը։
«Մենք աղոթքով և աջակցությամբ Հայ եկեղեցու և նրա ժողովրդի կողքին ենք այս դժվարին ժամանակահատվածում»,- նշվում է հայտարարությունում։
Օգոստոսի 7-ին, Վաղարշապատի դատարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (կարգալուծությունից հետո՝ Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո: Սարոյանը դիմել էր դատարան, որպեսզի վերականգնվի պաշտոնում։
Հայաստանի իշխանության և եկեղեցու հարաբերությունները լարվել են 2025-ի մայիսի վերջից։ Փաշինյանն ու իր թիմակիցները Կաթողիկոսին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ և նրան անվանում իր ավազանի անունով։ Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը տեղ էր գտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում։
Կազմակերպություն









