Ամերիկյան հիփոթեքային խոշորագույն Fannie Mae և Freddie Mac գործակալությունները համատեղ ընկերություն կստեղծեն, որը կզբաղվի ակտիվներով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալության (FHFA) նախագահ Էդվարդ Դեմարկոն։
Միավորված ընկերությունը կունենա իր գլխավոր տնօրենը և տնօրենների խորհուրդը, այն կֆինանսավորվի երկու գործակալությունների կողմից։ Բացի այդ՝ կսահմանվեն վարկերի ապահովման միասնական չափորոշիչներ։ Դրանք կգործեն անգամ այն դեպքում, երբ լուծարվեն գործակալությունները։ Մինչ տարեվերջ նախատեսվում է ավարտել նոր ընկերության անձնակազմի հավաքագրումն ու բիզնեսի կազմակերպումը։
Դեմարկոյի խոսքով՝ սա գործակալությունների վերակազմավորմանն ուղղված առաջին քայլն է։ Դրանք ազգայնացվել էին ամերիկյան Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումից մեկ շաբաթ առաջ: 2008թ. սեպտեմբերին ԱՄՆ կառավարությունը Fannie Mae-ին և Freddie Mac-ին հատկացրել էր $190 մլրդ։ Երկու գործակալությունները միասին ապահովագրում են ԱՄՆ-ի ավելի քան $10 տրլն-ի հիփոթեքային վարկերի 80%-ը։
2012թ. Freddie Mac-ի շահույթը կազմել է $11 մլրդ։ Ընկերությունը վերջին անգամ շահույթ ստացել է 2006թ.։
Ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականները փոխհամաձայնության էին եկել, որ Fannie Mae-ը և Freddie Mac-ը աստիճանաբար դադարեցնելու են գործունեությունը, սակայն չէր որոշվել՝ ինչ կառույց պետք է փոխարինի նրանց։ Freddie Mac-ի փորձագետների կարծիքով՝ գործակալությունների գործառույթների մասնակի միավորումը ֆինանսական շուկաներին դրական ազդակ կհաղորդի։
FHFA-ն գործակալություններից պահանջել է մասնավոր ներդրողներին վաճառել պետպարտատոմսերով չապահովագրված հիփոթեքային գործիքների մի մասը։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է առնվազն $30 մլրդ-ի նման գործիքներ վաճառի։ Բացի այդ՝ FHFA-ի պահանջով գործակալությունները բնակելի անշարժ գույքի վարկային երաշխիքների ծավալը 2012թ. համեմատ նվազեցնելու են 10%-ով կամ վաճառելու նման փոխառությունների և ոչ իրացվելի ակտիվների մի մասը։

Civilnet










