Օտարերկրյա ֆինանսավորման վերահսկողություն. ինչու է Հնդկաստանը խստացնում

Հնդկաստանի խորհրդարանում քննարկվում են հասարակական, բարեգործական և կրոնական կազմակերպությունների՝ արտասահմանից ստացվող ֆինանսավորման նկատմամբ պետական վերահսկողությունն ընդլայնող օրենսդրական փոփոխություններ։ Դրանք վերաբերում են «Օտարերկրյա ներդրումների կարգավորման մասին» օրենքին՝ FCRA-ին (Foreign Contribution Regulation Act), որը սահմանում է, թե ինչ պայմաններով կարող են հնդկական կազմակերպությունները ֆինանսավորում ստանալ արտասահմանից։ 2026-ի փոփոխությունների նախագիծը, ի թիվս այլ դրույթների, նախատեսում է նոր կարգավորումներ այն միջոցների և գույքի կառավարման համար, որոնք ստեղծվել են օտարերկրյա ֆինանսավորմամբ, եթե կազմակերպությունը կորցնում է FCRA գրանցումը: Նախագիծը Հնդկաստանում բուռն բանավեճի առիթ է դարձել։ Քննադատները պնդում են, որ այն կարող է ավելի մեծ վերահսկողություն տալ կառավարությանը քաղաքացիական հասարակության նկատմամբ և հատկապես մտահոգություններ են հայտնում եկեղեցիների ու քրիստոնեական կազմակերպությունների գործունեության հնարավոր սահմանափակումների վերաբերյալ։ Հնդկաստանի կառավարությունը, հակառակը, պնդում է, որ փոփոխությունների նպատակը օտարերկրյա ֆինանսավորման թափանցիկության և վերահսկողության ուժեղացումն է։ The European Times կայքում այս թեմային է անդրադառնում իտալականա ծագմամբ կանադացի վերլուծաբան Կառլո Լոմբարդին։ Նրա հիմնական թեզն այն է, որ Հնդկաստանի քայլերը բացառություն չեն․ աշխարհի մի շարք ժողովրդավարություններ ևս փորձում են վերահսկել արտասահմանյան ֆինանսավորման միջոցով իրենց ներքին քաղաքական և հասարակական գործընթացների վրա հնարավոր ազդեցությունը։
Լոմբարդին իր հոդվածը սկսում է Հնդկաստանի շուրջ ձևավորված քննադատությունից։ Նրա խոսքով՝ FCRA-ի փոփոխությունների ընդդիմախոսները դրանք ներկայացնում են որպես հարձակում քաղաքացիական հասարակության և քրիստոնեական կազմակերպությունների վրա, ինչպես նաև Հնդկաստանի՝ ժողովրդավարական նորմերից հեռանալու ևս մեկ դրսևորում։
Սակայն հեղինակը հարցը հակառակ կողմից է դնում․ «Ինչո՞ւ Հնդկաստանին պետք է մերժվի օտարերկրյա ազդեցությունը կարգավորելու ինքնիշխան իրավունքը, երբ գրեթե բոլոր խոշոր ժողովրդավարությունները շարժվում են նույն ուղղությամբ»։
Նա հիշեցնում է, որ ԱՄՆ-ում տասնամյակներ շարունակ գործում է Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը՝ FARA-ն, Ավստրալիայում՝ Foreign Influence Transparency Scheme-ը, Մեծ Բրիտանիայում՝ Foreign Influence Registration Scheme-ը, և Եվրամիությունը ևս մշակում է արտաքին միջամտության և գաղտնի ազդեցության դեմ գործիքներ։
Ըստ Լոմբարդիի՝ այս համակարգերի հիմքում նույն սկզբունքն է՝ օտարերկրյա փողերը չպետք է հնարավորություն տան առանց պատշաճ թափանցիկության և վերահսկողության ազդելու երկրի «քաղաքական, սոցիալական կամ ինստիտուցիոնալ միջավայրի» վրա։
Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի քաղաքացիական հասարակության չափերին։ Նրա ներկայացրած գնահատականներով՝ երկրում գործում է 3,3-3,7 միլիոն հասարակական կազմակերպություն, որոնք կազմում են G20-ի երկրներում գործող ՀԿ-ների ընդհանուր թվի ավելի քան կեսը։
Համեմատության համար՝ Իտալիայում երրորդ հատվածի շուրջ 360,000 կազմակերպություն կա։
Այս պատճառով, ըստ Լոմբարդիի, նման ծավալի համակարգում օտարերկրյա ֆինանսավորման վերահսկողությունը «ոչ միայն բյուրոկրատական վարժություն կամ քաղաքական ընտրություն է, այլ ազգային անվտանգության հարց»։
Օրենքը և եկեղեցիների շուրջ վեճը
FCRA-ի փոփոխությունների վերաբերյալ ամենասուր քննադատություններից մեկը կապված է քրիստոնեական կազմակերպությունների հետ։ Մասնավորապես, մտահոգություններ են հնչել, որ նոր դրույթները կառավարությանը հնարավորություն կտան վերահսկողության տակ վերցնել եկեղեցական գույքը։
Լոմբարդին վիճարկում է այս մեկնաբանությունը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները պետությանը չեն տալիս քրիստոնեական կազմակերպությունների գույքը պարզապես նրանց կրոնական պատկանելության պատճառով բռնագրավելու իրավունք։ Դրանք վերաբերում են այն դեպքերին, երբ կազմակերպության FCRA գրանցումը դադարեցվել, չեղարկվել կամ չի երկարաձգվել, և այն գույքին, որը ձեռք է բերվել օտարերկրյա ֆինանսավորմամբ։
Նա նաև շեշտում է, որ օրենքի կիրառումը տարիների ընթացքում վերաբերել է ոչ միայն քրիստոնեական կառույցներին, այլև բնապահպանական կազմակերպություններին, համալսարաններին, հետազոտական հաստատություններին, իրավապաշտպան խմբերին և տարբեր կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ հինդուիստական կառույցների։
Լոմբարդիի հիմնական փաստարկներից մեկն այն է, որ արտասահմանյան ֆինանսավորումը չի կարելի դիտարկել միայն որպես բարեգործական կամ մարդասիրական օգնություն։
Նա վկայակոչում է Հնդկաստանի հետախուզական մարմինների պնդումները, ըստ որոնց՝ օտարերկրյա ֆինանսավորում ստացող որոշ կազմակերպություններ ներգրավված են եղել ռազմավարական ենթակառուցվածքային և էներգետիկ ծրագրերի դեմ արշավներում։ Հոդվածում ներկայացվում են նաև Հնդկաստանի իշխանությունների պնդումները օտարերկրյա ֆինանսավորում ստացող որոշ մահմեդական բարեգործական կազմակերպությունների և ծայրահեղականության տարածման միջև հնարավոր կապերի վերաբերյալ։
«Ցանկացած կառավարություն իրավունք ունի հարցնելու, թե ով է ֆինանսավորում իր սահմանների ներսում քաղաքական ակտիվությունը և ինչ նպատակով»,- գրում է Լոմբարդին։
FCRA-ի փոփոխությունները քննադատության են արժանացել նաև ԱՄՆ-ում։ Հանրապետական կոնգրեսական Ռայլի Մուրը մտահոգություն է հայտնել, որ դրանք կարող են մեծացնել կառավարության վերահսկողությունը եկեղեցիների և քրիստոնեական կազմակերպությունների նկատմամբ և վնասել Հնդկաստան-ԱՄՆ հարաբերություններին։
Լոմբարդին, սակայն, այս միջամտությունը ներկայացնում է որպես իր իսկ թեզը հաստատող օրինակ։ Նրա տրամաբանությամբ՝ երբ մեկ այլ երկրի ընտրված պաշտոնյա միջամտում է Հնդկաստանում օտարերկրյա ֆինանսավորումը կարգավորող օրենսդրության շուրջ բանավեճին, դա ցույց է տալիս, որ արտաքին ազդեցության հարցը զուտ տեսական չէ։
Հոդվածի վերջում Լոմբարդին պնդում է, որ տրամաբանական չէ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Մեծ Բրիտանիայում ընդունելի համարել օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը կարգավորող օրենքները, բայց Հնդկաստանի նմանօրինակ քայլերը ներկայացնել որպես բացառապես ավտորիտար քաղաքականություն։
«Հնդկաստանը պետք է ունենա իր ժողովրդավարական ինստիտուտների ամբողջականությունը պաշտպանելու նույն ինքնիշխան իրավունքը, որը մյուս ժողովրդավարությունները վերապահում են իրենց»,- գրում է նա։
Տեղադրություն










