Գլխավոր Լրահոս

Առանց լազերի և ռադիոխլացման. Հնդկաստանում դրոնների դեմ նոր ակուստիկ տեխնոլոգիա են մշակել

Առանց լազերի և ռադիոխլացման. Հնդկաստանում դրոնների դեմ նոր ակուստիկ տեխնոլոգիա են մշակել

Հնդկաստանում գիտնականները անօդաչու թռչող սարքերի (դրոնների) դեմ ակուստիկ համակարգ են մշակել, որը բարձր ինտենսիվության ձայնային ալիքների միջոցով կարող է խաթարել դրոնի հավասարակշռությունը և այն շարքից հանել՝ առանց զինամթերքի, լազերի կամ ռադիոէլեկտրոնային խլացման միջոցների կիրառման։ Չանդիգարհի Գիտական գործիքաշինության կենտրոնական կազմակերպության (CSIO) մշակած տեխնոլոգիայի գրում է հնդկական The Economic Times-ը։ 

Ի տարբերություն հակադրոնային ավանդական համակարգերի, որոնք խափանում են ԱԹՍ-ի և օպերատորի միջև ռադիոկապը, նոր համակարգն ազդում է անմիջապես դրոնի ներքին սենսորների՝ MEMS (միկրոէլեկտրամեխանիկական համակարգեր) գիրոսկոպների վրա։ Դրանք չափում են դրոնի պտտական շարժումն ու տվյալներ փոխանցում թռիչքի կառավարման համակարգչին՝ ապահովելով սարքի հավասարակշռությունն ու ճիշտ դիրքը։

Հատուկ ակուստիկ փոխակերպիչներն արձակում են բարձր ինտենսիվության ձայնային ալիքներ այնպիսի հաճախականությամբ, որը համընկնում է դրոնի սենսորի ռեզոնանսային հաճախականության հետ։ Դրա հետևանքով գիրոսկոպը կարող է անկառավարելի տատանվել և թռիչքի կառավարման համակարգչին սխալ տվյալներ փոխանցել։

Դրոնն այդ դեպքում փորձում է ուղղել իրականում գոյություն չունեցող շեղումները, ինչի հետևանքով կարող է կորցնել կայունությունը, շեղվել թռիչքի ուղուց կամ վայրկյանների ընթացքում վայր ընկնել։ 

Նոր տեխնոլոգիայի առավելություններից մեկն այն է, որ այն կարող է կիրառվել նաև ինքնավար դրոնների դեմ։ Քանի որ համակարգը թիրախավորում է ոչ թե կապի ազդանշանը, այլ դրոնի ներքին սենսորները, հեռակառավարման ազդանշանից անկախ գործող ԱԹՍ-ները ևս կարող են խոցելի լինել դրա նկատմամբ։

Լրացուցիչ պաշտպանական շերտ

Ակուստիկ հակադրոնային համակարգերը հիմնականում նախատեսված են մի քանի հարյուր մետր շառավղով կետային պաշտպանության համար։ Դրանք կարող են կիրառվել հատկապես քաղաքային և խիտ կառուցապատված տարածքներում, որտեղ ռադարների արդյունավետությունը սահմանափակ է։

Տեխնոլոգիան ունի նաև սահմանափակումներ։ Աղմկոտ միջավայրում դրա արդյունավետությունը կարող է նվազել, աշխատանքի վրա կարող են ազդել նաև ուժեղ քամին և եղանակային պայմանները։ Այդ պատճառով ակուստիկ համակարգերը դիտարկվում են ոչ թե որպես ռադարներին և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին փոխարինող տեխնոլոգիա, այլ որպես բազմաշերտ հակաօդային պաշտպանության լրացուցիչ բաղադրիչ։ 

CSIO-ի համակարգն ունի մոդուլային կառուցվածք և նախատեսված է այնպես, որ հնարավոր լինի նույն օդային տարածքում պաշտպանել արտոնված դրոնները։

Նախագիծը ֆինանսավորել է Կանպուրի Հնդկական տեխնոլոգիական ինստիտուտում (IIT Kanpur) ստեղծված տեխնոլոգիական նորարարությունների և կիբեռանվտանգության IHUB-NTIHAC կենտրոնը։ CSIO-ն այժմ արդյունաբերական գործընկերներ է փնտրում՝ տեխնոլոգիան զանգվածային արտադրության և առևտրայնացման հասցնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում