Մայիսի 3-ին Հնդկաստանը հայտարարեց իր GalaxEye ստարտափի OptoSAR արբանյակ հաջող փորձարկման մայիսին։ The Diplomat հանդեսը գրում է, որ այս սա պարզապես տեխնոլոգիական նվաճում չէ, այլ խորը տեխնոլոգիաների (deep tech) ոլորտում նորարարության մոդելի ձևավորումը, որը վերջին տարիներին զարգանում է Հնդկաստանում։ Երկրի տիեզերական հավակնությունները այլևս պայմանավորված չեն միայն պետության գործունեությամբ։ Դրանք ձևավորվում են պետական կառույցների և խորը տեխնոլոգիաների ոլորտում գործող հավակնոտ ստարտափների նոր սերնդի միջև ընդլայնվող համագործակցության միջոցով։
GalaxEye-ի հաջողությունը հատկապես նշանակալի է, քանի որ ցույց է տալիս, թե ինչպես են հնդկական ստարտափները սկսում մուտք գործել տիեզերական տեխնոլոգիաների այնպիսի բարդ ոլորտներ, որոնք նախկինում գերակշռաբար գտնվում էին գերտերությունների և պետական աջակցություն վայելող կորպորացիաների վերահսկողության ներքո։ Ընկերության OptoSAR տեխնոլոգիան համատեղում է օպտիկական և սինթետիկ բացվածքով ռադարի (SAR) պատկերահանման հնարավորությունները՝ ապահովելով Երկրագնդի մակերևույթի բարձրորակ դիտարկում նույնիսկ վատ եղանակային պայմաններում կամ խիտ ամպամածության դեպքում։ Սա հատկապես կարևոր է արևադարձային գոտիներում, ինչպիսին Հնդկական թերակղզին է, որտեղ նման պայմանները լուրջ մարտահրավեր են։
Կարևոր է նշել, որ GalaxEye-ը միայնակ չէ։ Բենգալուրուում հիմնված Pixxel ստարտափը նույնպես դարձել է Հնդկաստանի արագ զարգացող մասնավոր տիեզերական էկոհամակարգի վառ օրինակը։ Pixxel-ը միջազգային ճանաչում է ձեռք բերել հիպերսպեկտրալ պատկերահանման արբանյակների մշակման շնորհիվ, որոնք կարող են ապահովել Երկրագնդի մակերևույթի դիտարկման չափազանց մանրամասն տվյալներ՝ գյուղատնտեսության, կլիմայի մոնիթորինգի, հանքարդյունաբերության, պաշտպանության և շրջակա միջավայրի վերլուծության համար։ 2026-ի մայիսին ընկերությունը համաշխարհային ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ պայմանագիր կնքեց ԱՄՆ Ազգային հետախուզական վարչության (NRO) հետ կապված ծրագրի շրջանակում՝ հնդկական սակավաթիվ ստարտափներից, որը ռազմավարական նշանակության տիեզերական ոլորտում կարողացել է նման բարձր մակարդակի միջազգային համագործակցություն հաստատել։
Այս զարգացումները վկայում են Հնդկաստանի խորը տեխնոլոգիաների էկոհամակարգում ձեռնարկատիրական բարձր ոգու ձևավորման մասին։ Հնդկական ստարտափները գնալով ավելի են բացահայտում տեխնոլոգիական այն բացերը, որոնք հաճախ անտեսվել են համաշխարհային խաղացողների կողմից, և փորձում են առաջարկել ինչպես տեղական պայմաններին հարմարեցված, այնպես էլ գլոբալ մակարդակում մրցունակ լուծումներ։ Օրինակ՝ թեև միջազգային արբանյակային բազմաթիվ համակարգեր դժվարություններ ունեն Հարավային Ասիային բնորոշ արևադարձային եղանակային պայմանների և հաճախակի ամպամածության պայմաններում արդյունավետ աշխատելու հարցում, GalaxEye-ի նման հնդկական ստարտափները կենտրոնացել են հենց այդ խնդիրների լուծման վրա։
Սակայն այս հաջողության պատմությունները չպետք է դիտարկել միայն որպես առանձին ձեռնարկատիրական ձեռքբերումներ։ Դրանք ավելի շուտ արտացոլում են Հնդկաստանի տիեզերական նորարարության մոդելի ավելի լայն վերափոխումը։ Տասնամյակներ շարունակ Հնդկաստանի տիեզերական ծրագիրը գրեթե ամբողջությամբ պետության վերահսկողության ներքո էր։ Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) հիմնական կառույցն էր, որը պատասխանատու էր հետազոտությունների, արձակման առաքելությունների, արբանյակների մշակման և ռազմավարական տիեզերական նորարարությունների համար։ Թեև մասնավոր ընկերությունները մասնակցում էին արտադրական և մատակարարման շղթայի գործընթացներին, դրանք հիմնականում դուրս էին նորարարությունների և առաքելությունների մշակման առանցքային փուլերից։ Այժմ այդ իրավիճակը կտրուկ փոխվում է։
Երկու փոխկապակցված իրողություններ՝ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական, էականորեն վերափոխել են Հնդկաստանի ռազմավարական մտածողությունը և արագացրել տիեզերական զարգացման նոր մոդելի ձևավորումը։
Նախ՝ խորը տեխնոլոգիաների ոլորտում գլոբալ մրցակցության սրացումը, հատկապես Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև, ավելի է դրդում Հնդկաստանին ամրապնդելու սեփական տեխնոլոգիական կարողությունները։ Տիեզերական տեխնոլոգիաներն այլևս չեն դիտարկվում միայն որպես գիտական կամ հեղինակության հետ կապված ոլորտ։ Դրանք այժմ սերտորեն կապված են ազգային անվտանգության, հետախուզական և դիտարկման կարողությունների, մատակարարման շղթաների կայունության, արհեստական բանականության զարգացման, հաղորդակցական ենթակառուցվածքների և տնտեսական մրցունակության հետ։ Հնդկաստանը գնալով ավելի հստակ է գիտակցում, որ ապագայի աշխարհաքաղաքական ազդեցությունը մեծապես կախված է լինելու տեխնոլոգիական և տիեզերական հնարավորություններից։ Հետևաբար, Նյու Դելին ձգտում է ապահովել, որ ապագա գլոբալ տիեզերական կարգը չձևավորվի բացառապես մեկ կամ երկու գերտերությունների գերիշխանությամբ։
Միևնույն ժամանակ, աշխարհատնտեսական շարժառիթները նույնպես կենտրոնական նշանակություն են ստացել Հնդկաստանի մոտեցման փոփոխության մեջ։ Ակնկալվում է, որ համաշխարհային տիեզերական տնտեսությունը կդառնա ապագայի տնտեսական աճի ամենակարևոր ոլորտներից մեկը։ Ոլորտային գնահատականների համաձայն՝ 2040-ականներին համաշխարհային տիեզերական տնտեսության ծավալը կարող է գերազանցել 1 տրիլիոն դոլարը։ Գիտակցելով այս հնարավորությունները՝ Հնդկաստանը ձգտում է ընդլայնել իր ներկայությունը համաշխարհային տիեզերական շուկայում։ Ներկայում Հնդկաստանին բաժին է ընկնում համաշխարհային տիեզերական տնտեսության մոտ 2 տոկոսը, որի արժեքը գնահատվում է շուրջ 8.4 միլիարդ դոլար։ Սակայն Հնդկաստանի կառավարությունը հավակնոտ նպատակ է սահմանել՝ այդ ցուցանիշը մինչև 2033-ը հասցնել մոտ 44 միլիարդ դոլարի։












