Հնդկաստանը փորձում է ակտիվ դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման գործընթացում, սակայն Մոսկվայի որոշումների վրա նրա ազդեցությունը սահմանափակ է։ Ամերիկյան The Diplomat պարբերականում հրապարակված հոդվածում հետազոտող Շանթի Մարիեթ Դ’Սոուզան վերլուծում է Նյու Դելիի միջնորդական հավակնություններն ու դրանց հիմքում ընկած տնտեսական և ռազմավարական շահերը։
Նոյեմբերի 9-ին՝ Աբու Դաբիում ԱՄՆ միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններից մեկ օր առաջ, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Մոդին վերահաստատեց խաղաղ կարգավորմանն «ամեն հնարավոր եղանակով նպաստելու Հնդկաստանի վճռական հանձնառությունը»։ Զելենսկու խոսքով՝ քննարկել են նաև Սև ծովով հացահատիկի արտահանման խոչընդոտները, և Հնդկաստանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել պարենային միջանցքների ստեղծման հարցում։
Նույն օրը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը հակամարտությունն ու դիվանագիտական նախաձեռնությունները քննարկեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս շփումները ցույց են տալիս, որ Նյու Դելին ուշադիր հետևում է խաղաղության գործընթացին։ Սակայն նոյեմբերի 10-ին մեկնարկած Աբու Դաբիի բանակցությունները, ինչպես նախորդ փուլերը, ավարտվեցին առանց շոշափելի արդյունքի։
Ինչո՞ւ է Հնդկաստանը շահագրգռված խաղաղությամբ
Ուկրաինայում պատերազմի ավարտը Հնդկաստանին կարող է երեք հիմնական օգուտ բերել։
Առաջինը էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդումն է։
Պատերազմը խաթարել է նավթի և գազի համաշխարհային շուկաները՝ դժվարություններ ստեղծելով Հնդկաստանի համար, որը ներմուծում է իր սպառած հում նավթի մեծ մասը։ Պարարտանյութերի և սննդային յուղերի մատակարարումների սահմանափակումները նույնպես նպաստել են գնաճին։
Հնդկաստանն աշխարհում բուսական յուղի խոշորագույն ներմուծողն է։ Նախկինում դրա զգալի մասը ստանում էր Ուկրաինայից, սակայն սեպտեմբերին այդ ներմուծումը նվազեց մինչև վերջին ավելի քան չորս տարվա ամենացածր մակարդակը։
Սև ծովով հացահատիկի արտահանման խոչընդոտները բարձր են պահում պարենի համաշխարհային գները։ Խաղաղությունը կարող է կայունացնել էներգակիրների շուկաները, վերականգնել մատակարարումները և նվազեցնել ներմուծման ծախսերը։
Երկրորդը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հավասարակշռություն պահպանելու հնարավորությունն է։
Նյու Դելին տարիներ շարունակ Ռուսաստանից սպառազինություն և զեղչված նավթ է գնել՝ միաժամանակ խորացնելով պաշտպանական, տեխնոլոգիական և առևտրային համագործակցությունը Վաշինգտոնի հետ։
Սակայն Արևմուտքի ճնշումները, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի սահմանած մաքսատուրքերը, Հնդկաստանին կանգնեցրել են բարդ ընտրությունների առաջ։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների բարելավումը Նյու Դելիին թույլ կտա ավելի ազատ իրականացնել ռազմավարական ինքնուրույնության քաղաքականությունը՝ առանց հակամարտող կողմերից մեկին միանալու անհրաժեշտության։
Երրորդը Եվրոպայի հետ գործընկերության խորացումն է։
Եվրամիությունը Հնդկաստանի կարևոր տնտեսական և ռազմավարական գործընկերներից է։ Երկու կողմերն առաջ են տանում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև պաշտպանական և տեխնոլոգիական համագործակցությունը։
Նոյեմբերի սկզբին ավարտվեցին «Հորիզոն Եվրոպա» գիտահետազոտական ծրագրին Հնդկաստանի միանալու վերաբերյալ բանակցությունները։
Սակայն Ուկրաինայի պատերազմը կլանել է Եվրոպայի քաղաքական ուշադրության և ֆինանսական միջոցների զգալի մասը, իսկ Ռուսաստանի հետ Նյու Դելիի կապերը բարդացրել են փոխգործակցությունը։ Խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ բացել առևտրի, ներդրումների և մաքուր էներգետիկայի ոլորտներում։
Կարո՞ղ է Հնդկաստանը ազդել Ռուսաստանի վրա
Սեփական շահերից ելնելով՝ Հնդկաստանը վերջին շրջանում ակտիվացրել է դիվանագիտական ջանքերը։ Սեպտեմբերի 3-ին արտգործնախարար Ջայշանքարն այցելեց Ուկրաինա և հանդիպեց Զելենսկու հետ։ Սա Հնդկաստանի արտգործնախարարի առաջին առանձին երկկողմ այցն էր այդ երկիր։
Հոկտեմբերին Նյու Դելին առաջարկեց հրադադարի եռամաս ծրագիր՝ դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ապահովել հացահատիկի և էներգակիրների փոխադրումները Սև ծովով և վերջ տալ առևտրային նավերի դեմ հարվածներին։
Սակայն հեղինակը կասկածի տակ է դնում այս նախաձեռնությունների հաջողության հեռանկարը։
Թեև Մոսկվան և Նյու Դելին պատմականորեն ամուր հարաբերություններ ունեն, Հնդկաստանը գրեթե չունի Կրեմլի որոշումների վրա ազդելու լծակներ։
Մոդիի բազմիցս հնչեցրած՝ «հիմա պատերազմելու ժամանակը չէ» հայտարարությունը Պուտինը լսել է, սակայն անտեսել։
Հեղինակի գնահատմամբ՝ Նյու Դելին դանդաղ է գիտակցում, որ Մոսկվայի համար իր նշանակությունը մեծապես պայմանավորված է ռազմավարական շուկա լինելու հանգամանքով։ Ավելին, Ջայշանքարի՝ Կիև կատարած այցից հետո Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի դեմ ամենածանր հարձակումներից մի քանիսը։
Այդուհանդերձ, Հնդկաստանը հազիվ թե հրաժարվի իր հավակնություններից։
Հեղինակի կարծիքով՝ Նյու Դելիի իրատեսական դերը կարող է լինել ոչ այնքան խաղաղարարինը, որքան բանակցություններին նպաստող կողմինը։ Մոսկվայի և Կիևի հետ հարաբերությունները հնարավորություն են տալիս պահպանել հաղորդակցության ուղիները և հասնել սահմանափակ մարդասիրական ու տնտեսական պայմանավորվածությունների, այդ թվում՝ Սև ծովով պարենի արտահանման հարցում։
Սակայն միջազգային վստահելի խաղաղարար դառնալու համար Հնդկաստանին անհրաժեշտ են ազդեցության ավելի ուժեղ դիվանագիտական և ինստիտուցիոնալ լծակներ, ինչպես նաև հակամարտությունների երկարաժամկետ կարգավորմանը նպաստելու հետևողական քաղաքականություն։












