«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը որևէ ստորագրված փաստաթղթում չկա, իսկ Հայաստանի տարածքում գոյություն ունի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծը, որի տակ դրված են Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ստորագրությունները։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական խոսույթի մակարդակում շատերը կարող են տարբեր հայտարարություններ անել, սակայն իրավական և փաստացի հարթությունում «Զանգեզուրի միջանցք» տերմինով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն չունի։ Նա ընդգծեց, որ ստորագրված փաստաթղթերում նկարագրված պայմաններով տարածաշրջանի ապաշրջափակումը ձեռնտու է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։
Անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն ու երկաթուղու շինարարության ժամկետներին՝ Եղոյանը նշեց, որ աշխատանքներն առաջ են գնում ամբողջ թափով։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Արման Եղոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի ատոմակայանին առնչվող հայտարարություններին։ Նա պարզաբանեց, որ ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը՝ 2036 թվականը, որոշվում է ֆիզիկական թույլատրելիությամբ և սահմանված է համապատասխան փաստաթղթերով, այլ ոչ թե որևէ երկրի ղեկավարի ցանկությամբ։
«Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է, և այդ ժամկետը 2036 թվականն է։ Ով ինչ ուզում է ասի, սա այն պատմությունը եղավ․ եթե Ալիևն ասի՝ ծխելը վնասակար է առողջությանը, պետք է բոլորով սկսենք ծխե՞լ, ինչ է թե ինքն ասում է՝ ծխելը վնասակար է»,- նշեց Եղոյանը։
Էներգետիկ ոլորտի քննարկումների համատեքստում պատգամավորը նշեց, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, որն ուղղվում է Իրան և Վրաստան, իսկ ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները շարունակվում են։
Նա հավելեց, որ Հայաստանի համար շահավետ է տարբեր աղբյուրներից էներգակիրների ներկրումն ու արտահանումը, և երկկողմ առևտրային հնարավորությունների քննարկումը նորմալ գործընթաց է, որը չպետք է կապել ատոմակայանի հարցի հետ։
Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, մասնավորապես «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն պնդմանը, թե Նիկոլ Փաշինյանը նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բարձրացրել է Ադրբեջանի պարտադրանքով, Եղոյանը դրանք որակեց սուտ։
«Նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է դեռ 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրվա առիթով իր ուղերձում։ Բացե՛ք վարչապետի կայքը, կա հուլիսի 5-ի ուղերձը։ Ավելին, վարչապետն ասել է, որ հիմա պետք է քննարկենք և 2021-ին արդեն դնենք հանրաքվեի։ Այն ժամանակ ո՛չ պատերազմը կար, ո՛չ դրա հետևանքները կային, ո՛չ որևէ նման խոսույթ կար։ Ավելին, ինքն այդ մասին խոսել է նույն թվականի փետրվարին՝ Պետրոս Ղազարյանին տված իր հարցազրույցում՝ 2020-ի փետրվարին»,- նշեց Եղոյանը։
Հունիսի 1-ին Վաշինգտոնում և հունիսի 4-ին Երևանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:
2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են համատեղ հռչակագիր։ Հռչակագրով հաստատվել է ԹՐԻՓՓ նախագիծը՝ որպես տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագիր։











