Ադրբեջանական ընկերությունը դատի է տվել Ալիևի աշխատակազմին՝ Ղրղզստանում հյուրանոցի կառուցման դիմաց չվճարված գումարների պատճառով

Baku Resort and Spa հյուրանոցի բացումը Ղրղզստանում
Պաշտոնական լուսանկար
Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ադրբեջանական FLAX կառուցապատող ընկերությունը, ըստ հաղորդումների, դատի է տվել Ադրբեջանի կառավարությանը և նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմին՝ Ղրղզստանում հյուրանոցի կառուցապատման աշխատանքների դիմաց ամբողջությամբ չվճարելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) հաղորդմամբ՝ ադրբեջանական դատարանը մերժել է FLAX-ի հայցը՝ վճռելով, որ «ընկերությունը չի կարողացել ապացուցել, որ այդ պայմանագրերով մյուս կողմը որևէ պարտավորություն ունի»։
Հուլիսի 31-ին Ալիևը մասնակցել է Ղրղզստանում Իսիկ Կուլ լճի ափին կառուցված շքեղ հյուրանոցի բացմանը։ Համալիրը նաև գոլֆի դաշտ ունի։ Հաղորդվում է, որ հյուրանոցը կառուցվել է Ադրբեջանի և Ղրղզստանի պետական բյուջեների միջոցներով, սակայն ծախսված գումարի ճշգրիտ չափը հայտնի չէ։
Ղրղզստանի նախագահի աշխատակազմին առընթեր Գույքի կառավարման վարչության ղեկավարի տեղակալ Տալանտբեկ Ջունուշևը 2023-ին հայտնել էր, որ «հյուրանոցային համալիրի արժեքը մոտ 155-200 միլիոն մանաթ է (91-120 միլիոն դոլար)»։
RFE/RL-ը, անանունության պայմանով վկայակոչելով FLAX ՍՊԸ-ի աշխատակցին, հաղորդել է, որ ընկերությունն «արդեն ավարտել է աշխատանքները, սակայն դրանց դիմաց վճարում չի ստացել»։ Ըստ RFE/RL-ի՝ նախագահի աշխատակազմը 2023-ին FLAX ՍՊԸ-ի հետ հյուրանոցի կառուցման պայմանագիր է կնքել, որի շրջանակում 228 հազար մանաթ (130 հազար դոլար) է հատկացվել «բացառապես հյուրանոցային համալիրի նախագծման փուլի համար»։
Ընկերությունը հիմնականում զբաղվում է ճարտարապետական նախագծմամբ և քաղաքաշինությամբ և նախկինում ևս համագործակցել է պետական գերատեսչությունների հետ։
RFE/RL-ի հաղորդմամբ՝ նախագծի ադրբեջանական ֆինանսավորումը տրամադրվել է նախագահի աշխատակազմի միջոցներից։
FLAX-ը պնդում է, որ «կատարել է պայմանագրով նախատեսված աշխատանքները» և նախագահի աշխատակազմի պահանջով նույնիսկ «վերանախագծել է ամբողջ համալիրի նախագծի մի քանի հատված»։
Ընկերությունը նախկինում ևս դատի էր տվել Ադրբեջանի կառավարությանը՝ Ադրբեջանի Զանգիլանի շրջանում իրականացված նախագծի դիմաց գումարն ամբողջությամբ չվճարելու պատճառով։ RFE/RL-ի տրամադրության տակ հայտնված պայմանագրի պատճենի համաձայն՝ FLAX-ն աշխատանքների արժեքը գնահատել էր ավելի քան 1,1 միլիոն մանաթ (650 հազար դոլար), սակայն այդ գումարի միայն 30 տոկոսն էր վճարվել՝ 335 հազար մանաթ (200 հազար դոլար)։
Ադրբեջանը բազմիցս մեղադրվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում ընկերությունների նկատմամբ ունեցած պարտքերը չվճարելու մեջ։ Հուլիսին տեղեկություններ էին տարածվել, որ նախագահի աշխատակազմը և պետական նավթային SOCAR ընկերության դուստր ձեռնարկությունները գրեթե 500 հազար դոլարի պարտք են կուտակել «Ազերխալչա» ԲԲԸ պետական գործակալությունից պատվիրված թանկարժեք գորգերի գնման համար։
2025-ի դեկտեմբերին ղրղզական Meadi ՍՊԸ շինարարական ընկերությունը դատի է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պնդելով, որ Բիշքեկում Ադրբեջան-Ղրղզստան բարեկամության այգու կառուցապատման աշխատանքների դիմաց իրեն դեռ ավելի քան 3 միլիոն դոլար են պարտք։











