Գլոբալ տնտեսության հեռանկարները ընթացիկ տարվա սկզբից ի վեր բարելավվել են և իրադրության վատթարացման ռիսկերը նվազել են: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալության զեկույցը: «Կարգավորիչների գործողությունները, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից եվրոգոտու երկրներ կողմից պարտատոմսերի հետգնումը, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի առավել ագրեսիվ քաղաքականությունը, ինչպես նաև Չինաստանի կառավարության քայլերը՝ ուղղված ՀՆԱ-ի աճի դանդաղման տեմպերի նվազումը կանխելուն, զգալիորեն նվազեցրել են համաշխարհային տնտեսության դանդաղման ռիսկերը», -ասված է զեկւոյցում:
Գործակալության փորձագետների կարծիքով՝ եվրոգոտու տնտեսության ռիսկերը կայունացել են, ինչը հնարավորություն կտա ռեցեսիայից դուրս գալ արդեն 2013թ. վերջին: Կանխատեսվում է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի տարածաշրջանի տնտեսություններում 2012-ի համեմատ զգալի փոփոխություններ չեն արձանագրվի, և աճը ոչ մեծ կլինի:
Ըստ S&P-ի՝ գլոբալ և ազգային տնտեսությունների աճի համար դրական ազդակ կարող է լինել Ճապոնիայի կառավարության՝ դեֆլացիայի երկարամյա շրջանի ավարտին ուղղված քայլերը: «Կանխատեսվում է, որ հիմնականում վարկանիշների խառը դինամիկա կարձանագրվի, որը կվկայի ամբողջ աշխարհում տնտեսական և վարկային պայմանների փոփոխման մասին: Ընդ որում՝ նախկինի պես մեծ է եվրոգոտու թողարկողների վարկանիշների իջեցման հավանականությունը՝ աճի բացակայության, ֆինանսական թույլ պայմանների և տնտեսական իրադրության վատթարացման ռիսկերի պահպանման ֆոնին», -ասված է զեկույցում:
Civilnet











