Գլխավոր Լրահոս

Ադրբեջանում սննդի ծախսերը հասել են ամսական միջին ծախսերի 50 տոկոսին

Պետական վիճակագրական կոմիտեն

Պետական վիճակագրական կոմիտեն

Պաշտոնական լուսանկար

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի տնային տնտեսությունների՝ սննդի վրա կատարվող ծախսերը հասել են ամսական մանրածախ ծախսերի միջինը 50 տոկոսին։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն։ Խմիչքի և ծխախոտի արտադրանքի ծախսերը ներառելու դեպքում այդ ցուցանիշը գերազանցում է 54 տոկոսը։ 2026-ի առաջին վեց ամիսների տվյալներով՝ այս ապրանքների վրա ընդհանուր ծախսերը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,7 տոկոսով։ Ցուցանիշը նաև զգալիորեն գերազանցում է Հայաստանի և Վրաստանի համապատասխան ցուցանիշները։

Պետական կոմիտեի տվյալներով՝ սննդի, խմիչքի և ծխախոտի արտադրանքի վրա ծախսվել է ավելի քան 20 միլիարդ մանաթ (11 միլիարդ դոլար), իսկ այլ ապրանքների վրա՝ ավելի քան 17 միլիարդ մանաթ (10 միլիարդ դոլար)։

Կոմիտեն հայտնել է, որ հաշվետու ժամանակահատվածում «մեկ անձի ամսական միջին մանրածախ ծախսը կազմել է 530 մանաթ (310 դոլար), որից 290 մանաթը (170 դոլար)՝ սննդի, խմիչքի և ծխախոտի արտադրանքի, իսկ 240 մանաթը (140 դոլար)՝ ոչ պարենային ապրանքների համար»։

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին սոցիալական ցանցերում գրել է, որ եթե քաղաքացիներն իրենց ամսական ծախսերի կեսը հատկացնում են սննդին, ապա «նման երկրի բնակչությունը համարվում է աղքատ»։

Նա ուշադրություն է հրավիրել գների աճի վրա՝ նշելով, որ սննդի, խմիչքի և ծխախոտի արտադրանքի վրա ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 1,5 միլիարդ մանաթով (880 միլիոն դոլար)։

Անդրադառնալով նման աճի հնարավոր պատճառներին՝ Ջաֆարլին ասել է, որ դա «գնաճի և գների բարձրացման ցուցանիշ է»։

Նա նաև համեմատել է դեղագործական և բժշկական ապրանքների վրա Ադրբեջանի բնակչության ծախսերը 2025-ի նույն ժամանակահատվածի տվյալների հետ՝ նշելով, որ «մանրածախ առևտրի ցանցի միջոցով՝ դեղատներում, վաճառվել է ավելի քան 1 միլիարդ մանաթի (600 միլիոն դոլար) ապրանք, իսկ վաճառքի ծավալն աճել է 23,8 տոկոսով»։

«Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունեցել։ Մարդիկ սկսել են ավելի հաճա՞խ հիվանդանալ։ Հնարավոր է, բայց դա հաստատող տվյալներ չկան։ Ավելի շուտ, դեղերի գներն են կտրուկ բարձրացել, ինչի հետևանքով քաղաքացիների բժշկական ծախսերը վերջին մեկ տարում աճել են մոտ 24 տոկոսով»,- ասել է Ջաֆարլին։

«Բնակչության իրական եկամուտները չեն աճում, ՀՆԱ-ի աճի տեմպերը ցածր են, հավելյալ արժեք ստեղծելու հարցում խնդիրներ ունենք, տնտեսական ակտիվությունը թույլ է, սակայն գների աճը շարունակում է զգալի մնալ»,- եզրափակել է Ջաֆարլին։

Թեև համեմատվող տվյալների հաշվետու ժամանակահատվածները լիովին չեն համընկնում, Ադրբեջանում սննդի ծախսերի մասնաբաժինը ընդհանուր ծախսերում զգալիորեն գերազանցում է Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները։

2024-ին Հայաստանում սննդի ծախսերը կազմել են ամսական միջին ծախսերի շուրջ 40 տոկոսը։ Վրաստանում, թեև 2025-ին սննդի ծախսերը նույնպես աճել են, դրանք կազմել են ամսական միջին ծախսերի շուրջ 38 տոկոսը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում