Գլխավոր Լրահոս

Բաքուն «Ադրբեջանի դեմ թշնամանքի» համար ռուսաստանցի երեք մեկնաբանի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ձախից աջ՝ Իվան Կնյազևը, Սեմյոն Ուրալովը և Ալեքսեյ Չադաևը

Ձախից աջ՝ Իվան Կնյազևը, Սեմյոն Ուրալովը և Ալեքսեյ Չադաևը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի երեք լրագրողների նկատմամբ Բաքվում իշխանությունը տապալելու կոչեր հնչեցնելու համար։ Նրանց հայտարարությունների պատճառով Ադրբեջանը նաև կանչել է Ռուսաստանի դեսպանին, իսկ ադրբեջանական մի շարք իշխանամետ լրատվամիջոցներ ծավալուն քննադատական նյութեր են հրապարակել ինչպես երեք լրագրողների, այնպես էլ Ռուսաստանի վարած քաղաքականության դեմ։

Նոր հակասությունը ծագել է, երբ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, կարծես, սկսել էին բարելավվել։ Հուլիսին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հարաբերությունները «լիովին կարգավորվել են»՝ գրեթե մեկ տարի տևած աննախադեպ լարվածությունից հետո։ Հարաբերությունների վատթարացման պատճառ էր դարձել 2024-ին Ռուսաստանի կողմից Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի սխալմամբ զենիթային հրթիռներով խոցումը, ինչի հետևանքով ինքնաթիռը կործանվել էր, իսկ 38 ուղևոր և անձնակազմի անդամ զոհվել էր։

Տե՛ս նաև՝ ՌԴ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են խոցված AZAL ինքնաթիռի փոխհատուցման շուրջ

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի երեք քաղաքացիների՝ Moscow 24 հեռուստաալիքի լրագրող Իվան Կնյազևի, մեդիա փորձագետ Սեմյոն Ուրալովի և լրագրող, Ռուսաստանի տրանսպորտի նախարարության խորհրդական Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Նրանց մեղադրում են «Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու և տարածքային ամբողջականությունը խաթարելու կոչերի, ինչպես նաև ազգամիջյան ատելություն և թշնամանք հրահրելու» մեջ։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ երեքն այդ հայտարարություններն արել են հուլիսի կեսերին Chistota Ponimaniya («Ըմբռնման հստակություն») յութուբյան հաղորդման ժամանակ, որն այլևս հասանելի չէ համացանցում։

Գլխավոր դատախազությունը նաև պնդել է, որ օգոստոսի 13-ին Chistota Ponimaniya-ի մեկ այլ թողարկման ընթացքում նրանք «բացահայտ ահաբեկչության կոչեր են հնչեցրել» և արտահայտել «Ադրբեջանի դեմ բռնի մեթոդների կիրառումը պաշտպանող տեսակետներ», այդ թվում՝ «ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքներ և կոնկրետ անձանց նպատակային վերացման կոչեր»։

«Քանի որ նշված անձինք գտնվում են Ադրբեջանի տարածքից դուրս, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ դատարանի որոշումներով որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ հայտնելու իր «լուրջ մտահոգությունն ու խիստ բողոքը» երեք լրագրողների «սադրիչ, վիրավորական և սպառնալից հայտարարությունների» կապակցությամբ։ ԱԳՆ-ն մատնանշել է Chistota Ponimaniya-ի հաղորդումը, ինչպես նաև ևս երկու եթեր՝ մեկը պետական Sputnik ռադիոյով, մյուսը՝ Spas հեռուստաալիքով, որոնց ընթացքում կոչ է արվել «Ադրբեջանի ղեկավարությանը ներառել Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում»։

Օգոստոսի 18-ի երեկոյան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավական պաշտպանություն տրամադրել երեք քաղաքացիներին։

Զախարովայի խոսքով՝ նրանց հայտարարությունները «չեն արտահայտում Ադրբեջանի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը»։

«Միևնույն ժամանակ չենք կարող չնկատել, որ Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մշտապես առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ»,- RBC-ի փոխանցմամբ ասել է Զախարովան։

Օգոստոսի 19-ին ռուսական անկախ The Moscow Times-ը հաղորդել է, որ Չադաևը հեռացել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության խորհրդականի պաշտոնից։

Ռուսաստանցի մեկնաբանները հակադարձում են

Երեքշաբթի՝ հրաժարականից մեկ օր առաջ, Չադաևը RBC-ին ասել է, որ «համաձայն չէ ազգամիջյան ատելություն հրահրելու մեղադրանքի հետ»։

«Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել ադրբեջանցի ժողովրդին և երբեք վատ բան չեմ ասել նրա մասին։ Իմ քաղաքական մեկնաբանությունները վերաբերում էին Ադրբեջանի ղեկավարության գործողություններին՝ թեմա, որը կարելի է քննարկել ցանկացած ձևաչափով, բայց ժողովուրդների միջև հակամարտություն հրահրելը հաստատ այն չէ, ինչ ես կանեի»,- ասել է նա։

Չադաևը ռուսական Reporters լրատվամիջոցին նաև հայտնել է, որ «Բաքվի հետ հակամարտության սրումից և միջազգային հետախուզման մեջ հայտնվելուց հետո սկսել է սպառնալիքներ ստանալ Ադրբեջանի քաղաքացիներից»։

Նա պնդել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից նման սպառնալիքներ ստացել է ուկրաինացիներից։

«Այժմ նրանց զգալի թվով միացել են նաև եղբայրական ադրբեջանցի ժողովրդի ներկայացուցիչները»,- ասել է նա։

Չադաևը հերքել է, որ Chistota Ponimaniya-ում բռնության ուղղակի կոչեր են հնչել։ Նրա խոսքով՝ հաղորդման մասնակիցները «քննարկել են Բաքվի գործողություններին Մոսկվայի հնարավոր պատասխանները, այդ թվում՝ ուժի կիրառումը, սակայն կոչ չեն արել իրականում դիմել նման միջոցների»։

«Մենք ոչնչի կոչ չենք արել։ Պարզապես քննարկում էինք տարբերակներ, թե կոնկրետ ինչպես կարելի է պատժել Ադրբեջանին մեր նկատմամբ ցուցաբերած ողջ լկտիության համար։ Դա սառը, ռացիոնալ քննարկում էր հնարավոր տարբերակների մասին՝ ցանկացած տարբերակի, այդ թվում՝ ուժի կիրառման»,- հայտարարել է նա։

Չադաևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել է մաֆիայի պարագլխի պես վարվելու մեջ և ասել, որ «նրա արձագանքը նման է Կրեմլին ազդակ ուղարկելու փորձի, թե այստեղ ինքն է որոշողը»։

Նրա խոսքով՝ «Բաքվի ինքնավստահությունը մեծացել է Հայաստանում Ռուսաստանի ազդեցության թուլացման և Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցնելու հետևանքով», և Ալիևը «կարող էր եզրակացնել, որ Հարավային Կովկասում Մոսկվայի հնարավորությունները զգալիորեն նվազել են»։

RBC-ի փոխանցմամբ՝ Ուրալովը հայտարարել է, որ Ադրբեջանը «հանրապետություն է, որտեղ կամայականությունն ու անօրինականությունը լայն տարածում ունեն»՝ հավելելով, որ Ալիևը «բացահայտ կիևամետ հայտարարություններ է անում, իսկ երկրի ղեկավարությունը Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում է որդեգրել»։

Ադրբեջանական իշխանամետ մեդիան քննադատության թիրախում է պահում ռուս փորձագետներին

Ադրբեջանական մի քանի հայտնի իշխանամետ լրատվամիջոցներ ծավալուն նյութեր են հրապարակել՝ մանրամասն վերլուծելով այն հաղորդումները, որոնցում հնչած հայտարարությունների հիման վրա Գլխավոր դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել։

Caliber-ը գրել է, որ փորձագետների այս հայտարարությունների պատճառը հուլիսին Շուշիի Գլոբալ մեդիա ֆորումում Ալիևի ելույթն էր։ Այնտեղ նա անդրադարձել էր Ռուսաստանի գաղութային անցյալին, ինչը, Caliber-ի ձևակերպմամբ, «Ռուսաստանում ոչ բոլորին էր դուր եկել»։

Լրատվամիջոցը մեջբերել է Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ հայտարարվածներից մեկին՝ հաղորդավար Իվան Կնյազևին, որը Ալիևի հայտարարություններն անվանել էր «Ռուսաստանի դեմ թշնամական գործողություններ» և Ռուսաստանի իշխանություններին կոչ արել «ճնշում գործադրել ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք Բաքվի գործողությունները դատապարտող հայտարարություններ անեն»։

Caliber-ը նաև գրել է, որ այդ առիթով «ամենահեռուն գնացել է» Չադաևը՝ պնդելով, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի «ադրբեջանցի ագրեսորների կողմից ապօրինի նվաճված պատմական հայկական հողերը», ինչպես նաև «տարածքներ վերադարձնի» Իրանին։

Նույն հաղորդման ընթացքում Չադաևը նաև կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի Կասպյան նավատորմը՝ Բաքվում «դեսանտային գործողություն» իրականացնելու համար։

Մեկ այլ իշխանամետ լրատվամիջոց՝ APA-ն, նշել է, որ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում Չադաևի աշխատանքը «ավելի է ծանրացնում հարցի լրջությունը»։

«Նա պարզապես լրագրող կամ քաղաքական մեկնաբան չէ։ 2026-ի հունվարից նա Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի խորհրդականն է։ Մինչ այդ նա Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խորհրդականն էր»,- գրել է APA-ն։

APA-ն հայտարարել է, որ Ռուսաստանի երեք քաղաքացիների խոսքերը «ցույց են տալիս, որ Ռուսաստանը դեռ չի հրաժարվել իր «հին խաղերից» և ավանդական, հնացած սցենարներից»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում