Գլխավոր Լրահոս

«Խմելու ջուր պահանջելու համար» Ադրբեջանում բանտարկված լրագրողին և քաղաքական գործչին տեղափոխվել են մենախուց

Ալի Զեյնալը և Ռուսլան Իզզաթլին

Ալի Զեյնալը և Ռուսլան Իզզաթլին

Լուսանկարը՝ սոցիալական ցանցերից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Խմելու ջուր պահանջելու համար OC-Media-ի բանտարկված հեղինակ Ալի Զեյնալը և քաղաքական գործօչ Ռուսլան Իզզաթալին Ումբակիի խիստ ռեժիմի բանտում տեղափոխվել են մենախուց։ 

Իզզաթլիի կինը՝ Գյունել Մանաֆլին, հղում անելով Զեյնալին, հայտնել է, որ երկուսին էլ օգոստոսի 19-ին տեղափոխել են մենախուց։

Երկուսն էլ ձերբակալվել են անկախ Toplum TV լրատվամիջոցի դեմ քրեական գործի շրջանակում։ Հուլիսին Իզզաթլին փողերի մաքսանենգության մեղադրանքով դատապարտվել է 15 տարվա, իսկ Զեյնալը՝ 14 տարվա ազատազրկման։ Երկուսն էլ պնդում են, որ անմեղ են, իսկ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։

Մանաֆլին OC Media-ին հայտնել է, որ ամառվա շոգ օրերին բանտում խմելու ջրի պակաս է լինում․

«Իզզաթլիին այնտեղ տեղափոխեցին օգոստոսի 1-ին։ Դրանից հետո մեր յուրաքանչյուր զրույցում նա հիշատակում էր խմելու ջրի խնդիրը․ ջուրը լինում էր ընդամենը մի քանի ժամ կամ երբեմն չէր լինում։ Մի խոսքով՝ բողոքները շարունակական էին»։

Նրա խոսքով՝ Իզզաթլին բազմիցս դիմել է բանտի վարչակազմին՝ խնդիրը լուծելու պահանջով։

«Երբ անսարքությունները վերացնում էին, մեկ-երկու օր իրավիճակը լավանում էր, բայց հետո խմելու ջրի խնդիրը կրկին առաջանում էր»,- ասել է Մանաֆլին։

Ավելի ուշ Մանաֆլին OC Media-ին հայտնեց, որ Իզզաթլին յոթ օրով տեղափոխվել է մենախուց։

«Բացի այդ, նա ոչինչ չի ուտում։ Նա լեղապարկի խնդիրներ ունի և հատուկ սննդակարգի կարիք ունի, բայց այնտեղ նման սնունդ ստանալ հնարավոր չէ։ Այս ընթացքում նա փաստացի սոված է մնալու։ Նույնիսկ ծխախոտ չեն տալու»,- ասել է նա։

Մանաֆլիի խոսքով՝ Զեյնալը նույնպես յոթ օրով տեղափոխվել է մենախուց։

Ադրբեջանի բանտերում լուսավորության և խմելու ջրի հետ կապված խնդիրների մասին նախկինում ևս բարձրաձայնել են բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն և ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության կալանավորված նախագահ Ալի Քերիմլին։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչին թույլ չեն տվել մասնակցել հոր հուղարկավորությանը

Հուլիսի վերջին Յագուբլուի դուստրը՝ Նիգար Հազին, հայտարարել էր, որ թիվ 17 բանտում մեկ շաբաթ շարունակ էլեկտրականություն և ջուր չի եղել։

«Այս հիմնարկում գրեթե ընդհանրապես էլեկտրականություն չկա․ հոսանքը միացնում են օրական ընդամենը մեկ-երկու ժամով։ Պատկերացրեք ամառային այրող շոգը և էլեկտրականության բացակայությունը՝ սառնարանները չեն աշխատում, իսկ բանտարկյալները ո՛չ սառը ջուր ունեն, ո՛չ լվացվելու հնարավորություն»,- գրել է Հազին։

Նա ընդգծել է, որ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում «սնունդն անխուսափելիորեն փչանում է և ստիպված են այն դեն նետել»։

«Կարծես էլեկտրականության բացակայությունը քիչ էր, հոսող ջուր էլ չկա։ Հասկանում եք՝ մարդկանց այստեղ պահում են ուղղակի համակենտրոնացման ճամբարի պայմաններում»,- ասել է նա։

Օգոստոսի սկզբին Ժողովրդական ճակատ կուսակցությունը հայտնել էր, որ Պետական անվտանգության ծառայության մեկուսարանի աշխատակիցները Քերիմլիի ընտանիքին թույլ չեն տվել նրան խմելու ջուր փոխանցել։

Կուսակցության պնդմամբ՝ օգոստոսի 6-ին դատական նիստի ժամանակ Քերիմլին ուժեղ ջրազրկման հետևանքով կորցրել է գիտակցությունը։

«Նրա խցի ծորակի ջուրը խմելու համար պիտանի չէ։ Բացի այդ, նրա խցում էլեկտրականությունն անջատված է»,- ասվում է կուսակցության հայտարարությունում։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում