Զորամասերից մեկում զինծառայողի դի է հայտնաբերվել․ՊՆ

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:
Սա վերջին տասը օրվա ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է։ Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։
Օգոստոսի 19-ին Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։










