Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պաշտպանական համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պաշտպանական համագործակցության ծրագիր են ստորագրել

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027-ի ծրագիրը և պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցությունը նոր ոլորտներում զարգացնելու վերաբերյալ,հայտնում են պաշտպանության նախարարությունից։

Ծրագիրը ստորագրվել է նոյեմբերի 4-ին Լոնդոնում կայացած երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների արդյունքում։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության հարցերով տնօրեն Քրիս Քինը։

ՊՆ հաղորդմամբ՝ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը, ինչպես նաև պաշտպանական համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։

«Երկուստեք արձանագրվել են մի շարք նոր ոլորտներում առկա համագործակցային մեծ ներուժը և այն կյանքի կոչելու պատրաստակամությունը, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում։

ՊՆ-ն չի մանրամասնել, թե կոնկրետ որ նոր ոլորտներում են ձեռք բերվել պայմանավորվածությունները, և ինչ միջոցառումներ է նախատեսում ստորագրված ծրագիրը։

Կողմերը պայմանավորվել են հաջորդ պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան պաշտպանական համագործակցության նախորդ՝ 2025-2026-ի ծրագիրը ստորագրել էին 2025-ի մայիսի 29-ին Երևանում կայացած խորհրդակցությունների ընթացքում։ Այն ստորագրել էին նույն պաշտոնյաները՝ Լևոն Այվազյանը և Քրիս Քինը։

Այդ խորհրդակցություններին Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը բրիտանական պատվիրակությանը ներկայացրել էր հայկական բանակի կերպափոխման գործընթացը և առաջնահերթությունները։ Կողմերը քննարկել էին նախորդ պայմանավորվածությունների կատարումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

2025-ի օգոստոսի 26-ին Երևանում կայացած հայ-բրիտանական ռազմավարական երկխոսության երկրորդ փուլում կողմերը համաձայնել էին երկկողմ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քննարկվել էին անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը, ռազմական կցորդների փոխանակումը, ինչպես նաև կիբեռանվտանգության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությունը։

2026-ի մայիսի 5-ին Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը հրապարակել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը։ Դրանով կողմերը վերահաստատել են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու մտադրությունը՝ ներառյալ պաշտպանական բարեփոխումները, սահմանային անվտանգությունը, կիբեռդիմակայունությունը և հիբրիդային սպառնալիքների հակազդումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում