Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիան կպարզեցնի Ախալգորիի վրացի բնակիչների մուտքի կանոնները

Հարավային Օսիայի և Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև վարչական սահմանագծի մի հատված

Հարավային Օսիայի և Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի միջև վարչական սահմանագծի մի հատված

Լուսանկարը՝ Դոմինիկ Չագարայի/OC Media։

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայի իշխանությունները հայտարարել են Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքի հետ երկու անցակետերի աշխատանքային ժամերը երկարացնելու և Ախալգորիի (Լենինգորի) ու Ջավայի (Ձաու) շրջանների որոշ բնակավայրերի բնակիչների մերձավոր ազգականների մուտքի կարգը պարզեցնելու ծրագրերի մասին։

Առաջարկվող փոփոխությունները վերջին տարիներին Ախալգորիի էթնիկ վրացի բնակիչների տեղաշարժի նկատմամբ կիրառվող սահմանափակումների ամենաէական մեղմացումը կլինեն։ Փոփոխությունները նախատեսվում են սեպտեմբերի 18-ին նշանակված նախագահական ընտրություններից առաջ։

Սահմանափակումները սահմանվել էին 2019-ի վեճից հետո, երբ Վրաստանի իշխանությունները ոստիկանական անցակետ էին տեղադրել վրացական վերահսկողության տակ գտնվող Չորչանա գյուղի մոտ՝ Չորչանայի և Հարավային Օսիայի վերահսկողության տակ գտնվող Ցնելիսի (Ուիստա) գյուղի միջև գտնվող անտառապատ բուֆերային գոտում։ Հարավային Օսիայի իշխանությունները պահանջել էին հեռացնել անցակետը, իսկ ավելի ուշ հայտարարել Ցնելիսիում սեփական անցակետ ստեղծելու մտադրության մասին։

Ալան Գագլոևի պաշտոնաթողությունից հետո նախագահի պաշտոնակատար նշանակված Մարատ Կամբոլովը փոփոխությունների մասին հայտնել է իր Telegram ալիքում՝ Անվտանգության խորհրդի նիստից հետո։ Նրա խոսքով՝ բնակիչները հանդիպումների ընթացքում բազմիցս բարձրացրել են անցումների հետ կապված դժվարությունների հարցը։

Մինչ այժմ բնակիչները սահմանը կարող էին հատել միայն յուրաքանչյուր ամսվա 20-ից 30-ը։

Առաջարկվող նոր ժամանակացույցով Ռազդախանի (Օձիսի) անցակետը կգործի շաբաթական չորս օր՝ հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի՝ ժամը 08։00-ից 18։00-ը։

Պերևիի (Պերեու) անցակետը կգործի շաբաթական երեք օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ՝ նույնպես ժամը 08։00-ից 18։00-ը։

Կամբոլովը նաև հայտնել է, որ Ախալգորիի և Ջավայի շրջանների որոշ բնակավայրերի բնակիչների մերձավոր ազգականների համար կպարզեցվեն «մուտքի և ժամանակավոր գտնվելու կանոնները»։

Նրա խոսքով՝ նոր կարգը ուժի մեջ կմտնի, երբ կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը։

«Սահմանային անցումների հարցը բազմիցս բարձրացվել է Լենինգորիի և Ձաուի շրջանների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է Կամբոլովը։ Նա հավելել է, որ խնդրանքները կապված են «կյանքի կոնկրետ իրավիճակների» հետ՝ ծնողներին, երեխաներին և այլ հարազատներին այցելելու, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային հարցեր լուծելու անհրաժեշտության։

Տե՛ս նաև՝ Հյուսիսային Օսիայի ներկայացուցիչ Մարատ Կամբոլովը նշանակվել է Հարավային Օսիայի վարչապետ

Կամբոլովը հայտնել է, որ Պետական անվտանգության կոմիտեին և Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է համապատասխան միջոցներ մշակել՝ միաժամանակ ընդգծելով, որ անվտանգության պահանջները շարունակելու են առաջնահերթ մնալ։

«Մարդիկ պետք է կարողանան առանց ավելորդ դժվարությունների այցելել իրենց հարազատներին և միաժամանակ իրենց պաշտպանված զգալ»,- ասել է նա։

«Ճանապարհի բացման հարցը թերևս միակ հարցն էր, որի պատճառով Ցխինվալիի ղեկավարությունը դժկամությամբ էր մեզ հետ հանդիպում, որովհետև հիմնական խնդիրը միշտ ճանապարհն էր»,- OC Media-ին ասել է Ախալգորիից լրագրող Թամարա Մեարաքիշվիլին։ «Իմ բոլոր ելույթները, նույնիսկ Ցխինվալիի հանրային հարթակներում, հենց սրա մասին էին։ Մի խոսքով՝ մարդիկ բացատրում էին, որ անցնելով ոչ մի վատ բան չենք անում, պարզապես մեր ընտանիքներին ենք այցելում, և [Կամբոլովը] լսեց»։

Մեարաքիշվիլին էթնիկ վրացի ակտիվիստ և լրագրող է, որը նախկինում Ախալգորիում ձերբակալվել էր լրտեսության մեղադրանքով։ 2025-ի դեկտեմբերի վերջին նրան ազատ էին արձակել Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք։

Հակամարտությունների վերլուծաբան Զուրաբ Բենդիանիշվիլին այս քայլը բնութագրել է որպես բարի կամքի դրսևորում՝ ուղղված իրավիճակը բարելավելուն և ավելի դրական տեղեկատվական միջավայր ստեղծելուն։

Նա նաև ենթադրել է, որ դրան կարող են հաջորդել այլ քայլեր, այդ թվում՝ Չորչանայի մոտ վրացական ոստիկանական անցակետի հեռացումը։

Չորչանայի անցակետի շուրջ վեճից հետո Հարավային Օսիայի իշխանությունները փակել էին Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք տանող անցումները, ինչի հետևանքով հիմնականում էթնիկ վրացիներով բնակեցված Ախալգորիի շրջանի շատ բնակիչներ չէին կարողանում այցելել հարազատներին, բժշկական օգնություն ստանալ կամ կենսաթոշակներ ստանալ։ Հարավային Օսիայի իշխանությունները անցակետերի վերաբացումը բազմիցս կապել են Չորչանայի անցակետի հեռացման հետ։ «Վրացական երազանքը» նաև հետաքննություն է վարում նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ՝ Չորչանայի անցակետի պատճառով՝ մեղադրելով նրան այն միանձնյա ստեղծելու մեջ։

«Հնարավոր է, որ հաջորդ քայլը վրացական կողմի կողմից Չորչանայի անցակետի վերացումն է, և դա արդեն կարտացոլվի նախատեսվող ընտրությունների արդյունքներում»,- OC Media-ին ասել է Բենդիանիշվիլին։

Նրա խոսքով՝ Կամբոլովը կարող է այս քայլից քաղաքական շահույթ ստանալ, ինչը հնարավոր է ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Բենդիանիշվիլին նաև ենթադրել է, որ հետագայում կարող է վերաբացվել Հարավային Օսիան և Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը Էրգնետիով կապող հիմնական ճանապարհը։

Կամբոլովը Հյուսիսային Օսիայից ռուսաստանցի պաշտոնյա է, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել մի շարք դաշնային կառույցներում։ Տարիների ընթացքում նա աշխատել է Ազգությունների և դաշնային հարաբերությունների նախարարությունում, ինչպես նաև Գիտության և նորարարությունների դաշնային գործակալությունում։ 2021-2025-ին նա ղեկավարել է Ազգային հետազոտական կենտրոնը, որը հայտնի է նաև որպես Կուրչատովի ինստիտուտ։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում